Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք այդ տարածքի բնիկ ժողովուրդն են, հայրենի տարածքներից նրանց տեղահանելը հակասում է բնիկ ժողովուրդների հիմնարար իրավունքներին, մեր աջակցությունն ենք հայտնում»․ իրանցի իրավախորհրդատու Հանիե Մողանին՝ արցախահայության մասին

Հոկտեմբեր 17,2026 16:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մեր տեսանկյունից՝ նրանք տվյալ տարածքի բնիկ ժողովուրդն են։ Նրանց իրենց հայրենի տարածքներից տեղահանելը հակասում է բնիկ ժողովուրդների հիմնարար իրավունքներից մեկին։ ՄԱԿ-ի՝ Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրում կան այդ հարցին վերաբերող հատուկ դրույթներ, ինչպես նաև իրենց տարածքների, հողերի և բնական ռեսուրսների նկատմամբ ունեցած իրավունքներին վերաբերող։ Հայաստանը ստորագրել է այդ հռչակագիրը»,- Aravot.am-ի հարցին՝ տեղյա՞կ եք արցախահայության բռնի տեղահանմանը, ինչպե՞ս կարող է կենսաբազմազանության պաշտպանությունը նպաստել էթնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը, Երևանում անցկացվող «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի ժամանակ այսպես պատասխանեց Իրանի Կայուն զարգացման և շրջակա միջավայրի կենտրոնի (CENESTA) ավագ իրավախորհրդատու, բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպան Հանիե Մողանին։

Նա ասաց, որ տեղյակ է արցախահայերի տեղահանությանը և Իրանի ժողովրդի կողմից անկեղծ կարեկցանքն ու աջակցությունը հայտնեց արցախահայությանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ կենսաբազմազանության պահպանությունը կարևորագույն նշանակություն ունենալով ամբողջ բնակչության համար՝ բնիկ ժողովուրդների, նաև տեղական համայնքների համայն դրա նշանակությունն առավել ընդգծված է այն տեսանկյունից, որ այն ծառայում է իբրև կյանքի աղբյուր։ Հանիե Մողանին նշեց․ «Կորցնելով այսօրվա պահպանվող տարածքները, էկոհամակարգերի հարստությունն ու կենսաբազմազնությունը՝ մենք վտանգում ենք ոչ միայն բնությունը, այլև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների կյանքն է վտանգի տակ հայտնվում։ Այսպիսի սիմպոզիումների, COP17-ի պես կարևորագույն միջոցառման անցկացումը մեծ կարևորություն ունի։ Բայց այս սրահներում ընդունվող  որոշումների վերջնական ազդեցության կրողը և գինը վճարողը մենք ենք՝ բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք՝ կառավարությունները և որոշումներ կայացնողներն արդյոք բավարար կերպով պաշտպանո՞ւմ են էթնիկ խմբերի իրավունքները կեսաբազմազանության և այլ իրավունքների պաշտպանությանը զուգահեռ, Հանիե Մողանին պատասխանեց․ «Ինձ հարցնում եք՝ արդյոք ես բավարարված եմ կառավարությունների որոշումներից ստացված արդյունքներով և առաջընթացով։ Նույն հարցը կխնդրեի ձեր լայն լսարանին ուղղեք՝ արդյոք նրանք նկատո՞ւմ են առաջընթաց և արդյոք բավարարո՞ւմ են նրանց այն բոլոր գործընթացները, որոնք ընթանում են։ Կարող եմ նշել՝ 30 տարի է Կոնվենցիան ընդունված է, սակայն այսօր՝ 2026-ին, մենք տեսնում ենք, որ բնիկ ժողովուրդների իրավունքները պաշտպանված չեն այնպես, ինչպես սահմանված է։ Երբ բնիկ ժողովուրդների որևէ խմբի տեղահանում են իրենց հայրենի հողերից, դա նշանակում է նրանց մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Նման մոտեցումը չի համապատասխանում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանը։ Եվ մենք բոլորս գիտենք, որ Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) հիմնական սկզբունքներից և մասնակից պետությունների հիմնական պարտավորություններից մեկը մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման ապահովումն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031