Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ

Օգոստոս 21,2001 00:00

ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի՝ փողոցներից առեւտուրը «մաքրելու» հպարտության առիթը մի քանի ամսվա արդիականություն ունեցավ ընդամենը։ Իսկ որ ավելի վատ է՝ «ընտրյալների» կետերին դրանք չվերաբերեցին կամ վերաբերեցին «մինչեւ անցնի վտանգը»։ «Սասունցի Դավիթ» հրապարակի մերձակայքում տարածվում ու տարածվում է ապօրինի առեւտուրը։ Սեխ, ձմերուկ, պոմիդոր եւ այլ մթերքներ վաճառողները ոչ մի կերպ չեն տեղափոխվում շուկայի համար հատկացված տարածք։ Երբ գյուղացիներն են փորձում առեւտրի համար հարմար այս տեղերում վաճառել իրենց ապրանքը, կարելի է հասկանալ, նկատի ունենալով անջուր հողի հետ տված կռիվը։ Բայց երբ դա անում են վերավաճառողները, չինովնիկները կամ պետական ծառայողները, հիշում ես, որ իրենց կռիվ տալու տեղը դա չէ։ Առաջին լուսանկարում պատկերված այս «բուդկա «Մոսկվիչը», որ հացի ու հացամթերքի առեւտուր է անում, կողքի վրա էլ ընդարձակվելով, ըստ «Առավոտին» հասած տեղեկության, «աշխատեցնում» է Էրեբունի համայնքի ոստիկանության Արմեն անունով մի աշխատակից։ Թե կոնկրետ որ Արմենը՝ չհաջողվեց պարզել (մի քանիսն են այդ անունով)։ Իսկ մյուս լուսանկարի ոստիկանները, որ այս պահին (16։30-17։00-ի սահմաններում) հանգիստը զուգակցելով աշխատանքի հետ հսկում են հրապարակի կարգուկանոնը, անտեսում են, որ իրենց շեֆերից մեկը ճիշտ դիմացը, «անշառ» մեկի միջոցով հացի առեւտրով է զբաղված։ Ու այդ պահին էլ կարեւոր չէ, որ հացը հակահիգիենիկ պայմաններում է վաճառվում։ Այս «Մոսկվիչից» քիչ այն կողմ այլ կետեր էլ կան։ Սրա դիմացի մայթն էլ արդեն տոնավաճառի է վերածվել։ Կրպակատերերը, որ ապրանքները ներսում վաճառելու իրավունք ունեն, դրանք հանել-շարել են կրպակից դուրս, ինչն, ըստ էության, նույնպես փողոցային առեւտուր է։ Ինչքան հրատապ են հակահիգիենիկ պայմանները, քաղաքի տեսքը, հյուրերի վրա թողնելիք տպավորության հետ կապված խնդիրները, այնքան էլ կարեւոր է այն, որ տուժում են այս կետերի հարեւանությամբ գտնվող բիզնեսմեններն ու պետական բյուջեն։ Խանութատերերը զբաղեցրած տարածքի համար վճարում են, հրշեջ ծառայության համար վճարում են, շահութահարկ մուծում են, եկամտահարկ մուծում են (եթե լինում է), ԱԱՀ մուծում են, ՀԴՄ կիրառում են, «տակը» բան չի մնում շնորհիվ ոստիկանության աշխատակցի, շնորհիվ այլ «խառոշիների»։ Իսկ մյուսներն էլ, որ առիթից օգտվելով մի երկու մետր տարածք են զբաղեցնում, իրենց առեւտուրն անելով շուկայում մուծելիք «տեղի փողը» ոչ թե ըստ հասցեի են մուծում, այլ ըստ օրվա ոստիկանի գրպանի։ Այսինքն այդ գումարի պոչն էլ չի տեսնում պետբյուջեն, ինչը կլիներ հարկերի միջոցով, եթե առեւտուրը շուկայում լիներ, փոխարենը՝ ոստիկանները արգելելու փոխարեն նրանցից գումար են վերցնում առեւտուրը թույլ տալու համար։ Տվյալ դեպքում այս գումարը կարելի է նաեւ կաշառք անվանել։ Բայց երբ մեկը փորձի առանց կաշառքի կանգնել ու վաճառել, ոստիկանները չափ ու սահման կորցրած՝ վիրավորական արտահայտություններով են նրանց «քշում»։ «Առավոտը» քաղաքապետարանի առեւտրի վարչության պետի տեղակալ Սամվել Եգանյանի հետ հեռախոսակապ հաստատեց «ճիշտ այն պահին, երբ վարչության եւ ՆԳ աշխատակիցների հետ այս թեմայով խորհրդակցություն էր անցկացվում»։ Պրն Եգանյանը ասաց, որ մեր նշածը քաղաքում միակ տեղը չի, ուր ապօրինի առեւտուր է կատարվում, «դրա դեմ պայքարում ենք ժամ առ ժամ։ Միջոցառումն անցկացնում ենք, մաքրում ենք փողոցները, հաջորդ օրը՝ նորից նույնը»։ Ս. Եգանյանը չբացառեց, որ հիշատակված «Մոսկվիչը» միլիցիայի աշխատակցինը կարող է լինել, «եւ ավելի բարձրինը, բայց ինչքան կարողանում ենք, պայքարում ենք։ Իսկ եթե միլիցիայի աշխատակցինն է առեւտրի այդ կետը, ապա բնական է, այդ տեղում ոստիկանները կթերանան իրենց պայքարում»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031