Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահը ապատեղեկացնում է

Մարտ 24,2001 00:00
Vahram Aghajanyan

«Գոլոս Արմենիի» մարտի 22-ի համարում Արկադի Ղուկասյանը, պատասխանելով ընթերցողների հարցերին, նշել է, թե լրագրող Վահրամ Աղաջանյանը խոստովանել է իր մեղքը՝ չստուգված տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ եւ պատրաստ է հերքում տալ։

Արկադի Ղուկասյանը նաեւ տեղեկացրեց, թե օրերս ստացել է Աղաջանյանի հոր նամակը («Առավոտ», մարտ), որն իր սպանված կնոջ 167 ազգակիցների անունից պահանջում է վերանայել լրագրողի խայտառակ դատավճիռը եւ պատժել ԼՂՀ բարձրաստիճան մարդասպաններին։ ԼՂՀ նախագահը տեղեկացրեց, թե ինքը իրավասու չէ փոխարինել դատական մարմիններին, սակայն ակնարկել է, թե կարող է ներում շնորհել լրագրողին, եթե վերջինս դիմի իրեն նման խնդրանքով։

Այս կապակցությամբ Վահրամ Աղաջանյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արկադի Ղուկասյանի տեղեկությունը, թե ես իբր խոստովանել եմ մեղքս եւ պատրաստ եմ հերքում տալ՝ բացահայտ ստախոսություն է։ Ո՞ր մեղքս ես պետք է խոստովանեի, եթե հոդվածիս յուրաքանչյուր տող ապացուցված է թե՛ պահպանված ձայնագրությամբ, թե՛ 50-ից ավելի վկայություններով, թե՛ վերաբնակիչների մասին ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Նախկին լրագրող Ա. Ղուկասյանին պետք է հայտնի լինի, որ հերքումը տալիս է ոչ թե լրագրողը, այլ իրեն «տուժող» համարող գերատեսչության մամուլի ծառայությունը, տվյալ դեպքում՝ ԼՂՀ կառավարության խոսնակը։ Իմ հոդվածի վերաբերյալ մինչեւ օրս հերքում չի եղել։ Ինչ վերաբերում է ինձ ներում շնորհելու պատրաստակամությանը, ապա երջանիկ եմ հավաստիացնելու Ղուկասյանին, որ ներում ստանալու դեպքում դատի եմ տալու անձամբ իրեն։ Թող նա ներում շնորհի իր «իրավապահ» կոչվող մարդասպաններին, որոնք կազմակերպել են մորս սպանությունը»։ Վահրամ Աղաջանյանը նաեւ նշեց, որ ԼՂՀ նախագահը միշտ էլ փոխարինում է ԼՂՀ դատական մարմիններին։ «Համենայնդեպս, 2000թ. ապրիլի 17-ին հայաստանյան մի շարք հեռուստաալիքներով նա նշեց, թե անձամբ կարգադրել է ԼՂՀ գերագույն դատարանին վերանայել Վ. Աղաջանյանի դատավճիռը։ Տեսագրությունը պահպանում եմ։ Դրանով Ղուկասյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իմ եւ ընտանիքիս նկատմամբ հալածանքները կազմակերպել է ինքը»։

Լրագրողը ասաց, որ իր ընտանիքը սպասում է նախագահի գրավոր պատասխանին, ինչը նախատեսված է օրենքով։ Բացասական պատասխանի դեպքում սպանված մոր 167 ազգակիցներ դատի են տալու Արկադի Ղուկասյանին՝ որպես մարդասպանների հովանավորի։ Հիշեցնենք, որ Վահրամն ու նրա հայրը ՀՀ քաղաքացիներ են։

«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031