Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Երբ պետությունը սկսում է քաղաքական հակառակորդներին ընկալել որպես թշնամի, իսկ քննադատությունը՝ որպես սպառնալիք, մենք գործ ունենք ժողովրդավարության աստիճանական քայքայման հետ. Վարդանյան

Նոյեմբեր 03,2026 17:23 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կալանավորված Հայաստան» խորագիրն այնպես չենք ընտրել։ Այն բնութագրում է մեր երկրում ստեղծված քաղաքական ու իրավական իրականությունը։ Երբ մտածում ենք կալանավորված Հայաստանի մասին, առաջին հերթին պատկերացնում ենք այն մարդկանց, որոնք այսօր զրկված են ազատությունից։ Բայց խնդիրն ավելի խորն է։ Այսօր կալանավորված է ոչ միայն կոնկրետ մարդը, ոչ միայն հոգևորականը, քաղաքական կամ հասարակական գործիչը, այլև հասարակական ազատությունը, այլակարծության իրավունքը, քաղաքական մրցակցության բնականոն ընթացքը։ Կալանավորված է արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ անձին կալանավորելը դարձել է սովորական երևույթ, իսկ ազատությունից զրկելը՝ իշխանության համար հարմար գործիք։

«Կալանքը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ միջոց է։ Այն չի կարող լինել պատիժ, չի կարող կիրառվել քաղաքական հակառակորդին մեկուսացնելու կամ հասարակությանը վախեցնելու նպատակով։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը»։

Ըստ Վարդանյանի՝ երբ քրեական հետապնդումները համընկնում են քաղաքական գործընթացների, ընտրությունների կամ իշխանության համար զգայուն իրադարձությունների հետ, հասարակությունն իրավունք ունի կասկածի տակ դնելու իրավապահ համակարգի անաչառությունը։

Վարդանյանը նկատեց, որ վաղը քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Նա հիշեցրեց, որ այս տարվա հուլիսին նրա տանը և նրա հետ փոխկապակցված մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվել, սեպտեմբերին նա կալանավորվել է, կալանքը երկարաձգվել է, նախաքննությունն ավարտվել է, և գործը մտել է դատարան։

«Արդյո՞ք նման ծավալի գործողություններն ու երկարատև կալանքի անհրաժեշտությունը հիմնավորված են։ Իհարկե՝ ոչ։ Սա միայն Գագիկ Ծառուկյանի գործով չէ։ Եթե անդրադառնանք տարբեր քաղբանտարկյալների գործերին, ապա կտեսնենք, որ կալանքը կամ դրան հաջորդած տնային կալանքը որևէ կերպ չեն փարատում հիմնավորվածության վերաբերյալ կասկածները։

Կալանավորված Հայաստանը միայն ընդդիմության խնդիրը չէ։ Երբ պետությունը սկսում է քաղաքական հակառակորդներին ընկալել որպես թշնամի, իսկ քննադատությունը՝ որպես սպառնալիք, մենք գործ ունենք ժողովրդավարության աստիճանական քայքայման հետ»

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30