Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Ապրիլ 24,2001 00:00

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է Հայաստանի ներկայիս իշխանությունները երկիրը տնտեսապես բարգավաճ տեսնելու մեր հույսերը կապում են ներքաղաքական կյանքում կայունության ապահովման հետ։ Նրանք ժամանակ առ ժամանակ դժգոհում են, թե իրենց՝ հաջողության հասնելու հարցում, խոչընդոտում են այն հատուկենտ ընդդիմադիր ուժերը, որոնք թույլ չեն տալիս իշխանություններին՝ ի դեմս նախագահ Քոչարյանի, աշխատել։ Հետաքրքիր էր իմանալ, թե իրեն արմատական ընդդիմություն հայտարարած «Ազգային համաձայնության ճակատի» ներկայացուցիչները մտավախություն չունե՞ն արդյոք, որ «իրավիճակն ապակայունացնող» գործոն են եւ «խոչընդոտում» են ոչ միայն տնտեսության վերականգնմանն ու Ղարաբաղի հարցի լուծմանը, այլեւ թոշակների, նպաստների վճարմանն ու էլի շատ բաների։ «Երկրում կայունության ապահովումը բոլոր տեսակի իշխանությունների համար կարեւոր խնդիր է։ Այն ձեւավորվում է իշխանությունների ջանքերով եւ դառնում տվյալ երկրի հասարակության եւ տնտեսության դինամիկ զարգացման հիմնական գործոնը։ Բայց երկրի «կայունությունը» հավաքական հասկացություն է եւ իր հստակ պայմաններն ունի»,- ասաց «Ազգային համաձայնության ճակատի» անդամ, նախկին նախարար Վահան Շիրխանյանը։ Հատուկ այն ուժերի եւ անձանց համար, ովքեր փորձում են ընդդիմությանը մեղադրել երկրի կայունությունն ապակայունացնելու մեջ, պարոն Շիրխանյանը հարկ համարեց ներկայացնել պետության բնականոն զարգացման համար անհրաժեշտ կայունության պայմաններից մի քանիսը։ «Լեգիտիմ իշխանություն, իշխանության թեւերի հստակ տարանջատում։ Այսօր անվիճելի է, ո՛չ մեկը, ո՛չ մյուսն իրականում գոյություն չունեն,- նշեց Վ.Շիրխանյանն ու պարզաբանեց, թե ինչ է նշանակում լեգիտիմ իշխանություն,- քաղաքացիների կողմից իշխանության եւ իշխողների կառավարելու իրավունքի ճանաչում, ընդունում եւ նրանց հպատակվելու համաձայնություն։ Այս կանոնի եւ իրականության անհամապատասխանությունն ակնհայտ է։ Այսօր Հայաստանում կա մեկ՝ նախագահ Քոչարյանի իշխանություն, մյուսները նրանից կախյալ են»։ Ըստ նրա, երկրի կայունության մյուս եւ կարեւորագույն պայմաններից է նաեւ օրենքի գերակայության ապահովումը. «Այսօր Հայաստանում ապահովվում է միայն Ռ.Քոչարյանի կամքի եւ ցանկությունների գերակայությունը։ Մինչդեռ պետությունը պարտավոր է օրենքների հավասար եւ ճիշտ կիրառման միջոցով ապահովել արդարությունը։ Անհնար է նաեւ, որ երկրում կայունություն լինի՝ առանց այդ պետության զարգացման հայեցակարգի առկայության։ Հիմա այն Հայաստանում փնտրելն անիմաստ է։ Չկա նաեւ հասարակության համար ընդունելի արտաքին քաղաքականության հստակ ուղեգիծ»։ Պարոն Շիրխանյանը կարծիք հայտնեց, թե՝ «առանց ժողովրդի կարծիքը հայտնելու 300-ամյա ռուսական կողմնորոշումը հանկարծակի արեւմտյանով փոխարինելը չի կարող կայունացնող արտաքին քաղաքականություն համարվել»։ Հայաստանում կայունություն հաստատելու մյուս երաշխիքը նախկին նախարարը քաղաքացիական համաձայնության եւ քաղաքական հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը համարեց։ «Մինչդեռ հասարակության եւ նրա օղակների տրոհման, փոշիացման, թշնամացման ու պառակտման գործընթացը հակառակն է ապահովում։ Եզակի չեն նաեւ քաղաքական հետապնդումների փաստերը, չգրված օրենք է տնտեսության ոլորտում իշխանավորների կողմից տարվող հովանավորչությունը։ Ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման միտումներ էլ չկան։ Դրա փոխարեն՝ այսօր ժողովրդի 82 տոկոսը օրվա հացի կարոտ է, իսկ սրանք բոլորն էլ պետության կայունության հենասյուներն են»,- վստահեցրեց պարոն Շիրխանյանը։ Նախկին նախարարն առանձին անդրադարձավ նաեւ մակրոտնտեսական կայունությանը. «Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Իոսիֆ Ստիգլիցն ասում է՝ «Մակրոտնտեսական կայունությունը կեղծ նպատակ է։ Ծաղրը կայանում է նրանում, որ մակրոտնտեսական կայունությունը, որպես կանոն, հակասում է կայունության ամենահիմնարար իմաստին՝ արտադրության եւ զբաղվածության կայունացմանը»։ Սա այն է, ինչի վկան ենք բոլորս։ Այսօր գրեթե ամբողջապես ոչնչացված է Հայաստանի երբեմնի հզոր արտադրական ներուժը։ Իսկ «ապակայունացման» մասին քաղաքական ուժերին ուղղված մեղադրանքն իշխանությունների կողմից շահարկվում է լիովին հասկանալի մոտիվներով։ Կարծում եմ, տնտեսությունը զարգացման միտումներ չի կարող ունենալ, ներդրումներ չեն լինի եւ 40 հազար աշխատատեղ չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ կայունությունն ապահովող վերոնշյալ եւ էլի մի քանի այլ պայմաններից ոչ մեկը գոյություն չունի, իսկ դա ոչ թե ընդդիմության, այլ ուղղակի իշխանության մեղքն է։ Իսկ եթե քաղաքական որեւէ ուժ իսկապես ցանկություն ունի Հայրենիք կառուցել, ապա պետք է սկսի 1-ին կետից՝ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելուց։ Դա է հիմքը»,- վստահեցրեց պարոն Շիրխանյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել