Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան

Օգոստոս 14,2001 00:00

«Պատայի՞ն» իրավիճակ «Ղարաբաղյան խաղադաշտում պատային իրավիճակ է»,- այսպես է բնորոշում ԼՂ հիմնախնդրի ներկա փուլը «թՈջպՑՈ հծթ»-ն: Ռուս վերլուծաբանների բնորոշմամբ, հիմնախնդրի կարգավորումն այդպես էլ հնարավոր չի եղել դուրս բերել փակուղային իրավիճակից, եւ դրա հիմնական պատճառը խնդրի աշխարհաքաղաքական բնույթն է. «Այն նախեւառաջ պայմանավորված է տարածաշրջանային երեք «ծանրքաշային» երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի, շահերի «պաթոլոգիկ անհամատեղելիությամբ»: Քաղաքական դիտորդների պնդմամբ, ստեղծված փակուղային իրավիճակը կարող է անսահմանորեն երկար ձգվել, եւ դա մարտահրավեր է հարավկովկասյան երեք երկրներին: Վերջիններիս ոչինչ չի մնում, քան հարմարվել ստեղծված իրողությանը եւ ձգտել խնդիրը կարգավորել հենց այդ երկրների շահերի շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, թերեւս, հենց դրան էլ ձգտում են: Այդ է վկայում Իրանին «Ղարաբաղյան քարտ-բլանշ» տալու վերջիններիս մտադրությունը: Իհարկե, այդ քայլին գնալու համար Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը իրենց սեփական շահերն ու պատճառներն ունեն: «Իրանին խաղի մեջ մտցնելը Ռուսաստանին անհրաժեշտ է որպես հակարեւմտամետ երկրի, Ֆրանսիային Իրանը գրավում է իր էներգոռեսուրսներով, իսկ ԱՄՆ-ը Իրանին խաղի մեջ մտցնելը դիտում է իբրեւ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիային ներգրավելու նախապայման»,- նկատում են ռուսաստանյան դիտորդները: Ստեղծված իրավիճակը միանշանակ չի գնահատվում վերջիններիս կողմից: Ըստ ոմանց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման «պատային» իրավիճակին լավագույնս հարմարվել է Հայաստանը: Վերջինս շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական եւ ռազմական դաշնակիցը տարածաշրջանում եւ միեւնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, մեծ հաջողությամբ Արեւմուտքի բարեկամ երկրի դիրք է ընդունում, որին ԱՄՆ-ը, ի դեպ, իբրեւ օգնություն հատկացնում է տարեկան մոտ 100 մլն դոլար: Փոխարենը ստեղծված իրավիճակում շատ անհարմար է Վրաստանի վիճակը: Վերջինս այդպես էլ չկարողացավ դրական տեղաշարժ արձանագրել Ռուսաստանի հետ իր հարաբերություններում: Թվում է, թե նա լքված է նաեւ Արեւմուտքի կողմից, որը, բացի խոսքերից, գործնականում որեւէ կերպ չի օգնում Վրաստանին՝ լուծելու իր բազում հիմնախնդիրներից եւ ոչ մեկը: Նույն այդ «պատային» իրավիճակում ավելի բարվոք է Ադրբեջանի վիճակը: Ադրբեջանի նախագահի նախկին օգնական Էլդար Նամազովի՝ «Զերկալո» թերթում արած պնդման համաձայն՝ «Ռազմավարական տեսանկյունից պատային ստեղծված իրավիճակը Ադրբեջանին ձեռնտու է»: Նրա կարծիքով, Ադրբեջանի համար ավելի բացասական կլիներ, եթե Ռուսաստանը, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը տարածաշրջանում հեգեմոն դեր ունենային եւ իրենց պայմանները թելադրեին: Նրա կարծիքով, Ադրբեջանը պետք է հարմարվի աշխարհաքաղաքական «պատային» իրավիճակին եւ այն վերածի տարածաշրջանային անվտանգության համակարգի, ուր հաշվի կառնվեն Ադրբեջանի, Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի ու Թուրքիայի շահերը: Չնայած ռուս վերլուծաբանների՝ ԼՂ հակամարտության կարգավորումը «պատային» գնահատելու փորձերին, կարծում ենք, որ տարածաշրջանում, այնուամենայնիվ, որոշակի գործընթացներ են սկսվել, որոնք, ըստ էության, միտված են ամրապնդել Արեւմուտքի գերիշխանությունն այս տարածաշրջանում: Ադրբեջանն ու Վրաստանը դրան արդեն վաղուց պատրաստ են, իսկ Հայաստանն առայժմ այդ իմաստով որոշակի խնդիրներ ունի: Ըստ ռուսական մամուլի՝ պատ. ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել