Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ իշխանության շարքային ներկայացուցիչները, պարզապես, խնդիր

Օգոստոս 23,2001 00:00

Ոչ ոք չի պատրաստվում պղտորել Ձեր ջուրը Չորրորդ իշխանության շարքային ներկայացուցիչները, պարզապես, խնդիր ունեն տարբեր բաղադրություն ունեցող պղտոր ջրերն անալիզի ենթարկել եւ հասկանալ, թե ինչու է ոմանց ջուրը պղտոր, մյուսներինը՝ պարզ ու ջինջ՝ առանց քլորի պարունակության: Երեկ «Առավոտի» խմբագրությունը բաց նամակ է ստացել «Թալինի Պարտիզակ գյուղի մի խումբ բնակիչներից», որոնք վրդովված ու նեղացած արձագանքել են թերթի օգոստոսի 16-ի համարում լույս տեսած «Պարտիզակի գործը լռվե՞լ է դատախազությունում» հրապարակմանը: Ընդ որում, նամակը ձեռագիր եւ անստորագիր է ճիշտ այնպես, ինչպես ձեռագիր եւ անստորագիր էր մեր հիշյալ հոդվածի հիմք դարձած մեկ այլ գրություն: Երեկ մեր ստացած հիշյալ նամակին կցված էր մի գրություն՝ արդեն Պարտիզակի գյուղապետ Ա.Գրիգորյանի ստորագրությամբ ու կնիքով (իհարկե, գյուղապետը լիովին անկախ է մարզպետ Հրայր Կարապետյանից): «Արդեն մի քանի անգամ ձեր թերթն անդրադարձել է մեր գյուղի՝ Պարտիզակի խմելու ջրագծին, նշելով, որ այն սխալ է կառուցվել, կամ շինարարներն ու մարզպետարանն ապօրինություններ եւ չարաշահումներ են արել, կատարվել են ստուգումներ եւ այլն,- իրենց բաց նամակում գրում են գյուղի բնակիչները ու հետո, մի քիչ ետ գնալով, պատմում, թե ինչպես սկսվեց այդ ջրագծի շինարարությունը, որ թեեւ ոչ ոք չէր հավատում, թե գյուղը խմելու հոսող ջուր է ունենալու, այդուհանդերձ,- փառք Աստծո եւ բոլոր նրանց, ովքեր հավատում էին եւ կառուցեցին: Ջուրը հոսում է մինչեւ հիմա»: Նամակի հեղինակ պարտիզակցիները խմբագրությանը խնդրում են նաեւ՝ «եթե ինչ-որ խնդիրներ ունեք մարզպետի կամ մարզպետարանի հետ, գտեք մեկ այլ թեմա, թողեք մեզ հանգիստ, թող չպղտորվի մեր ջուրը»: Նույն բովանդակությունն ունի (երեւի պատահական զուգադիպությամբ) նաեւ գյուղապետ Ա.Գրիգորյանի գրությունը: Խմբագրությունն ու հոդվածի հեղինակը մեծ հարգանք են տածում Պարտիզակի բնակիչների ու գյուղապետ պարոն Ա.Գրիգորյանի հանդեպ, որոնք, հրապարակումն, ըստ ամենայնի, ճիշտ չեն ընկալել: Մենք վստահ ենք, որ գյուղը այսօր էլ խմելու հոսող ջրով ապահովված է, եւ նպատակ չունենք Պարտիզակի ջուրը պղտորել: Հիշյալ հրապարակումը ոչ թե հոսող կամ չհոսող ջրի, այլ՝ Պարտիզակ գյուղի խմելու ջրագծի վերակառուցման ընթացքում շուրջ 22 միլիոն դրամի վատնումի ու յուրացման փաստի մասին էր, որն, անշուշտ, ուշադրության արժանի էր: Ընդ որում, սույն փաստը արձանագրել է ոչ թե «Առավոտը» կամ նրա թղթակիցը, այլ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վերահսկողական գլխավոր վարչությունը: Վերջինս իր անցկացրած ստուգումների արդյունքում ակտ էր կազմել եւ դիմել իրավապահ մարմիններին՝ ի հայտ բերված փաստերը քննության առնելու համար, որը, մեր տեղեկությունների համաձայն, փակուղի է մտել: Վստահ ենք, որ ե՛ւ գյուղի բնակիչները, ե՛ւ գյուղապետը մեզ հետ համամիտ են այն հարցում, որ անկախ պաշտոնյայի կուսակցական պատկանելությունից ու անձից, պետական միջոցների վատնումներին առնչվող նման բոլոր փաստերը լիարժեք եւ լուրջ քննության են արժանի: Մենք չենք կարող դատավորի դեր ստանձնել ու դատավճիռ կարդալ, ուստի համաձայն ենք, որ նման փաստերը, որոնց մասին ահազանգել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, քննության առնվեն կամ վիճարկվեն իրավապահների կողմից եւ համարժեք գնահատականի ու վճռի արժանանան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել