Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դեղորայքի շուկան այն հազվագյուտներից մեկն է,

Հունիս 28,2001 00:00

Ովքե՞ր են ստանալու գերշահույթները Հայաստանում դեղորայքի շուկան այն հազվագյուտներից մեկն է, որը մոնոպոլիզացված չէ, եւ որտեղ շուկայական մրցակցությունը գործում է ի նպաստ բնակչության։ «Ավելի քան 140 կազմակերպություններ դեղորայք են ներկրում Հայաստան, որն իրացնում են շուրջ 1500 դեղատնային կազմակերպություններ։ Դա նշանակում է՝ 3000 անուն դեղերի տեսականու եւ գնի ընտրություն»,- արձանագրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը։ Սակայն 2001թ. հունվարից հետո, երբ դեղորայքը ի թիվս այլ հարկատեսակների, սկսեց հարկվել նաեւ ավելացված արժեքի հարկով, դեղերի շուկայում իրավիճակն, ըստ պարոն Զեյնալյանի, արմատապես փոխվեց եւ՝ դեպի վատը։ «Պետական եկամուտների նախարարն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը դեղերը ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը փաստարկում էին նրանով, որ դեղորայքի տարեկան շրջանառությունից հարկվող ԱԱՀ-ի հաշվին կհամալրվի պետբյուջեն եւ, բացի այդ, ոլորտում պետական անհրաժեշտ վերահսկողություն կսահմանվի»,- հիշեցրեց պարոն Զեյնալյանը՝ պնդելով հակառակի մասին։ Ըստ վերջինիս, անցած 5-6 ամիսների փորձը, ցույց տվեց, որ այդ նախաձեռնության ընդդիմախոսների կանխատեսումները՝ դեղորայքի շուկայում օրենքի հնարավոր բացասական ազդեցության մասին, ավելի լավատեսական էին, քան այսօր ստեղծված իրական վիճակն է։ «Ժամանակին կառավարության անդամները պնդում էին, որ Հայաստանում դեղերի առեւտրի շրջանառու միջոցները, ներկրվող բենզինի եւ հացի բիզնեսից հետո, 2000 թվին երրորդ տեղն է գրավել՝ 22 մլրդ դրամ։ Իրականում այդքան դեղորայք երբեք Հայաստան մուտք չի գործել»,- վստահեցրեց Ա.Զեյնալյանը՝ ավելացնելով, որ 2000-ին Հայաստան է ներկրվել միայն շուրջ 7 մլրդ դրամի դեղորայք։ Ընդ որում՝ կոմերցիոն նպատակով՝ շուրջ 5 մլրդ դրամի, եւ մոտ 2 մլրդ-ի՝ հումանիտար օգնության ձեւով։ Վերջինս, ի դեպ, հաշվարկման ենթակա չէ, քանի որ հումանիտար օգնությունն ընդհանրապես չի հարկվում։ Ըստ պարոն Զեյնալյանի, ստացվում է, որ խաբեություն էր նաեւ կառավարության այն հավաստիացումը, թե դեղերի ԱԱՀ-ից գոյացած գումարներն ուղղվելու են անապահով ընտանիքներին դեղորայքով ապահովելու համար։ «Սա այն դեպքում, երբ անապահով խավին դեղորայքով ապահովելու համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 3 մլն դոլարի դեղորայք, մինչդեռ պետությունը հնարավորություն ունի պետպատվերով այդ խավին հատկացնել ընդամենը կես միլիոն դոլարի դեղորայք։ Ավելին, օրենքի ընդունումից հետո դեղորայքը շուրջ 35 տոկոսով թանկացել է, ինչը նշանակում է, որ այն 35 տոկոսով պակաս մատչելի է մարդկանց, առավել եւս, սոցիալապես անապահով խավի համար։ Ուրեմն այս ամենի պատասխանատվությունն ընկնում է ներկայիս գործադիր իշխանությունների վրա»։ Առողջապահության նախկին փոխնախարարը նաեւ հավաստիացրեց, որ այս տարվա ընթացքում կոմերցիոն նպատակով ներկրված դեղորայքի ծավալները կրճատվել են 55 տոկոսով։ Ըստ էության, նրա բերած այդ ցուցանիշն ավելի հուսադրող է, քան այն ներկայացնում է հենց կառավարությունը։ Վերջինս միայն օրերս հայտարարեց, թե 2001-ի անցած ամիսների ընթացքում դեղերից ԱԱՀ-ի հարկման գծով բյուջե է մուտքագրվել 120 մլն դրամ։ Միայն այս ցուցանիշը հուշում է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է մուտք գործել ընդամենը 600 մլն դրամի դեղորայք, ինչն անհամեմատ ավելի քիչ է, քան 2000-ի համար հենց կառավարության նշած 22 մլրդ դրամը։ Ավելին, այսօր դեղորայքը 50-55 տոկոսով դուրս է վերահսկողությունից, քանի որ Հայաստան է ներկրվում զարտուղի ճանապարհներով։ Ինչի՞ համար էր այդ ամենը։ «Կան կազմակերպություններ, որոնք գտնվում են որոշակի կառույցների եւ անհատների տանիքների տակ, որոնք դեղորայք են ներկրում՝ շրջանցելով մաքսային կառույցները։ Այդ կազմակերպությունները մեծ գումարներ են ներդրել դեղերի շուկայում, եւ հիմա, շնորհիվ կառավարության, ընթանում է դեղորայքային շուկայի մոնոպոլիզացիա։ Դա նշանակում է, որ որոշ մարդիկ ոլորտից գերշահույթ ստանալու փայլուն հնարավորություն են ստացել եւ առաջիկայում միանգամայն ի վիճակի կլինեն շքեղ ավտոմեքենաներ գնել եւ նոր հյուրանոցներ կառուցել»։ Ովքեր են այդ անհատները՝ շուտով հայտնի կլինի. հավանաբար աշնանը ԱԺ-ն կրկին կանդրադառնա այդ օրենքին եւ կվերանայի դեղերն ԱԱՀ-ով հարկելու նպատակահարմարությունը։ Ըստ էության, դա շատ հեռատես եւ ընդամենը ժամանակավոր հնարք էր՝ ոլորտը մանր ու միջին կազմակերպություններից դատարկելու եւ դեղորայքի շուկան մեկ-երկու հոգու ձեռքում կենտրոնացնելու համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել