Լրահոս
Օրվա լրահոսը

Սա գովազդ չէ

Օգոստոս 02,2001 00:00

Սա գովազդ չէ Հարգելի տիկին Քոչարյան, հարկադրված ենք դիմել Ձեզ չափազանց կարեւոր խնդրի առնչությամբ, որը Դուք՝ իբրեւ կին, մայր եւ մեր կոլեգա, անկարող եք ուշադրության չարժանացնել։ Խնդիրը վերաբերում է հանրապետությունում միակ մանկական գինեկոլոգիական բաժանմունքի ճակատագրին։ Բաժանմունքը հիմնադրվել է 1977-ին եւ այն ժամանակ միակն էր ողջ Անդրկովկասում։ Մենք սպասարկում ենք մինչեւ 20 տարեկաններին՝ հիմնականում էնդոկրին հիվանդություններ, գինեկոլոգիական խաթարումներ եւ այլն։ Բաժանմունքում կան նույնիսկ 2-3 տարեկաններ եւ Դուք՝ իբրեւ բժիշկ, պատկերացնում եք այդքան վաղ հասակում ի հայտ եկած պաթոլոգիաների ողջ բարդությունը։ Այդուհանդերձ, չնայած ցուցաբերվող բուժօգնության եզակիությանը եւ ծայրահեղ կարեւորությանը, բուժանձնակազմը չի կարողանում ձերբազատվել կողմնակի ու արհեստական խոչընդոտներից։ Պարբերաբար հայտնվում են ազդեցիկ կազմակերպություններ եւ ցանկանում յուրացնել մեզ պատկանող տարածքը։ 1994-95թթ., այն ժամանակվա ՆԳ նախարար Սիրադեղյանը առողջապահության նախարար Բաբլոյանի հետ համատեղ հրամանով բաժանմունքին հարկադրեցին ազատել տարածքը եւ տեղափոխվել 4-րդ հարկում գտնվող սեքսոպաթոլոգիայի բաժանմունք։ Այս օրերին էլ նոր ցնցում ապրեցինք։ Մեզ միանգամայն անսպասելի տեղեկացվեց, որ ազատենք բաժանմունքի տարածքը, որովհետեւ այն տրամադրվում է Հայ-ամերիկյան Մամոգրաֆիկ կենտրոնին։ Այս պահին բաժանմունքում բուժվում է 15-20 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։ Տիկին Քոչարյան, հուսով ենք, Դուք կպատկերացնեք, թե ինչ է զգալու բժիշկը, եթե այսօր, չէ վաղը ստիպված լինի մոր լացակումած հայացքին ի պատասխան ասել. «Ես որեւէ տեղ չունեմ, որտեղ կարողանամ բուժել ձեր աղջնակին»։ Խնդրում ենք միջամտել եւ կանխել անարդարությունը, որ կարող է կատարվել. հանրապետությունում միակ մանկական գինեկոլոգիայի բաժանմունքը Մամոգրաֆիկ կենտրոնին նվիրաբերելը։ Մենք չենք գովազդում մեր անհրաժեշտությունը, բարեգործությունը, բայց շատ հաճախ հենց մեր ջանքերով է հայտնաբերվում եւ կանխվում հիվանդությունը՝ խուսափելով հետագա բարդություններից։ Խնդրում ենք Ձեզ՝ պաշտպանել մեր մանկահասակ հիվանդների իրավունքները։ Մեզ փորձում են համոզել, որ հանրապետության վարչապետը այս նվիրատվությունը կատարում է ԱԺ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Հրանուշ Հակոբյանի ճնշման ներքո եւ ապօրինությանը հակադրվելու մեր բոլոր ջանքերը դատապարտված են ձախողման։ Այդ պատճառով էլ դիմում ենք Ձեզ, որպեսզի փրկեք բաժանմունքը եւ ոմանց բացատրեք, որ իրենց կաշվի եւ գրպանի շահերից վեր, ավելի բարձր շահ գոյություն ունի՝ մեր երեխաների առողջությունը։ Բուժանձնակազմի անունից՝ ՌԱՖԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ Ընտանիքի պլանավորման կենտրոնի մանկական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵԲՀ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել