Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության

Ապրիլ 04,2001 00:00 Share

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ Է Կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը շեշտեց, թե գործող իշխանության մաս կազմող ՀՀԿ-ն շեղվել է «Միասնություն» դաշինքի դեռ 99 թվականին հռչակած հիմնարար սկզբունքներից, ինչը պետք է որակել՝ որպես խորհրդարանական ընտրությունների արդյունքների փաստացի վերանայում։ Արձանագրելով, որ՝ «երկրի զարգացման հեռանկարի շուրջ միանգամայն տարբեր են իշխանությունների եւ հասարակության գերակշիռ մասի տրամադրությունները», պարոն Բազեյանը կարծիք հայտնեց, որ իշխանություն-հասարակություն անջրպետը վտանգավոր չափերի հասավ հատկապես հոկտեմբերի 27-ից հետո։ Ըստ նրա, «Հանրապետություն» կուսակցությունը հավակնում է իրագործել Վազգեն Սարգսյանի՝ «27»-ի ոճրագործությամբ եւ դրանցից ածանցվող իրավիճակով ընդհատված այն ծրագրերը, որոնց ժողովուրդը վստահության քվե էր տվել։ Մինչդեռ՝ «Իշխանությունները զրկվել են վստահության ռեսուրսից եւ այդ փաստն առաջին հերթին պետք է մտահոգի հենց իշխանություններին»,- նկատեց Ա.Բազեյանը։ Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ շրջանառվող այն խոսակցություններին, թե վերջինս «իբր կառուցողական ընդդիմություն է եւ իշխանությունների հետ համակեցության որոշակի կանոններ է մշակել», պարոն Բազեյանն ասաց. «Բացարձակապես սուբյեկտիվ կարծիք է. մենք տարբեր իշխանավորների հետ հարաբերվում ենք այնքանով՝ որքանով, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք»։ Հրապարակելով, ըստ էության՝ պահպանողական «Հանրապետություն» կուսակցության հիմնական նպատակները, պարոն Բազեյանն ընդգծեց դրանցից առավել կարեւորները՝ Հայաստան պետության ամրապնդում եւ հզորացում, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովում, պետականության եւ ազգային խնդիրների շուրջ հայ ժողովրդի համախմբում։ Նա նշեց նաեւ այն անհրաժեշտ քայլերը, որոնք, ըստ կուսակցության, կարող են իրագործելի դարձնել նշված նպատակները, որոնք, թերեւս, նույնն են բոլոր կուսակցությունների համար։ Նույնն են նաեւ այդ նպատակներին հասնելու ճանապարհները՝ ժողովրդի ազատ կամքի ձեւավորման ու արտահայտման ապահովում, ժողովրդավարության հաստատում, քաղաքացիական հասարակության ստեղծում, օրենքի գերակայության ապահովում, իրավական պետության կայացում։ Ի տարբերություն իրենց ազատական համարող մյուս կուսակցությունների գերակշիռ մասի, «Հանրապետությունը» երկրի տնտեսական գործընթացներում հատկապես կարեւորում է պետության կարգավորիչ դերի բարձրացումը։ Կուսակցության, համենայն դեպս, նախաձեռնող խմբի, անդամների գերակշիռ մասը մինչեւ վերջերս գործադիր իշխանության ներկայացուցիչ էր։ Հենց այդ նկատի ունենալով՝ Ա.Բազեյանը հավաստիացրեց. «Մեր փորձերը՝ իշխանության մեջ լինելով, այնուամենայնիվ, տարանջատ ձեւով աշխատել ազնիվ եւ արդար, իրականացնել ժողովրդի հավանությանն արժանացած ծրագրերը, չհաջողվեց։ Ուստի, այսօր մենք խնդիր ենք հետապնդում ստեղծել մի քաղաքական կառույց, որն ի վիճակի կլինի դրանք իրագործել»։ Պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով «27»-ի դատավարությանը, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասաց. «Մենք դեռ հույս ունենք, որ դատական պրոցեսի ընթացքում հնարավոր է հասնել ճշմարտության։ Եթե դա չիրագործվի, մեզ մնում է դրան հասնել քաղաքական ճանապարհով, եւ այդ իրավունքը մենք մեզ վերապահում ենք»։ Լրացնելով վերջինիս՝ Ա.Բազեյանը մասնավորեցրեց. «Եթե իրավական ճանապարհով եւ դատավարության արդյունքում հնարավոր չլինի գործն ամբողջապես բացահայտել, ապա մենք կարող ենք ենթադրել, որ գործի բացահայտումը պետք է պայմանավորված լինի քաղաքական իրավիճակի փոփոխությամբ եւ այս անգամ աշխատանք կտանենք այդ ուղղությամբ։ Հանցագործությունը կատարվել է այս իշխանությունների օրոք, եւ նրանք դրա համար պատասխանատվություն են կրում։ Եթե այն չբացահայտվի, նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել ոչ միայն պետական մարմինների, այլեւ՝ հայ ժողովրդի անվտանգությունը»։ Անդրադառնալով քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի հետ հնարավոր համագործակցությանը՝ Ա.Բազեյանը հայտարարեց. «Համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ՝ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծման շուրջ. «27»-ի ամբողջական բացահայտում, ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորում եւ հայանպաստ լուծում, ժողովրդավարության հաստատում, իրավական պետության կայացում»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել