Լրահոս
Օրվա լրահոսը

Նման

Հուլիս 24,2001 00:00

Բարոյական չափանիշներից անդին Նման բան կարող էր լինել միայն Հայաստանի խորհրդարանում՝ մարդասպանը փորձագետ է սպանությունների գործով հանձնաժողովում եւ դա այդ հանձնաժողովի անդամների առարկությունը բոլորովին չի հարուցում։ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանի ընտրությամբ հանձնաժողովի փորձագետ դարձած Արմեն Ունուսյանը դատապարտվել է երկու պատանիների «առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության եւ իշխանազանցության համար։ Հնարավոր չէր չհիշել, որ նույն հանձնաժողովը մերժեց ՆԳՆ գաղութների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին որպես փորձագետ ընդգրկել՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, թե նա մարդկանց է ծեծել։ Այսինքն, ծեծողները չեն կարող փորձագետ դառնալ, իսկ մարդասպանները կարո՞ղ են՝ մեր այս հարցին ի պատասխան «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանն ասաց. «Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ առաջարկը շոշափվել էր, բայց հանձնաժողովի նիստում չէր քննարկվել։ Ինչ վերաբերում է Արմեն Ունուսյանին՝ «Առավոտից» տեղեկանալով այդ մասին եւ ճշտելով, որ նա իրոք դատապարտվել է սպանության համար, նույն օրը եւեթ հրավիրեցի հանձնաժողովի նիստ։ Բայց քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները (կարելի է ասել՝ բոլորը) միանշանակ կարծիք հայտնեցին, որ առարկություն չունեն, քանի որ Արմեն Ունուսյանը, ճիշտ է, հանցագործություն է կատարել, բայց իր պատիժը կրել է (ի դեպ, նա ժամանակից շուտ է ազատվել, քանի որ արժանացել է նախագահ Քոչարյանի ներմանը.- Ա. Ի.)։ Ես էլ առաջնորդվում եմ հանձնաժողովի որոշմամբ, կանոնակարգով»։ Ձգտելով խուսափել այս որոշմանը պատշաճող բազմաթիվ որակումներից՝ նշենք միայն, որ այս մոտեցումը դուրս է բարոյականության շրջանակներից։ Իսկ ինչպե՞ս է Վահագն Գրիգորյանը գնահատում այն, որ մարդասպանը շարունակում է հանդես գալ որպես փորձագետ. «Գիտե՞ք, ես արդեն երկու ամիս աշխատում էի այդ մասնագետի հետ եւ, ճիշտն ասած, որեւիցե բան չեմ զգացել։ Նորմալ աշխատել է։ Բայց իմանալուց հետո ինձ վատ զգացի, որ այդ դեպքը կապված է հենց այդ մասնագետի հետ»։ Չենք ուզում մեկնաբանել, թե ինչի՛ մասնագետ է Արմեն Ունուսյանը՝ դրա վերաբերյալ կա օրինական դատավճիռ։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է համակերպվել այս իրողության հետ, որ մանկասպանը խորհրդատու է։ «Ես նույն հարցը տվեցի հանձնաժողովի նիստի ժամանակ տվյալ անձին,- ասաց պրն Գրիգորյանը։- Նա պատասխանեց, որ ինքն իսկապես հանցագործություն է կատարել, կրել դրա համար պատիժը եւ իրավունք չունի աշխատել»։ Քանի որ հանձնաժողովի անդամների վրա այս առումով հույս դնել այլեւս հնարավոր չէ՝ մնում է հուսալ, որ Արմեն Ունուսյանն ինքը կգիտակցի, թե բարոյական չէ այս հանձնաժողովում իր մնալը։ Համենայն դեպս, Վահագն Գրիգորյանն ասաց, թե նա առայժմ աշխատում է. «Չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել