Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հավանականությամբ, ՀՀ պետական արարողակարգը շուտով կենթարկվի որոշակի փոփոխությունների։ Արարողակարգ

Հունիս 30,2001 00:00

Արարողակարգը նուրբ բան է Մեծ հավանականությամբ, ՀՀ պետական արարողակարգը շուտով կենթարկվի որոշակի փոփոխությունների։ Արարողակարգի ծառայության ղեկավար Վահագն Մելիքյանի խոսքերով, իր կողմից ներկայացրած լրացումները միտված են ավելի ճկուն դարձնելու բարձրաստիճան հյուրերի ընդունելության կանոնները, համապատասխանեցնելով վերջիններս միջազգային չափանիշներին։ 1998թ. անփոփոխ «Պետական արարողակարգի հիմնադրույթներ»-ից առաջարկվում է վերացնել «ոչ պաշտոնական այց» հասկացությունը, սրա փոխարեն ընդլայնելով «աշխատանքային այցի» սահմանները։ Վերանայման կարիք է զգում նաեւ ժամանող հյուրերի այն խմբաքանակը, որի ընդունման ծախսերը հոգում է Հայաստանը։ Մինչեւ հիմա մեր հարկատուները ապահովում էին վճարումները «1+19» բանաձեւի համաձայն, այսինքն, փակվում են ժամանած խմբի ղեկավարի եւ պատվիրակության եւս 19 անդամների ընդունելության ծախսերը։ Այժմ այդ «19» թիվը կարող է կրճատվել մինչեւ երկու անգամ։ Ինչպես պարզաբանեց պրն Մելիքյանը, այստեղ սկզբունքայինը ոչ թե տնտեսման գաղափարն է, այլ մեր արարողակարգի մոտեցումը քաղաքակիրթ երկրներում գործող ստանդարտներին։ Նույն տրամաբանությամբ է թելադրված գիշերային այցելությունների դիմավորման արարողակարգի առաջարկվող պարզեցումը։ Մի այլ փոփոխություն վերաբերում է ՀՀ նախագահի մասնակցությամբ օդանավակայանում դիմավորում կազմակերպելու պրակտիկային։ Մինչեւ բոլորովին վերջերս, ամեն անգամ նախագահը ստիպված էր օդանավակայան գնալ, երբ Հայաստան էին այցելում նրա օտարերկրյա պաշտոնակիցները։ Այս ավանդույթը խախտվեց մայիսի 24-25-ին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում։ Քոչարյանը, ինչպես հայտնի է, օդանավակայան մեկնեց միայն Պուտինին դիմավորելու։ Լուկաշենկոյի, Նազարբաեւի, Ակաեւի եւ Ռախմոնովի՝ մեր նախագահի հետ հանդիպման արարողությունը իրականացվեց վերջինիս նստավայրում։ Պրն Մելիքյանը գտնում է, որ այս կարգը նպատակահարմար է պահպանել նաեւ առաջիկայում։ «Առավոտի» թղթակիցը առիթն օգտագործեց՝ տեղեկանալու ԱՊՀ-ի 5 նախագահների այցելության ժամանակ տեսախցիկներից դուրս մնացած դրվագներից։ Այսպես, հայտնի դարձավ, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը կազմակերպելիս բելառուսական կողմը խնդրել է իրենց լիդերին ապահովել ռոլիկային դահուկներով սահելու պիտանի վազքուղով։ Բելառուսի առաջին պաշտոնյան, պարզվում է, ամեն առավոտ տրվում է իր այդ հոբբիին։ Տաջիկստանի նախագահը Երեւան էր ժամանել իր անձնական խոհարարով։ Էմամոլի Ռախմոնովի խոհարարը ուղեկցում է իր շեֆին ամենուրեք, միշտ ճանապարհ ընկնելով անհրաժեշտ մթերքների պաշարով։ Նուրսուլթան Նազարբաեւը իջեւանել էր ՊՆ այցելությունների նոր վերանորոգված տանը, իսկ Վլադիմիր Պուտինին վիճակվեց լինել ազգային անվտանգության նախարարության ընդունելությունների տան առաջին հյուրը։ Ի դեպ, սեպտեմբերին Ռուսաստանի նախագահը մեկ անգամ եւս պատրաստվում է գալ Հայաստան, բայց այս անգամ արդեն պաշտոնական այցի շրջանակներում։ Նույն ամսվա 25-26-ին կկայանա Հռոմի Պապի երկար սպասված այցը, բայց սա արդեն մի այլ արարողակարգային պատմություն է։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել