Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խոսույթում ես ուզում եմ՝ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը. Արփինե Սարգսյան

Հոկտեմբեր 28,2026 14:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Ընտանեկան բռնության դեպքերով քննությունն ամբողջ ծավալով իրականացնելու և բռնարարին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական խոչընդոտների վերացումը քննարկվող փաթեթի կարևոր ուղղություններից է։ Ազգային ժողովում ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ընդգծել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը կարևորել է հանրային մեղադրանքին վերաբերող փոփոխությունները, ինչպես նաև գործուն զղջալու և հաշտության հիմքով պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունների սահմանափակումը՝ շեշտելով, որ առաջարկվող կարգավորումները միտված են պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունները բացառելուն։

Արփինե Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքը՝ ընդգծելով վերականգնողական ծրագրերի դերը նրանց վարքագիծը փոխելու գործում։ Նախարարը նշել է, որ նախաձեռնության վերաբերյալ կառավարության դիրքորոշումը սկզբունքորեն դրական է։

ՆԳ նախարարը խորհրդարանական գործընկերներին կոչ է արել թեմային վերաբերվել հոգածությամբ՝ հիշեցնելով, որ քննարկմանը հետևում են նաև բռնության ենթարկված անձինք։

«Վիճակագրական պատկերի հետևում իրականում կյանքեր են, առողջության հետ կապված խնդիրներ են, խեղումներ են և այսպես շարունակ։ Մեր խոսույթում ես ուզում եմ՝ բոլորս շատ զգույշ լինենք և հոգածությամբ վերաբերվենք այս բոլոր դեպքերին, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը և հատկապես նաև այն անձինք, որոնք դեռևս համարձակություն չունեն իրենց մեջ՝ դիմելու իրավապահ համակարգին և բարձրաձայնելու իրենց հետ տեղի ունեցածը։ Ես հուսով եմ, որ Ազգային ժողովի բոլոր գործընկերները հենց այս հոգածությամբ կվերաբերվեն թեմային»,– նշել է նախարարը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առկա խնդիրները վերաբերում են ինչպես իրավակիրառ պրակտիկային, այնպես էլ օրենսդրական դաշտին։

«Մեր հանձնառությունն է՝ որպես կառավարություն, հետևողականորեն դիտարկել ամբողջ շղթային վերաբերող հարցերը և հընթացս հանդես գալ փոփոխություններով»,– ասել է ՆԳ նախարարը։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031