Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԼՐԱԳՐՈՂԻ ՄՈՐԸ ԻՐՈՔ ՍՊԱՆԵԼ ԵՆ»

Մարտ 24,2001 00:00
Koch

Լրագրող Վահրամ Աղաջանյանի մոր բժիշկ Նինա Գասպարյանը տարածել է մի հայտարարություն, որում ասված է. «Ես՝ Նինա Հովհաննեսի Գասպարյանս, տեղեկացնում եմ, որ 1928թ. ծնված Ռոզա Ենոքի Ավետիսյանը 1999թ. օգոստոսից բուժման կուրս էր անցնում ստենոկարդիա եւ հիպերտոնիա ախտորոշմամբ։ Հիվանդը գտնվում էր իմ մշտական հսկողության տակ, ապաքինվում էր եւ պատրաստվում էր աշխատանքի դուրս գալ։

Սակայն 2000թ. մարտի 28-ին Ավետիսյանի բնակարան են ներխուժել ԼՂՀ ՆԳՆ աշխատակիցները, որոնք, խուզարկություն անցկացնելուց հետո, ձերբակալել էին նրա որդուն՝ Վահրամ Աղաջանյանին։ Հիվանդի վիճակը կտրուկ վատթարացել էր։ Շնչերակային ճնշումը հասել էր կրիտիկական կետի։ Օրական մի քանի անգամ «շտապօգնության» մեքենա էինք կանչում։ Սրտաբանի հետ հազիվ կարողացանք նորմալացնել ճնշումը։ Ապրիլի 12-ին, երբ որդուն դատապարտեցին 1 տարվա ազատազրկման, Ռոզա Ավետիսյանի վիճակը դարձյալ վատացավ։ Իսկ ապրիլի 27-ին, Գերագույն դատարանի որոշումից հետո, այն արդեն լուրջ տագնապ էր առաջացնում։ Ցանկացած սթրես, էմոցիոնալ ցանկացած ցնցում՝ դրական թե բացասական, կարող էր ողբերգությամբ ավարտվել։ Այդպես էլ պատահեց։

Ռոզա Ավետիսյանը իսկական մտավորական էր, մեծ հարգանք էր վայելում հասարակությունում եւ չէր կարող հաշտվել իր ընտանիքի քրեական հետապնդումների մտքին։ Մեր բոլոր փորձերը՝ բարելավել նրա վիճակը, ապարդյուն անցան. 2000թ. մայիսի 13-ին նա վախճանվեց։ Ամենաողբերգականն այն է, որ Ռ. Ավետիսյանը գրեթե ապաքինվել էր, սակայն խանգարեցին հայտնի իրադարձությունները։

Ինչպես եւ ծանոթ ստեփանակերտցիներից շատերը, գտնում եմ, որ տեղի է ունեցել անմեղ, ընդ որում՝ հիվանդ մարդու սպանություն։ Նման հիվանդությամբ ապրում են երկար տարիներ ու եթե չլինեին իշխանությունների ճնշումները, ողբերգությունը տեղի չէր ունենա։ Կարծիքս չեմ վախենում արտահայտել, պատրաստ եմ հաստատել այն դատական ցանկացած ատյանում»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել