Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ

Հուլիս 21,2001 00:00

«ԱԳԱՐԻԿՈԻԴ ԲԱԶԻԴԻՈՄԻՑԵՏՆԵՐԻ ԲԻՈՏԱՆ» Ուշագրավ բացահայտումներ երեկ արեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը՝ «21-րդ դար՝ էկոլոգիական գիտությունը Հայաստանում» հանրապետական երիտասարդական գիտաժողովի բացման իր խոսքում։ Հպարտությամբ ներկայացնելով, թե յոթանասունական թվականներից պետականորեն որքան էին կարեւորվում էկոլոգիական խնդիրները՝ Ֆադեյ Տաճատիչը հակառակի համար մեղադրեց անկախ Հայաստանի իշխանավորներին։ «Միայն «Նաիրիտի» վերակառուցման համար ծախսվել է ավելի քան 600 մլն դոլար, որովհետեւ դրա արտադրությունը բավականին վտանգավոր էր։ Մենք այդ վտանգը ամեն օր զգում էինք եւ աշխատում էինք ամեն ինչ անել, որպեսզի վտանգը չլինի։ Որպեսզի դուք պատկերացնեք, կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում, ինչքան այդպիսի աշխատող գործարան եղել է, բոլորը պայթել են։ Հիմա ամբողջ աշխարհում մնացել է ընդամենը երկու գործարան, որ աշխատում են այդ տեխնոլոգիաներով»։ Ըստ Ֆ. Սարգսյանի, նույնն էր իրավիճակը «ԿանԱԶ» գործարանի դեպքում. «Այդ շրջանում չկար մի երեխա, որի ատամները հիվանդ չլինեին, դա էկոլոգիական ազդեցություն էր»։ Բայց այն ժամանակ փորձում էին այդ վտանգները պակասեցնել, սակայն, «դժբախտաբար, երբ լինում են հեղափոխություններ, հեղաշրջումներ, շատ բան անտեսվում է»։ Ֆադեյ Տաճատիչը հայտարարեց՝ «Երբեք ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ «Նաիրիտը» կանգնեցվեց էկոլոգիական պատճառներով։ Ոչ ոքի չհավատաք։ Դա սո՛ւտ է։ Էդպիսի բան չի եղել։ «Նաիրիտը» կանգնեցվեց, որովհետեւ այդպես էր հարկավոր որոշ շատ մեծահարուստ մարդկանց՝ կանգնեցնել «Նաիրիտը» եւ իրենց արտադրանքը վաճառել ավելի թանկ գնով։ Կամ էլ թե չէ ԱԷԿ-ը կանգնեցնողները մի՞թե չէին իմանում, որ եթե ԱԷԿ-ը կանգնում է, մենք կորցնում ենք Սեւանը, ԱԷԿ-ը կանգնեցնելը շատ մեծ գումարների հետ էր կապված եւ այդ պարագայում էկոլոգիական վտանգը, միեւնույն է, մնում է»։ Ֆ. Սարգսյանը նաեւ նկատեց, որ «պետք էր շատ տխմար կամ անգրագետ լինել, որպեսզի չհասկանալ, թե ինչ տվեց մեր հանրապետությանը Եղվարդի 230 միլիոնանոց ջրամբարի կառուցումը կանգնեցնելը։ Դա մեր հանրապետությանը շատ հետ գցեց, որովհետեւ խանգարեց մեր ջրի կուտակմանը»։ ԳԱԱ նախագահը կանխատեսեց, որ ջրի պակասի մեծ խնդիր ենք ունենալու։ Թվարկելով վերջին տասը-տասներկու տարիների մյուս բացթողումները եւս՝ ԳԱԱ նախագահը երիտասարդ գիտնականներին չհուսահատվելու եւ այդ հարցերը լուծելու կոչ արեց։ Բայց նաեւ զգուշացերց, որ չանեն այնպես, ինչպես արել են 10-12 տարի առաջ, այլ՝ գրագետ գործեն։ ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի եւ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած եռօրյա այս գիտաժողովում երիտասարդ գիտնականները, հավանաբար, լուրջ հարցեր կքննարկեն՝ թեեւ զեկույցների վերնագրերից, անկեղծ ասած, դժվար էր դրանց բովանդակության եւ կարեւորության մասին որեւէ բան գլխի ընկնել։ Ասենք՝ «Մատիտեղանման գեղածնկիկի էկոլոգիայի վերաբերյալ» կամ՝ «Հայաստանի բնափայտը քայքայող ագարիկոիդ բազիդիոմիցետների բիոտան եւ էկոլոգիական առանձնահատկությունները», կամ էլ՝ «Կուսածին Darevskia armeniaca եւ D.nairensis երկսեռ տեսակի ժայռային մողեսների սաղմերի սեռական գեղձերի զարգացումը» եւ այլն։ Ավելի մատչելի չէին նաեւ զեկույցները, մանավանդ որ դրանց մի մասը ռուսերենով էր եւ գիտական տերմիններով հարուստ։ Բայց այդ զեկույցները արժեւորելու հնարավորությունից հրաժարվեց ԱԺ-ի սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը, քանի որ գիտաժողովի հանդիսավոր մասից անմիջապես հետո, երբ հայտարարվեց աշխատանքների սկիզբը, նա հեռացավ՝ թեեւ «շատ արժեքավոր» որակեց այս գիտաժողովը եւ իր հիացմունքը հայտնեց այն մեծ ծավալի եւ ուղղությունների համար, որ ընդգրկված է քննարկումներում։ Նաեւ հավաստիացրեց, որ բնապահպանական հարցերում «երիտասարդ ուժեղ ձեռքերի եւ տաք սրտերի կարիքն ունեն»։ Բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը եւս ջերմ խոսքեր գտավ երիտասարդ գիտնականների համար։ Եվ հանրապետության բնապահպանական հիմնախնդիրներից ոչ պակաս համաշխարհային նշանակության գլոբալ հիմնախնդիրներից խոսեց։ Խիստ ընդհանուր ու տեսական ելույթ էր, անգամ՝ բնապահպանության նախարարության աշխատանքը նկարագրող դրվագը։ Մնում է, որ բնապահպանական խնդիրները կարեւորող ելույթները թղթի վրա չմնան եւ երիտասարդ գիտնականներին էլ միայն հերթապահ ջերմ հավաստիացումներով չոգեւորեն, այլ իրական պետական աջակցությամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել