Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԵՔ, ՄԵՐՈՆՑ ԵՆ ԽՓՈՒՄ

Օգոստոս 01,2001 00:00

ՀԱՍԵՔ, ՄԵՐՈՆՑ ԵՆ ԽՓՈՒՄ Վերջերս հանրապետական մամուլում հանդիպեցին հետեւյալ տողերը. «Շվեդական Կալմար քաղաքի կենտրոնում, Բալթիկ ծովի ափին, մի գեղեցիկ սպիտակ առանձնատուն կա։ Գեղատեսիլ այգով եւ էկզոտիկ ծաղիկներով շրջապատված՝ նա իրեն է ձգում առափում զբոսնող տուրիստների հայացքները։ Միայն ընդհուպ մոտենալով գեղեցիկ դարպասներին, կարելի է նկատել խաղողի որթերի մեջ թաղված ցանկապատի վրայով ձգված փշալարը։ Դա Կալմարի բանտն է։ Փշալարը, պետք է կարծել, ձգված է բոլորովին էլ ոչ անվտանգության նկատառումներով։ Ամենայն հավանականությամբ, այն ձեւավորման տարր է»։ Անտեր հայի բախտ։ Ունենք-չունենք, նշանավոր մի հայ ունենք հեռավոր Շվեդիայի Կալմար քաղաքի բանտի սպիտակ առանձնատանը, էն էլ են շատ համարում։ Ուզում են նրան հեռացնեն այնտեղից։ Այն էլ ինչ անմարդկային ճանապարհով՝ խելապակաս դարձնելով։ Ախր, խելքը գլխին մարդու բա՞ն է, որ Բալթիկ ծովի գեղատեսիլ պատկերը թողած, փափուկ կահույքն ու հեռուստացույցը, մեղմ երաժշտությունն ու գրադարանը, մաքրությունից փայլող լոգարան ու զուգարանը թողած, 3 օրը մեկ փոխվող ճերմակ սպիտակեղենը, օրական 3 անգամ կուշտ ուտելը, 200$ աշխատավարձը ու երկամսյա արձակուրդը թողած, սպասարկող թերապեւտ բժշկին ու հոգեբույժին, խոհարարին ու հավաքարարին թողած, ի վերջո, օրական 2 ժամ (հանգստյան օրերին՝ 8 ժամ) իր ընկերուհու հետ ժամանակ անցկացնելը թողած, իրավաբանի միջոցով ներման խնդրագիր ներկայացնի էդ երկրի իշխանություններին, թե՝ ես ինձ օրինակելի եմ պահել, ազատեք էս բանտից, ես ուզում եմ գնամ՝ իմ երկրում ազատ ապրեմ։ Այ, երկիրդ չքանդվի, որ քանդվել է։ Բա խելքը գլխին մարդը էդ բանը կանե՞ր, որ դու ես անում… Այսինքն, քեզ դա քիչ է… Հանցագո՞րծ ես, բա՞նտ պիտի նստես… Արի, արի, իսկը քո տեղն է… Ս. ՄՈՍԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել