Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում

Մայիս 05,2001 00:00 Share

Արամ Սարգսյանի հետ արժե ճանապարհ անցնել Կարծում ենք, քիչ չեն քաղաքական այն գործիչները, որոնք լինելով նախկին վարչապետ Արամ Սարգսյանի թիմում, ի վերջո, այս կամ այն չափով հուսախաբ են եղել նրա վեցամսյա պաշտոնավարությունից։ Այդ մարդիկ նախկին վարչապետին բացառապես մեղադրում են «27»-ի բացահայտման համատեքստում անվճռականության մեջ։ ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանն, իհարկե, Ա.Սարգսյանին որեւէ բանում չմեղադրեց։ Նա պարզապես ափսոսանք հայտնեց, որ նախկին վարչապետի ազնվությունն ու բարոյականությունը թույլ չէին տվել ներքաղաքական լարված մթնոլորտում արագ եւ հստակ քայլեր ձեռնարկել։ «Ա.Սարգսյանից՝ իբրեւ «27»-ի ուղղակի պահանջատիրոջ, որոշակի սպասելիքներ ունեինք գործի արագ եւ ճիշտ բացահայտման իմաստով։ Այդ սպասելիքները, ցավոք, չիրականացան։ Նա այդ հարցում սպասողական գտնվեց»,- ասաց պարոն Բարսեղյանը՝ հիշեցնելով ավելի քան մեկ տարի առաջ ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը։ «Ա.Սարգսյանն ինքն էլ է բազմիցս ասել, քաղաքական ուժերն էլ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացան, որ նախագահը մտադիր էր հրաժարական տալ, եւ, որ այդ պահն ամենահարմարն էր գտել։ Եվ Ա.Սարգսյանն անկեղծորեն հավատաց, որ նախագահ Քոչարյանն, իրոք, ուզում է հրաժարական տալ՝ հաշվի առնելով այն կասկածները, որ կային նրա նկատմամբ «27»-ի առնչությամբ»,- վերհիշեց պարոն Բարսեղյանը։ Նրա կարծիքով, արդեն այն ժամանակ, երբ նախագահը կտրուկ կերպով սկսել էր իր շուրջ քաղաքական կուսակցություններ համախմբել եւ կոնտրոնացնել այդ ուժերը, Ա.Սարգսյանի վարչապետ մնալն այլեւս անիմաստ էր։ «Նա դառնում էր ոչնչով չօժտված վարչապետ, որի իրավասությունները կարող էին տարածվել միայն կառավարության տնտեսական բլոկի վրա, մինչդեռ ուժային նախարարությունները իրավիճակի փոփոխության պատճառով վերահսկողությունից դուրս էին գալիս»,- շեշտեց ԱԺ պատգամավորը։ Ըստ վերջինիս, այդ պահին Ա.Սարգսյանը թույլ գտնվեց, իսկ երբեւէ իշխանության լծակներից օգտված մարդիկ լուծումներ էին փնտրում, որոնք չգտան վարչապետի մեջ։ Նա չկարողացավ արագ կողմնորոշվել, համախմբել եւ հզորացնել իր թիմը, որպեսզի վերջինս իրավիճակի փոփոխության ժամանակ իր կողքին լիներ։ «Եղան նաեւ դավաճան ընկերներ, բայց մեղքը, կարծում եմ, միակողմանի չի լինում։ Կատարվածի համար Ա.Սարգսյանն ու իր թիմը նախ իրենց պետք է մեղադրեն, քանի որ նրանք էին ընտրել իրենց ճանապարհն ու ներքին խոհանոցը»։ Ա.Բարսեղյանը նախկին վարչապետի պաշտոնանկության պատճառը համարեց այն, որ այդ կոնկրետ դեպքում նախագահ Քոչարյանը Ա.Սարգսյանի, նրա թիմի ու բանակի կողմից վտանգ էր զգում, նաեւ այն, որ նախագահի մեջ ամբիցիաներն էին խոսում։ Պատգամավորի կարծիքով, այսօր երկրի տնտեսական վիճակն ավելի ծանր է, եւ որքան էլ կառավարությունը ժողովրդին փորձի թվերով կերակրել՝ միեւնույն է, փաստն այն է, որ բյուջետային հիմնարկներն աշխատավարձերը չեն ստանում, չեն տրվում նաեւ կենսաթոշակներն ու նպաստները։ «Իշխանությունները կարծում են, թե ընդդիմությանը լռեցրել են։ Այդպես չէ»,- վստահեցրեց Ա.Բարսեղյանը։ Անդրադառնալով նախկին վարչապետի այսօր ծավալած քաղաքական գործունեությանը, պատգամավորն ասաց, թե Ա. Սարգսյանն ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն է, նրա հետ արժե ճանապարհ գնալ, համատեղ ծրագրեր մշակել եւ համագործակցել, եթե դրա կարիքը լինի։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել