Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Օգոստոս 22,2001 00:00

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ Ամեն տարի Երեւանի խորհրդի (Երեւանի խորհրդի անդամներն են քաղաքապետը եւ 12 թաղապետերը) որոշմամբ «Պատվավոր քաղաքացու» կոչում են տալիս տարբեր բնագավառների անվանի մարդկանց։ Քաղաքապետարանի կազմատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը ասաց, որ «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում են տալիս եւ հուշամեդալով պարգեւատրում են ոչ միայն նրա համար, որ տվյալ անձը հանրաճանաչ է, այլեւ՝ հաշվի են առնվում այդ անձի ծավալած գործունեությունն ու արժանիքները»։ Նա ասաց, որ երբ քաղաքապետարանը ստանում է քաղաքացիների կամ ձեռներեցների ուղարկած փաթեթները, «առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում, թե ինչ արժանիքներ ունի առաջարկված անձը եւ մանրամասն քննարկումից հետո Երեւանի խորհուրդը որոշում է կայացնում»։ Մինչ օրս «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանն է արժանացել 45 հոգի, իսկ վերջին վեց ամիսների ընթացքում «Երեւանի պատվավոր քաղաքացի» են դարձել երեք հոգի՝ Էդվարդ Միրզոյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Գուրգեն Դալիբաթյանը։ Իսկ թե ի՞նչ է տալիս անձին այդ տիտղոսը, Գ. Բաղդասարյանն ասաց, որ քաղաքապետի որոշմամբ, պատվավոր քաղաքացին իրավունք ունի արտոնություններից օգտվել, «սակայն մինչ օրս դեռ ոչ մեկին ոչ մի արտոնություն չի տրվել, պարզապես կոչումը նրանց պատիվ է բերում, իսկ քաղաքապետի 2000թ. որոշմամբ, այգիներից մեկում հուշաքար է տեղադրվելու, որտեղ գրվելու են ԵՊՔ-ների անունները։ Իսկ իրենց գործունեությունը լուսաբանող փաստաթղթերը պահպանվելու են Երեւան քաղաքի թանգարանում»։ Գ. Բաղդասարյանի խոսքերով, ժողովուրդը շատ անհեթեթ առաջարկներ է անում, նշելով նույնքան անհեթեթ արժանիքներ։ Ասենք, պարոդիստ Սամվել Բաղդասարյանին նրա համար են առաջարկել պատվավոր քաղաքացու կոչում շնորհել, որ «նա լավ է ուրիշների տնազը կատարում»։ Հրանտ Թոխատյանն էլ լավ է նայվում գովազդների մեջ, իսկ Աշոտ Ղազարյանի որոշ հումորներ ծիծաղելի են։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել