Լրահոս
Օրվա լրահոսը

Ես նույնպես պրոֆեսիոնալ եմ թե՛ մասնագիտական առումով, թե՛ ունկնդրողական փորձով։ Լսել ու նայել եմ «Կար

Օգոստոս 01,2001 00:00

Ռեպլիկ պրոֆեսիոնալ ունկնդրին Ես նույնպես պրոֆեսիոնալ եմ թե՛ մասնագիտական առումով, թե՛ ունկնդրողական փորձով։ Լսել ու նայել եմ «Կարմեն» օպերայի տարբեր բեմադրություններ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ այլ քաղաքներում։ Բայց Ձեզ նման դժվարահաճ զգացմունքներով չհեռացա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի բեմադրած «Կարմեն»-ի վերջին բեմադրությունից։ Ես աշխատանք տեսա, ստեղծագործ աշխատանք, որ իրագործել էր կոլեկտիվը. նվագախումբն՝ իր նվիրյալ երիտասարդ դիրիժորով, բեմադրիչն՝ իր տքնությամբ, երգչախումբն ու նաեւ մենակատարները։ Օպերան կատարվում էր բնագրով, թող որ թերի, բայց՝ մեծ ու դժվար աշխատանքով։ Ես թատրոն չեկա հանրահայտ տենորին կամ Բարսեղ Թումանյանին լսելու հավակնությամբ (իհարկե, դա կլիներ հրաշալի), այլ՝ հեռու լինելով օպերայում եւ նրա շուրջ ծավալվող «խոհանոցային» ինտրիգներից, ուզում էի տեսնել, թե ի՞նչ կարող են անել վերջին դժվար տարիներին կոնսերվատորիայում ուսում ստացած մեր սաները։ Իսկապես, սովորում, հիմա էլ աշխատում են արվեստագետի համար անբարենպաստ պայմաններում (չմանրամասնենք…)։ Բայց էություններում եւ աչքերում կար ու կա իրենց ընտրած դժվար մասնագիտությամբ ինքնահաստատվելու գերագույն ձգտում, նպատակ, նվիրում, ինքնազոհում։ Չմտածել ու չտեսնել այս ամենը՝ չի կարելի։ Չտեսնել, որ նվագախումբը շնորհաշատ եւ տքնաջան Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ հավաք էր ու հնարավորին չափ հստակ, չտեսնել, որ բեմադրիչ Արմեն Մելիքսեթյանին հաջողվել է կայացնել դժվարին այդ օպերայի բեմական անցուդարձը, հերոսների փոխհարաբերությունները, տեսնել կամ խոսել Անանիկյանի միայն նուրբ իրանի մասին, չզգալ Կարմենի կերպարը ստեղծելու նրա մեծ ձգտումը, երեւի թե չի կարելի։ Ինչ խոսք, օպերայի, ներկայացման կամ համերգային որեւէ այլ ցուցադրման գեղարվեստական պահանջներից ունկնդիրը դժվարությամբ կարող է հրաժարվել։ Ես էլ ունեի իմ որոշակի պահանջները։ Կուզեի լսել նվագախմբի ավելի ճկուն, անսամբլային, գունային ու արտահայտիչ կատարումը, կուզեի թեթեւ, բայց ավելի տիպական տեսնել բեմական ձեւավորումը, ավելի վարպետ ու ցայտուն՝ Էսկամիլիոյի դերակատարումը, առավել հյութեղ, հատկապես, վերին ձայնասահմանի հնչողությունը՝ Անանիկյանի մեցցո-սոպրանոյում, Մարիինյան թատրոնի մենակատարի կողքին կուզեի պակաս զգալ գավառականության դրոշմը եւ այլն, եւ այլն… Բայց կրկնում եմ՝ չտեսնել այսօրվա պայմաններում նրանց իրագործած աշխատանքը, կնշանակի՝ խաթարել վերականգնման յուրաքանչյուր փորձ։ Համբերատար ու, գլխավորը, բարյացակամ սպասենք հասունացմանը։ Քննադատությունը, օգտակար լինելու համար, պետք է բարի լինի։ Հավատացեք, որ ես ոչ մի պատվեր չեմ կատարում իմ ռեպլիկով, այլ Ձեր թղթակցությունը կարդալուց հետո որոշեցի կատարել իմ մտքի ու զգացմունքների պատվերը։ Այլապես ինչո՞ւ ենք ցավ ապրում, թե Հայաստանից հեռանում են հեռանկարային կատարողները, հատկապես երգիչ-երգչուհիները։ Ունկնդիրը (պրոֆեսիոնալ թե ոչ պրոֆեսիոնալ) պետք է կարողանա օժանդակել նրանց արվեստի կայացմանը, բարդ ու դժվարին ճանապարհի ընթացքին։ ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել