Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ «ԹԱՍԻԲԻ Է ԳՑԵԼ» ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ

Հունվար 18,2001 00:00

Մայորը անհնարին է համարել զինված ԱԺ մտնելը եւ Վազգեն Սարգսյանին ու մյուսներին սպանելը

Նոյեմբերի 30-ին զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանի ստորագրած 245 էջանոց մեղադրական եզրակացությունից ակնհայտ է դառնում, որ վճռաբեկ դատարանի 110 տեղանոց դահլիճը խիստ փոքր է հոկտեմբերի 27-ի գործի դատաքննության համար։

Եթե տուժողների 8 իրավահաջորդները եւ նրանց բազմաթիվ փաստաբանները, 91 տուժողները միայն մասնակցեն դատական նիստերին՝ ակնհայտորեն տեղ չի մնա անգամ այն լրագրողների համար, որոնք կցանկանան լուսաբանել այս դատավարությունը։ Դատակոչի ենթակա անձանց շարքում են նաեւ 129 վկաներ։ Կարեւորվել է անգամ Երհացառի թիվ 49 խանութի վաճառող Անիչկա Գրիգորյանի ցուցմունքը, որը հոկտեմբերի 27-ին 1 շիշ օղի եւ 6 հատ խաչապուրի է վաճառել Կարեն Հունանյանին եւ Էդուարդ Գրիգորյանին։

Մինչդեռ ո՛չ Նաիրի Հունանյանի հետ երես առ երես բանակցություններ վարած Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը վկա չեն։ Եվ սա այն պայմաններում, երբ մանավանդ ժամանակի ԱԱ նախարարի պարզաբանմանը կարոտ հարցերը խիստ շատ են։

Նշենք, որ վկաներից 5-ը ԱԱՆ աշխատակիցներ են՝ օպեր-լիազորներ, «Ա» վարչության 2 սպաներ։ Իսկ 5-րդի՝ ԱԱՆ կառավարական կապի եւ տեղեկատվության վարչության աշխատակից մայոր Մելքոն Եսայանին հարկ է առանձին անդրադառնալ։

Շուրջ 8 ամիս շարունակ Նաիրի Հունանյանը ինտենսիվ զբաղվել է ահաբեկչության նախապատրաստմամբ՝ փորձել զենքեր հայթայթել, համախոհներ գտնել եւ իր պլանները հայտնել է պատեհ-անպատեհ առիթներով՝ նույնիսկ իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այսպես, հոկտեմբերի 8-ին, Էդուարդ Գրիգորյանի ծննդյան օրը վերջինիս կնոջ քրոջ ամուսին Մելքոն Եսայանի ներկայությամբ «Նաիրի Հունանյանը բացահայտորեն հայտնել է իր պլանների եւ ԱԺ-ն գրավելու հնարավորությունների մասին»։ Այն է՝ հիմնավորել է Վազգեն Սարգսյանի եւ մյուսների սպանության եւ հեղաշրջման անհրաժեշտությունը, «զինված ԱԺ մուտք գործելու եւ նախատեսված սպանությունները կատարելու իր մտադրություններն ու դրանց ի կատար ածման պրակտիկ հնարավորությունը»։

Նաիրի Հունանյանն ու Մելքոն Եսայանը բանավիճել են, որ դա անհնարին է՝ «սակայն նա շարունակել է պնդել, որ իրագործելի է»։ ԱԱՆ մայորն արդարանալով՝ ցուցմունքներում նշել է, թե «Նաիրի Հունանյանն իր վրա թողել էր այնպիսի մարդու տպավորություն, որը պատրաստ է օդից դղյակներ կառուցել, բայց ոչ որեւէ ռեալ քայլ անել»։

Նաեւ նշել է, թե Նաիրի Հունանյանի ասածներին առանձնակի ուշադրություն չի դարձրել, դրանք ընդունել է որպես զառանցանք, այդ իսկ պատճառով էլ այդ մասին տեղյակ չի պահել։ Եվ հերքել է Էդուարդ Գրիգորյանի հայտարարությունը, թե Մելքոն Եսայանն իրեն հավաստիացրել էր, որ Հունանյանը որեւէ արդյունքի չի հասնի՝ «քանզի նրա մտահղացումների մասին արդեն տեղյակ են ԱԱՆ-ում»։

Եվ, վերջապես, մեղադրական եզրակացությունում մեջբերված է նաեւ ԱԱՆ հատուկ ջոկատի անդամ Ղազար Սարգսյանի ցուցմունքը, որը 1999-ի ընթացքում մի քանի անգամ հանդիպել էր Նաիրի եւ Կարեն Հունանյանների եւ Էդիկ Գրիգորյանի հետ։ Նաիրի Հունանյանը նրան եւս ասել էր, որ երկրի ղեկավարներին «մորթել է պետք» եւ, որ ինքը կռված տղաներից միություն է ստեղծում՝ առաջարկելով իրեն եւս մտնել այդ միության մեջ։

Խիստ հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանն ինչպե՞ս էր հաջողել նման «արհեստավարժ» աշխատակիցներով համալրել իր նախարարությունը։

1997-ին Եվպատորիայից վերադառնալիս Նաիրի Հունանյանը հայտարարել էր, թե 2-3 տարի հետո դառնալու է ՀՀ նախագահ։ Այդ վստահությունն առավել է ամրապնդվել Թուրքիա այցելությունից հետո, որտեղ, ըստ Նաիրի Հունանյանի ցուցմունքի՝ թուրքական կողմը եզրակացրել է՝ «ինքն ավելի քան քաղաքական գործիչ է եւ ոչ լրագրող եւ, որ նրանք մի օր կլսեն, որ նա դարձել է Հայաստանի գլխավոր ղեկավարներից մեկը»։

Այս մեղադրական եզրակացության մեջ նաեւ հաստատված է. «Սկզբնական շրջանում եղել են ագրեսիվ, ինքնավստահ եւ ակնհայտ, անթաքույց սպասել են օգնող ուժերի, որը չստանալուց հետո միայն հետզհետե նրանց մոտ նկատվել է անկումային տրամադրություն»։

Հատկանշական է նաեւ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հետ Թուրքիա այցելած Հովակիմ Հովակիմյանի ցուցմունքը Նաիրիի մասին. «Դյուրագրգիռ անձնավորություն լինելով՝ միաժամանակ շատ վախկոտ էր, եւ եթե համոզված չլիներ մի բանում՝ չէր գնա նման քայլի. առավել եւս՝ դրա մեջ չէր ներքաշի եղբորը»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031