Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Օգոստոս 23,2001 00:00

Աբովյանից հերքում են «Առավոտի» հունիսի 17-ի համարում «Ջուրը մարդու մենաշնորհն է» խորագրով հոդված էր տպագրվել։ Ցավոք, հեղինակի հիշատակած փաստերը շինծու են, օդից վերցված, իսկ եզրահանգումները՝ մտացածին։ Ջուրը նույնպես ապրանք է եւ դրա դիմաց պետք է վճարվի։ Հակառակ դեպքում մեզ իրավունք է վերապահված դադարեցնել ջրամատակարարումը։ Սպառողների 510 մլն դրամ պարտքի առկայության պարագայում էլ մենք այդ քայլին չենք դիմել եւ եղած հնարավորության սահմանում ժամանակին ջուր ենք մատակարարել քաղաքին՝ նախօրոք մշակված եւ քաղաքապետարանի հետ համաձայնեցված ժամանակացույցով։ Զարմանք է հարուցում նաեւ այն, որ հոդվածագիրը ինձ հետ ոչ մի հանդիպում չի ունեցել եւ ոչ էլ զրուցել է, սակայն իմ անունից կարծիքներ է հորինել ու հանձնել թղթին։ Նա պնդում է, որ Աբովյանում եւ մերձակա համայնքներում գործող ռեստորանները, մասնավոր լողավազանները, սաունաները, «Հյուրանոցային համալիր» անվան տակ գործող կասկածելի հաստատությունները, ավտոլվացման կետերը, բենզինի լցակայանները, օղու արտադրամասերը՝ թերեւս շուրջօրյա անխափան ջրամատակարարում ունեն, բայց ապօրինաբար օգտագործվող ջրի վարձերի գանձումը կատարվում է «հասարակ մահկանացու» բնակիչներից։ Սա, մեղմ ասած, զրպարտանք է։ Վերոհիշյալ «հաստատությունները» ջրաչափեր են տեղադրել եւ վճարումները իրականացնում են ջրաչափերի գրանցած ցուցմունքներին համապատասխան։ Ուրիշ բան է, որ կան անպարտաճանաչներ եւ թերացողներ, որոնց հետ հարցերը լուծվում են դատական կարգով։ Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ քաղաքի երկու բուժհիմնարկները՝ հակատուբերկուլյոզային դիսպանսերը եւ կենտրոնական հիվանդանոցը զրկված են կանոնավոր ջրամատակարարումից։ Որ այս հարցում էլ իրականությունը ներկայացված է «ծուռ հայելու մեջ», հաստատում են առողջապահական հիշյալ հիմնարկների գլխավոր բժիշկների ներկայացրած տեղեկանքները։ ՌՈՒԲԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության «Մաքրավան» մասնաճյուղի տնօրեն Վերոնշյալ առողջապահական հիմնարկների գլխավոր բժիշկների ներկայացրած տեղեկանքներն ասում են, որ իրենց հիմնարկն «ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ դժգոհություն՝ կապված խմելու ջրի մատակարարման հետ»՝ իրենք չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել