Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր

Մայիս 01,2001 00:00

ԿԱՍԿԱԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ԱՆՀԱՅՏ Է Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երեւանի գլխավոր հատակագծում Կասկադ կոչվող հատվածը նշված էր որպես քաղաքի կենտրոնի գլխավոր քաղաքաշինական առանցքի շքեղ ճարտարապետական ավարտ։ Կասկադի վերեւից նայելիս մի խորհրդանշական տեսարան է բացվում։ Մի առանցքի վրա իրար հաջորդում են Արարատ լեռը՝ որպես հայոց պատմության, հայ ժողովրդի մշտարթուն սիմվոլ, ապա՝ Հանրապետության հրապարակը՝ որպես մեր պետականության սիմվոլ, Օպերան՝ մեր ազգի հոգեւոր-մշակութային կենտրոնը եւ, ի վերջո, Կասկադը՝ որպես այդ ամենը լրացնող, ժողովրդի հոգեւոր կյանքի հետ կապված մի կառույց։ Դեռեւս 1967թ. Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Գրիգոր Հախվերդյանը հայտարարել էր՝ սկսել Կասկադի նախագծային աշխատանքները։ Այդ գործը հանձն առավ հանրապետության լավագույն ճարտարապետներից մեկը՝ Ջիմ Թորոսյանը։ «Կասկադի նախագծման աշխատանքը սկսեցի գործընկերոջս՝ Սարգիս Կոստանյանի հետ։ Մի քանի տարի հետո մեր ստեղծագործական կոլեկտիվը մեծացավ։ Մեզ միացան կոնստրուկտորներ Հակոբյանը, Գեղամյանը։ Մեզ բոլորիս հուզում էր հիմնական հարցը՝ ի՞նչ պիտի իրենից ներկայացնի Կասկադը»,- պատմում է Կասկադի հեղինակը։ Սակայն լուծումը գտնվեց։ Ու գտնվեց լավագո՛ւյն լուծումը։ Օպերայից դեպի Հաղթանակի զբոսայգի ձգվում է աստիճանների մի շքերթ։ Այս տեսարանը կարծես երաժշտություն լինի՝ գնալով ռիթմն արագանում է, հզորանում։ Ամենավերեւում օբելիսկն է։ Ընդհանուր տեսքը մի ավարտուն թեմա է դառնում։ Ամեն ինչ հեղինակի մտահղացմամբ անելու դեպքում նախամուտքը պիտի ստեղծեր դրախտայինին մոտ մթնոլորտ. պատերից հոսող աղբյուրներ, ծաղիկներ, նկարներ եւ, իհարկե, մեղմ երաժշտություն։ Այստեղ մարդիկ կարող էին առանձնանալ, վերանալ առօրյայից եւ երանավետ հանգիստ անցկացնել։ Ամեն բակին կից կա մեծ սրահ՝ 250-300 մետր երկարությամբ, 12 մետր լայնքով։ Սրահները պետք է ունենային թեմատիկ լուծումներ։ Ընդ որում, բացի ճարտարապետական ներդաշնակությունից, պետք է ապահովված լիներ նաեւ կերպարվեստի գործերի եւ քանդակների առկայությունը։ Առաջին սրահում Գրիգոր Խանջյանի «Եռանկարն» է՝ «Գրերի ստեղծում», «Վարդանանց պատերազմ» եւ «Վերածնունդ»։ Մյուս սրահում Սասունցի Դավիթի մեծածավալ քանդակ-կոմպոզիցիան է՝ Հակոբ Կոջոյանի էսքիզով (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան)։ Քանդակը ոսկեգույն է, իսկ դահլիճն ամբողջությամբ սպիտակ քարից է։ Երրորդ դահլիճը պետք է նվիրված լիներ ժողովուրդների բարեկամությանը։ «Այստեղ որոշել էինք մի մեծ գորգ կախել։ Իսկ վերջին սրահում պետք է փակցվեր Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը։ Դահլիճները պետք է գործող լինեին՝ հավաքույթներ, երեկոներ, ցուցադրումներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու արվեստին»,- պատմեց Ջիմ Թորոսյանն ու հիշեց, թե ինչպես է ընտրվել Կասկադի գույնը. «Նախատեսեցինք սպիտակը, քանի որ սպիտակը շատ ակտիվ գույն է՝ ծաղիկներն ավելի արտահայտիչ կերեւան։ Պատկերացրեք սպիտակ ֆոնը՝ կողքերը կանաչ, վերեւում կապույտ երկինք։ Այս ամենը կապահովեր տոնական տրամադրություն»։ Սակայն, որքան էլ ցավալի է, այս բոլոր ցանկություններն ու մտահղացումները մնացել են կիսատ։ Այսօր Կասկադի վիճակն ավելի քան մտահոգիչ է. կոտրվում են քարերը, ապակեպատ հարթությունների ապակիները փշրվել են, թալանվել։ Կարծես բարբարոսի ձեռք է դիպչել ողջ տարածքին։ Ու ոչ ոքի, ավելի ճիշտ՝ ոչ մի պաշտոնյայի, այս վիճակը կարծես չի անհանգստացնում։ Կասկադի ձախ կողմում էսկալատորներ կան, որոնցով քաղաքի կենտրոնից մի քանի րոպեում կարելի է հասնել Հաղթանակի այգի։ Էսկալատորի եւ Կասկադի շուրջը պետք է կանաչ գոտի լիներ, սակայն «գումարներ չլինելու» հզոր պատճառաբանությամբ այդտեղ անգամ հողը հարթեցված, մշակված չի։ Անուշադրությունն արտահայտվում է ամեն հարցում։ Վերջին անգամ որոշ գումար Կասկադին հատկացրել է Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը՝ առաջին սրահն ավարտին հասցնելու համար։ Սակայն Գրիգոր Խանջյանի մահը պատճառ դարձավ, որ այդ աշխատանքներն անավարտ մնան։ Ըստ Ջիմ Թորոսյանի, շատերին է հուզում Կասկադի ապագան, որով հետաքրքրվել են անգամ ամերիկացի, շվեյցարացի մեծահարուստներ։ Բայց առայժմ լռություն է տիրում… Անառարկելի է, որ Քրիստոնեության 1700-ամյակը հրաշալի առիթ էր Կասկադն ավարտին հասցնելու եւ այն, տարբեր միջոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու նպատակով անփոխարինելի տեղ դարձնելու համար։ Սակայն կրկին խոսվում է ֆինանսների բացակայության մասին։ Այնինչ, շատ ավելի անկարեւոր եւ ժամանակի քննությանը չդիմացող հաճույքների վրա մեծ փողեր են ծախսվում։ ԻՐԻՆԱ ՉԱՐՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031