Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անկախության

Օգոստոս 24,2001 00:00

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ Անկախության հռչակագրի ընդունման տարելիցի կապակցությամբ ո՛չ երկրի նախագահը, ո՛չ էլ վարչապետը կառավարության նիստը սկսելուց առաջ հարկ չհամարեցին շնորհավորել կառավարության անդամներին։ Թերեւս երկրի առաջին դեմքերը համարում են, որ ով՝ ով, բայց նախարարները երբեւէ չեն անկախացել եւ շարունակելու են իրենց կախյալ վիճակը։ Հետաքրքիր է, որ նախարարներն էլ իրենց հերթին չեն համարձակվել նույն առիթով շնորհավորել նախագահին եւ վարչապետին։ Հավանաբար, վերջիններիս եւս կախյալ վիճակում տեսնելով։ Այդպես փոխադարձաբար կախյալ էլ ընթացել է կառավարության հերթական նիստը։ Սովորաբար, երբ նախագահ Քոչարյանը որոշում է մասնակցել գործադիր նիստերին, լրագրողներս երկու բացատրություն ենք տալիս՝ կամ խիստ կարեւոր օրակարգային հարց կա, կամ էլ՝ նախագահը լրագրողներին (որ նույնն է, թե հասարակությանը) ասելու բան ունի։ Երեկվա դեպքը թերեւս բացառություն էր։ նախագահը մեզ մի փոքր անհավես թվաց, եւ հենց սկզբից հայտարարեց, թե մեկ-երկու հարցի է պատասխանելու։ «Հայլուրի» ավանդական հարցին՝ «Այսօրվա նիստին ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ձեր ներկայությունը ո՞ր հարցով էր պայմանավորված», նախագահ Քոչարյանը պատասխանեց՝ ասելով, որ չի ուզում որեւէ հարց առանձնացնել. «հատուկ հնչեղության հարցեր չկային այսօրվա նիստում, ես մասնակցել եմ, քանի որ բավական երկար ժամանակ չէի մասնակցում։ Ապագա մեկ ամսվա աշխատակարգս ցույց տվեց, որ հնարավորություն չեմ ունենալու մասնակցել մինչեւ, հավանաբար, սեպտեմբերի վերջը։ Դրա համար որոշեցի մասնակցել եւ ավելի շատ ուշադրություն դարձրեցի վերջին մի փոքրիկ խորհրդակցությանը կառավարության անդամների հետ»։ Նախագահը չասաց, թե ինչ հարցեր են քննարկվել այդ «փոքրիկ» խորհրդակցության ընթացքում։ Ինքնաքննադատաբար խոստովանենք, որ լրագրողներն էլ չհարցրին իրեն այդ մասին։ Ավելի ուշ «Առավոտը» փորձեց պարզել, թե խորհրդակցության ժամանակ ինչ հարցեր են քննարկվել։ Հասկանալի է՝ պաշտոնական հարցումներին ոչ ոք չպատասխանեց։ Ավելի ուշ կփորձենք խորհրդակցության մասին տեղեկություններ ստանալ ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրներից։ Տպավորություն կար, որ նախագահը մի փոքր վրդովված է։ Գուցե խիստ սուբյեկտիվ պատճառ կար՝ շոգ էր։ Բայց, ակնհայտորեն, Ռուսաստանի Դաշնության պարտքի դիմաց որոշ ձեռնարկությունների հանձնման վերաբերյալ հարցին նախագահ Քոչարյանը պատասխանեց ընդգծված դժգոհությամբ։ Լրագրողի հարցին՝ ի՞նչ որոշում է կայացվելու պարտքի դիմաց ձեռնարկությունները հանձնելու վերաբերյալ, նախագահը պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ՝ ինչպիսին է լինելու։ Դու արդեն բանակցությունների արդյունքի մասին այսօր հարց ես տալիս»։ Հարցը բացատրվեց. «Խոսվում է պարտքի դիմաց…»։ Նախագահը ընդհատեց. «Վաղուց է խոսվում, մեկ տարի է դրա մասին խոսակցությունը գնում է, եւ տվյալ առաջարկը նաեւ իմ կողմից էր, իմ պաշտոնական այցի ժամանակ առաջադրվել է։ Կարծում եմ, հնարավոր է։ Ուղղակի կարեւոր է, որ Ռուսաստանի խոշոր բիզնեսի կողմից հետաքրքրություն լինի այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մենք առաջարկել ենք։ Մի մտածեք, որ այսպես բոլորը հերթով կանգնած են եւ ուզում են անպայման մտնել այս գործարքի մեջ։ Ուղղակի բիզնեսն ունի իր տրամաբանությունը, սպասվելիք շահութաբերությունը»։ Նախագահ Քոչարյանը առաջարկեց չկապել Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինի այցը մի քանի ձեռնարկությունների հետ. «Դրա համար չի գալիս Ռուսաստանի նախագահը։ Պետք չի կապել Ռուսաստանի նախագահի այցը ձեռնարկությունների հետ կապված գործարքների հետ։ Դրա համար չի գալիս Ռուսաստանի նախագահը պետական այցով։ Ուղղակի ընդհանուր մեր տնտեսական հարաբերություններում որոշ լուծումներ են առաջարկվել մեր կողմից, որը դրական արձագանք է ստացել ռուսական կողմից։ Եվ աշխատանքները շարունակվում են։ Բայց, ուղղակի կապել Ռուսաստանի նախագահի այցի հետ, ուղղակի սխալ կլինի»։ Ռոբերտ Քոչարյանը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքի մասին իր կարծիքը արդեն 3-րդ անգամ հրաժարվեց ներկայացնել։ Եթե առաջին երկու դեպքերում նախագահն ասում էր, թե ինքն ասելիք ունի, առայժմ չի խոսի, բայց երբ կխոսի՝ լուրջ ասելիք կունենա, ապա երեկ նախագահն ընդհանրապես հրաժարվեց կարծիք հայտնել. «Իհարկե, հետեւում եմ դատավարությանը, բայց երեւի նկատել եք, որ որեւէ կարծիք չեմ հայտնել։ Եվ շարունակելու եմ չհայտնել»։ Նիստի ավարտից հետո, երբ նախագահը հեռացավ իր շքախմբով, կառավարության մուտքի մոտ մի կին սկսեց աղմկել. ինչ-որ անհասկանալի պահանջ ուներ։ Նրա աղմուկը շատ արագ խլացավ հեռացող վերջին ծառայողական «գոճի»-ի աղմուկի մեջ։ Կնոջը հեռացրին կառավարության մուտքից։ Նախարարներից ոմանք համբերատար սպասեցին, մինչեւ աղմկարարը հեռանա, հետո միայն համարձակվեցին դուրս պլստալ կառավարության շենքից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031