Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն

Հուլիս 27,2001 00:00

ԻՆՉՈՒ ՉԻ ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Սուրեն Աբրահամյանը 1992-ին ՆԳ փոխնախարար էր եւ Երեւանի ՆԳ վարչության պետը, երբ ոստիկանի դիմահար կրակոցներից ուղղակի ցանցի վերածվեցին շրջանավարտ դպրոցականների մարմինները։ Այժմ այդ ոստիկանին «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ կարգած «պրոֆեսիոնալը», որի դատողությունները սպայի պատվի վերաբերյալ հանրահայտ են, փորձել է մոլորեցնել լրագրողներին, թե կատարվածն անզգույշ սպանություն էր։ «Եթե հանցագործությունը դատավճռով որակված է որպես դիտավորյալ սպանություն՝ այլ մեկնաբանությունները գործի որակման վերաբերյալ ուղղակի անընդունելի են,- ասաց Սուրեն Աբրահամյանը։- Ես շատ լավ հիշում եմ այդ դեպքի մանրամասները։ Ուղղակի դիմահար կրակոցով սպանվել էին այդ երկու երեխաները, որոնք Մասիսից եկել էին մասնակցելու ՆԳՆ-ի կազմակերպած «Վերջին զանգի» արարողությանը։ Կատարվածին հաջորդեցին բավական լուրջ խմորումներ՝ զանգվածային հանրահավաքներ, ցույցեր, հասարակությունն ընդվզեց։ Նույնիսկ մի քանի օր շարունակ ինստիտուտները դաս չարեցին՝ ի նշան բողոքի միանալով աշակերտների դասադուլին, պահանջելով, որ իշխանություններն ամենայն խստությամբ գնահատական տան այդ արարքին եւ պատժեն մեղավորին։ Եվ երբ 2-3 օր անց, այդ ժամանակ կոչումով ավագ լեյտենանտ Արմեն Ունուսյանը ներկայացավ հանրապետական դատախազություն՝ այնտեղ էլ մի միջադեպ եղավ։ Ձեռքին նռնակ էր եղել, եւ երբ նրան տեղյակ էին պահել, որ իրեն պետք է ձերբակալեն՝ հենց դատախազի առանձնասենյակում սպառնացել էր. «Եթե ինձ ձերբակալեք՝ կպայթեցնեմ այս սենյակը, ինձ՝ ձեզ հետ միասին»։ Եվ միայն ՆԳ վարչության պետի տեղակալի (եթե չեմ սխալվում՝ հանգուցյալ Ժորա Ադամյանն էր) միջամտությունից հետո Ունուսյանը նռնակը տվեց եւ հանձնվեց իշխանություններին»։ Այսպիսի խայտառակ անցյալով մեկին «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովում որպես փորձագետ ընդգրկելը միայն մեկ նպատակ կարող էր հետապնդել՝ վերջնականապե՛ս վարկաբեկել այդ հանձնաժողովը։ Եվ ցավալի է, որ հանձնաժողովի անդամները չեն ըմբռնում, թե ինչպես է իրենց ստվերում մարդասպանի հետ քով-քովի աշխատելը։ Սուրեն Աբրահամյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այլ հանգամանքների վրա. «Շատ խելք ունենալ պետք չէ հասկանալու համար, որ տվյալ անձին հանձնաժողովում ընդգրկելը նախ միանշանա՛կ նշանակում է անվստահություն հայտնել ողջ ՆԳ համակարգին, քանի որ այնտեղ առավել իրազեկ անձնավորություններ կան, որոնք ե՛ւ ազնիվ են, ե՛ւ անաչառ, ե՛ւ կարող են առավել մասնագիտորեն օգնել հանձնաժողովին։ Ես չեմ պատկերացնում, որ այդ մարդը 8 տարվա ազատազրկումից հետո կարող է հիշել մասնագիտական նրբերանգները։ Այդ ընթացքում այնքա՜ն նորմատիվ ակտեր են փոխվել՝ ինքը դեռ սովորելու կարիք ունի, որ նրանց սովորեցնի»։ Հանձնաժողովի անդամները չէին առարկել, որ այդ «փորձագետը» շարունակի աշխատանքը՝ նշելով, թե ի՞նչ է պատահել, մարդը պատիժը կրել է իր կատարածի համար։ «Նույնիսկ այդպես մտածելն է անբարոյականություն,- ասաց Սուրեն Աբրահամյանը։- Ինձ համար, անկեղծ ասած, լրիվ անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է այսպես վարվել»։ Ի դեպ, մի առանձին խնդիր է, թե ինչպես է, որ այս խայտառակությանը չեն արձագանքում ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ խորհրդարանի ղեկավարությունը, ո՛չ քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչները։ 1992-ին հասարակությունն ընդվզել էր, երբ մեղավորը պատասխանատվության չէր ենթարկվել։ Հիմա չունե՞նք հասարակություն, թե՞ այն ուղղակի այլեւս հաշտ է եւ անհաղորդ։ Եթե բռնաբարության համար դատապարտվածը կարող է ազգային բարերար եւ մեծահարուստ դառնալ, բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվածը՝ իրավաբանության մասին դասախոսություններ կարդալ, սպանության համար ազատազրկվածը՝ համայնքապետի թեկնածու առաջադրվել, իսկ խուլիգանության համար նստածն էլ կառավարության անդամ է՝ ոչ մեկին այլեւս չի հուզում, որ երկու երեխայի դիմահար կրակոցով սպանածն էլ կարող է դառնալ մեկ այլ հանցագործության շուրջ կասկածները ցրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անփոխարինելի փորձագետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել