Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւելով, թե ինչ բառեր են միմյանց հասցեին գործածում Հայկոմկուսի ներկայիս երկու թեւերի ներկայացուցիչ

Օգոստոս 21,2001 00:00

Կոմունիստական «սիրալիրություններ» Հետեւելով, թե ինչ բառեր են միմյանց հասցեին գործածում Հայկոմկուսի ներկայիս երկու թեւերի ներկայացուցիչները՝ որեւէ պատրանք չի մնում, թե մեկը մյուսի նկատմամբ առավելություն ունի։ Հրանտ Ոսկանյանին նրա գործընկերները բնորոշում են որպես խիստ բարեհամբույր (այդպես էր նրա մասին մինչեւ վերջերս արտահայտվում անգամ Խորեն Սարգսյանը), համեստ, կիրթ անձնավորություն։ Բայց ահա այդ եւ չթվարկված այլ առաքինություններով օժտված պատկառելի տարիքի տեր անձնավորությունն իր կուսակցական գործընկերների՝ Սանատրուկ Սահակյանի, Խորեն Սարգսյանի եւ Նորիկ Պետրոսյանի մասին այսպես խոսեց. «Նրանց միակ ծառայությունն այս երկրին այն է, որ իրենց կղկղանքով պարարտացրել են հայրենի հողը, բայց դա էլ դեռ մեծ հարց է» («Հայկական ժամանակ», 14-ը օգոստոսի)։ Այս տողերը կարդացած յուրաքանչյուրի դեմքը զզվանքից ծամածռվում էր։ Պարկեշտ մարդու համբավ ունեցող մեկ այլ կոմունիստ՝ Յուրի Մանուկյանը երազում է այն մասին, որ «Հայաստանի կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր Նորիկ Պետրոսյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից. «Ես հաճույքով նայելու եմ, թե ինչպես են նրան կանդալներ հագցնում ու տանում, վստահ եմ, որ պատգամավորները միաձայն կողմ կքվեարկեն նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն»,- նույն թերթին տրված հարցազրույցում այսպիսի չարախինդ եւ քինոտ խոստովանություն է արել Յուրի Մանուկյանը։ «Թեեւ հիմարին չեն առարկում» խորագրի ներքո «Հայաստանի կոմունիստի» վերջին համարում մի ծավալուն առարկություն-հարցազրույց է հրապարակվել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ։ Նա նույնպես կիրթ ու կարդացած մարդու համարում ունի։ Նրա հրապարակային յուրաքանչյուր խոսք զարդարվում է այս կամ այն դասականից մեջբերումով։ Այս հարցազրույցում մեջբերելով Յուրի Մանուկյանի խոսքը՝ «Կոմկուսում շարունակում են առաջնորդվել նախորդ դարի բանաձեւերով, որտեղ գլխավորը անասունն է, քանզի նա տալիս է կաթ եւ բուրդ։ Իսկ մտավոր ընդունակությունները որեւէ արժեք չունեն»,- Վլադիմիր Դարբինյանը հարց է ուղղում Հրանտ Ոսկանյանին. «Կուսակցությունը քեզանից կաթի եւ բրդի սպասելի՞ք է ունեցել, թե՞ մտավոր ընդունակության։ Ավելի պարզ՝ կուսակցության շարքերում Ոսկանյանը գործել է որպես անասո՞ւն, թե՞ մտավորական»։ Յուրի Մանուկյանի առնչությամբ Վլադիմիր Դարբինյանն այս հարցազրույցում ասում է. «Հետին թվով տարակուսանք հայտնել համագումարի աշխատանքների եւ արդյունքների նկատմամբ ինքնասիրահարվածի թուլություն է, որը հատուկ է համասեռականներին»։ Իսկ Մանուկյանի եւ Հրանտ Ոսկանյանի գործունեությունը բնորոշում է որպես «իշխանությունների հետ արտամուսնական կապ»։ Սահմանափակվենք ՀԿԿ յուրաքանչյուր թեւի ներկայացուցիչների խոսքից երկուական մեջբերումներով՝ կարծում ենք, այսքանն էլ բավարար են ապացուցելու համար, որ նրանք իրար արժեն։ Այս օրերին բազմաթիվ կուսակցություններ պառակտվեցին՝ ըստ իշխանության նկատմամբ իրենց դիրքորոշման։ Բայց որեւէ այլ կուսակցությունում միմյանց մասին նման բառապաշարով հրապարակավ չարտահայտվեցին՝ բացի Կոմկուսից։ Թերեւս, սա հատկանշական է։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031