Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական «հերթական» արտահերթն սկսվեց եւ ընթացավ գլխապտույտ իրարանցման մեջ։ Դեռ օրվա առաջին կես

Հուլիս 24,2001 00:00

ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Խորհրդարանական «հերթական» արտահերթն սկսվեց եւ ընթացավ գլխապտույտ իրարանցման մեջ։ Դեռ օրվա առաջին կեսին հայտարարվեց խորհրդարանական «Կայունություն» խմբի անվանափոխության մասին։ «Կայունությունը» այսուհետ կկոչվի ԱԱԺՄ (Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միավորում)։ Խմբի ղեկավար դարձավ ոչ թե ՀԺԿ-ից հեռացված Վ. Բադալյանը (հիշենք, որ առաջինը պրն Բադալյանն էր հայտարարել նման անունով խումբ ստեղծելու իր մտադրության մասին), այլ՝ դարձյալ ՀԺԿ-ից հեռացված մեկ այլ պատգամավոր՝ Հմայակ Հովհաննիսյանը։ Դեռեւս ամիսներ առաջ նույն Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ինքն այս խորհրդարանում որեւէ խմբի ղեկավար չի դառնա։ Բայց խոսքի եւ գործի հակասությունը քաղաքական գործիչներից շատերի համար վաղուց դարձել են գրեթե ազգային առանձնահատկություններ։ Ինքը՝ պրն Հովհաննիսյանը իրեն բավականին լավ էր զգում խմբի ղեկավարի դերում եւ չթաքցրեց, որ եթե իր պես քաղաքական գործիչը համաձայնում է խումբ ղեկավարել, ուրեմն ակնկալիք ունի։ Ի դեպ, խմբի ղեկավարի չորս թեկնածու է եղել՝ Մարտին Հովհաննիսյան, Վլ. Բադալյան, Վարդեւան Գրիգորյան եւ Հմ. Հովհաննիսյան։ Պրն Հովհաննիսյանն ուզում էր խիստ մանրամասն ներկայացնել աշխատանքի բաժանումը, բոլոր այն ուղղությունները, որոնցով խումբը մտադիր է աշխատել։ Քաղաքականության մասին՝ ոչ մի խոսք, սակայն, ասվեր թե չասվեր, ակնհայտորեն Հմ. Հովհաննիսյանը լուրջ պատվեր ունի կատարելու առաջիկա խորհրդարանական անցուդարձում։ Ի դեպ, նախկին ՀՅԴ անդամն ու նախկին ՀԺԿ-ականը վստահ էր, որ իր գլխավորած խումբը զարգանալու է եւ որակական աճ է ունենալու. «Եթե դուք կասկածում եք, որ եթե ստեղծվել է խումբ, որն իր առջեւ դնում է լուրջ խնդիրներ, եւ այդ խումբը չի զարգանալու, որակական եւ քանակական աճ չի ունենալու, նշանակում է, դուք թերագնահատում եք ե՛ւ այդ խմբի ներկայացրած հայտը, ե՛ւ այդ խմբի ղեկավարի անձը»։ Խորհրդարանում, օրենքների նախագծերի քննարկմանը զուգահեռ, տեղի էին ունենում նաեւ այլ պրոցեսներ։ Ինչպես եւ սպասվում էր, արտահերթի հենց առաջին օրը ՀԺԿ-ից դուրս գալու մասին տեղեկացրին Գագիկ Ասլանյանը, Գագիկ Ոսկանյանը, Վանյա Հովհաննիսյանը եւ Սամսոն Սարգսյանը։ Վերջիններս առայժմ չմեկնաբանեցին իրենց այս քայլը։ Ի դեպ, պաշտոնական հայտարարություն, որպես այդպիսին՝ չեղավ։ ԱԺ լրատվականից տեղեկացրին, որ վերոհիշյալ անձինք ս/թ հուլիսի 23-ից դադարեցնում են իրենց անդամակցությունը ՀԺԿ-ին։ Եթե պարոնայք Գ. Ասլանյանը, Գ. Ոսկանյանը, Վ. Հովհաննիսյանը եւ Ս. Սարգսյանը, ի վերջո, կողմնորոշվել են եւ համարձակություն ունեցան քայլ կատարելու, ապա նույնը չենք կարող ասել Աշոտ Գալոյանի մասին, որն առայժմ այստեղից այնտեղ է վազվզում։ «Առավոտի» հարցին՝ «Դուք ե՞րբ եք դիմում գրելու ՀԺԿ-ից դուրս գալու մասին», պրն Գալոյանը, որն, ի դեպ, ՀԺԿ-ի ցուցակներով եւ հոկտեմբերի 27-ից հետո է պատգամավոր դարձել, հասցրեց երեք անգամ ուրանալ իրեն պատգամավոր դարձրած կուսակցությանը եւ հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ, այդպիսի կուսակցություն կա՞»։ Եթե չկա այդպիսի կուսակցություն, ուրեմն ինչպե՞ս Աշոտ Գալոյանը խորհրդարանում հայտնվեց։ Եվ ո՞վ էր, որ դեռեւս ոճրագործության զոհերին հողին չհանձնած, դեսուդեն էր վազվզում՝ պատգամավորական մանդատը ձեռք գցելու համար։ Ի դեպ, նույն Աշոտ Գալոյանի անունն էր շրջանառության մեջ, երբ օրակարգում էր Արմեն Խաչատրյանին ԱԺ նախագահի պաշտոնում որեւէ այլ ՀԺԿ-ականով փոխարինելու հարցը։ Մենք մեկնաբանություններ չենք անում, պարզապես փաստերն ենք իրար կողքի դնում՝ մեկնաբանությունը եւ վերլուծությունը թողնելով ուրիշներին։ Ուրեմն՝ կա՞, թե՞ չկա Աշոտ Գալոյանը։ «Սիասնություն» խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծված։ ԱԺ փոխնախագահներից մեկն է կուսակցական. Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ), իսկ ԱԺ նախագահն ու մյուս փոխնախագահը, փաստորեն, անկուսակցական են։ Կդրվի՞ հարց՝ վերջիններիս փոխարինելու մասին։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խնդիր չի տեսնում։ Արմեն Խաչատրյանը եւ Գագիկ Ասլանյանը կմնան իրենց պաշտոններում։ Ավելորդ անգամ հաստատվում է այն վարկածը, որ դաշինքի հանրապետական թեւի կողմից երաշխիքներ տրվել են։ Գալուստ Սահակյանը չթաքցրեց էլ, որ խնդիրը վերաբերում է ոչ թե ՀԺԿ-ին, այլ՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությանը. «Նման հարց չի քննարկվել։ Քաղաքական տեսակետից նման բան չի էլ քննարկվել։ Բայց, եթե որեւէ խնդիր լինի խմբակցության որեւէ անդամի կողմից, բնական է, պատրաստ ենք նաեւ քննարկել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել