
«ԱՌԱՋ ԳՆԱԼԸ ՇԱՏ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է» Խորհրդարանի ներսում եւ նրանից դուրս կրկին իրադրությունը լարվում է։ Պատճառը կրկին «Միասնություն» դաշինքն է։ Առիթը՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացը։ Ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի ամուսնությունը երջանիկ չէր կարող լինել։ Առաջնորդների ողբերգական մահվանից հետո դաշինքը դե ֆակտո այլեւս գոյություն չուներ։ Բայց ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀԺԿ-ն առայժմ փորձում են պահպանել «Միասնությունը»։ Յուրաքանչյուրն իր շահն ունի։ Շահը՝ շահ, բայց ԲՑ-ների լարվածությունը չափազանց բարձր էր։ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն կրկին բախվեցին ԲՑ-ների բարձր լարվածության դաշտում, ընդ որում, դաշնակից կուսակցություններից (առայժմ դաշնակից) յուրաքանչյուրը հայտարարում է, թե իր սկզբունքներին չի դավաճանել։ Պարզապես անհասկանալի է, թե ինչու սկզբունքային հարցերում սկզբունքային տարբեր դիրքորոշում ունեցող կուսակցություններից որեւէ մեկը չի հայտարարում դաշինքի ցրման մասին։ Հայտարարությունը երեկվա դրությամբ դեռ չկար։ Մենք փորձեցինք երկու կողմերի կարծիքների համադրմամբ ստանալ ընդհանուր տրամադրությունը։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է ԲՑ-ների մասնավորեցման մասին օրենքի գործողությունը դադարեցնելու նախաձեռնությունը, քվեարկությունը եւ դրան հետեւած իրադարձությունները հիմք դառնան «Միասնություն» դաշինքի պառակտման, պատասխանեց. «Եկեք չափից ավելի չդրամատիզացնենք իրավիճակը եւ շտապ եզրակացություններ չանենք։ Չմոռանանք, որ այս հարցի շուրջ երկու կուսակցություններն էլ ունեցել են տարբեր դիրքորոշումներ եւ, ակնհայտ է, որ ՀԺԿ-ն այլ կերպ չէր կարող քվեարկել։ Կքննարկենք եւ համապատասխան լուծումներ կփորձենք գտնել»։ Որոշ պատգամավորներ պնդում են, թե ՀԺԿ-ականներից մի քանիսը միտումնավոր են բացակայել նախորդ օրվա արտահերթից, իսկ ոմանք էլ կուսակցության ղեկավարի կարգադրությամբ են քվեարկել։ «Միասնություն» խմբակցության քարտուղար, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը ժխտեց այս ամենն ասելով. «Պատգամավորների մեծ մասի բացակայությունը հարգելի էր, իսկ քվեարկության հարցում կուսակցության ղեկավարի կարգադրություն չի եղել։ Մենք քվեարկել ենք ելնելով կուսակցության դիրքորոշումից, որը հայտնի էր ի սկզբանե եւ, կարծեմ, որեւէ մեկի, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի համար գաղտնիք չէր»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ ՀԺԿ-ի մեջ է տեղի ունեցել դիրքորոշման փոփոխություն՝ խմբակցությունը որոշում էր ընդունել դեմ քվեարկել։ Թեպետ ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանի պնդմամբ, խոսքը ստորագրահավաքին դեմ լինելու մասին է, ինչը ՀԺԿ-ն կատարել է, այսինքն՝ չի մասնակցել ստորագրահավաքին։ «Միասնությունը» պահել-չպահելը, ըստ Գ. Սահակյանի, «կերեւա այն դիրքորոշումից, որը իր քննարկումների հետեւանքում կունենա ՀԺԿ-ն։ ՀՀԿ-ի դիրքորոշումը կայուն է եւ կոնկրետ՝ նաեւ ճանապարհի իմաստով։ Եկել է կուլմինացիոն մի պահ, որ ցանկությունների տեսքով առաջ գնալը շատ անհավանական է»։ «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանը կարծես «նեղացած» է «Միասնությունից» այն բանի համար, որ վերջինս իր դիրքերը չի հստակեցնում. «Ձեր ձեռքը կրակը չենք ընկել։ Մեծամասնությունը վերջիվերջո պետք է իր դիրքորշումը հստակեցնի»։ Իսկ մեծամասնությունը կարծես կրկին չգիտի անելիքը։ Անդրանիկ Մարգարյանը, թերեւս, չի կարող ձեռքը կտրուկ խփել սեղանին եւ ասել՝ «չեմ ուզում ՀԺԿ քո դաշնակցությունը»։ Չի ասի, քանի որ ինքն առայժմ այդ դաշինքի վարչապետն է։ Եվ պարզապես անհասկանալի է, թե ինքն ինչո՞ւ է ձեռքերը ծալած նստել եւ կռվախնձոր ԲՑ-ների մասնավորեցման պարագայում ինչու ինչպես հարկն է չի «մշակել» ՀՀԿ եւ «Հայաստան» խմբի պատգամավորներին։ Գործը չէր կազմակերպվել այնպես, որ արտահերթ նիստը հնարավոր չլիներ հրավիրել, մանավանդ դաշնակցի դիրքորոշումն իրեն անհայտ չէր։ Անդրանիկ Մարգարյանն առայժմ լռում է, իսկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարում է հետեւյալը. «Եթե իրերը կոչենք իրենց անունով՝ դրված էր կառավարության վստահության հարցը։ Եթե այս պարագայում էլ Ժողովրդական կուսակցությունը չի պաշտպանելու նույն մոտեցումները, ապա ընդհանրապես որեւէ հիմք կա՞ նման դաշինք ունենալու։ Գոնե սրանից հետո լուրջ հետեւություններ պիտի արվեն»։ Թեպետ նույն առուն երկու անգամ չեն մտնում, բայց նաեւ չի բացառվում, որ «Միասնությունը» կրկին չպառակտվի։ Չմոռանանք աշնանային չկայացած «ամուսնալուծությունը»։ Եթե կրկին այդ բանը տեղի ունենա, ապա ավելորդ անգամ պարզ կլինի, որ դիրքորոշում եւ սկզբունք ասած բաները դատարակ հնչյուններ են որոշ շահերի համեմատ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

















































