Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ակնհայտորեն

Օգոստոս 24,2001 00:00

Ինքնամաքրվող ՀԺԿ-ն Ակնհայտորեն ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը եւ Աջափնյակի ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղար Արտակ Սարգսյանը բավականին տքնել էին կուսակցության նախագահի հետ հանդիպումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի մշակույթի պալատի բակն ընդգծված մարդաշատ էր, Ստեփան Դեմիրճյանին դիմավորեցին ծափերով, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր՝ առանց չափազանցության։ Դահլիճում ներկա էին ոչ միայն ՀԺԿ անդամներ, այլեւ մարդիկ, ովքեր ցանկություն ունեին դառնալ կուսակցության անդամ եւ եկել էին համոզվելու՝ արժե՞ դառնալ, թե՞՝ ոչ։ ՀԺԿ շարքային անդամ Օֆելյա Մելոյանի կարծիքով. «Նրանք, ովքեր համապատասխան չեն ՀԺԿ-ին, դուրս են եկել, կուսակցությունն ինքնամաքրվել է»։ Սերժ Դանիելյանի կարծիքով, ՀԺԿ-ում ոչ մի խմորում չկա. «Հիմնականում համալրվում է նոր, երիտասարդ կադրերով։ Շատ-շատերը գալիս են ընդունվելու։ Ավելի երիտասարդանում, ավելի հզորանում է կուսակցությունը, եւ հույս ունենք, որ այսօրվա կուսակցության վրա պիտի հիմնվի մեր երկրի վաղվա օրը»։ Լյովա Գրիգորյանի կարծիքով, «Կուսակցությունից դուրս են եկել այն մարդիկ, ովքեր հասկացել են, որ ավելորդ են կուսակցության համար։ Սա բնական երեւույթ է»։ Ղարաբաղցու բարբառով խոսող մի պապիկ սկզբում չեմուչում արեց, ասաց, թե ինքը խոսելու բան չունի։ Հետո էլ ասաց, որ ինքը կուսակցության անդամ չէ, եկել է՝ լսի-իմանա ի՞նչ են խոսում. «Մի լավ օրից չի, որ եկել ենք, օր օրի վիճակն ավելի վատ է գնում, այսպես չի լինի, մարդ են, հասկանան։ Չեն կարող ղեկավարել, ռադերնին քաշեն-գնան։ Սա գենոցիդ է։ Երկիրը կործանման են տանում»։ Պապիկն իր անունը չուզեց ասել. «որովհետեւ սրանց մեջ մարդկություն-էյթբար չկա։ Դուզ խոսողին լավ ձի ա պետք՝ նստի ու փախնի, ետ չնայի։ Թող ամոթ լինի իրենց»։ ՀԺԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության անդամները պահանջեցին, որպեսզի կուսակցությունից դուրս եկած պատգամավորները վայր դնեն պատգամավորական մանդատները։ Արտակ Սարգսյանն ասաց, որ ինչպիսի «բյուրոկրատական ապարատ էլ լինի, չի կարող քանդել ՀԺԿ-ն։ ՀԺԿ-ն ինքնամաքրվեց եւ ավելի ուժեղացավ»։ Արտակ Սարգսյանն առաջարկեց ՀՀ նախագահին, որ վերջինս միշտ հիշի, թե ո՞ւմ իշխանության օրոք է տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ը։ Ասվեց, որ ժողովուրդն իր հերթին չի մոռանում դա եւ հասկանում է, որ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվի այս իշխանությունների օրոք։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին եւս հայտարարեց, որ ՀԺԿ-ին կոտրել հնարավոր չէ. «Շատ են աշխատել ՀԺԿ-ն թուլացնելու, պառակտելու ուղղությամբ։ Անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո գործի է դրվել քարոզչական մի մեքենա, որի նպատակն էր՝ վարկաբեկել ՀԺԿ-ն։ Այս աշխատանքներն ավելի թափ ստացան համագումարից հետո, երբ տեսան, որ ՀԺԿ-ն մնում է ամուր կուսակցություն»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ՀԺԿ-ն քայքայելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Հնարավոր դաշինքի վերաբերյալ պտտվող լուրերին ի պատասխան, Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ՀԺԿ-ն համագործակցում է «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունների եւ Կոմկուսի հետ։ Այս անունների թվարկման ժամանակ դահլիճը արձագանքում էր՝ արժի։ Դեմիրճյանը շեշտեց, որ խոսքը չի գնում նոր դաշինքի ձեւավորման մասին։ Կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ ՀԺԿ-ն «միշտ ունեցել է եւ կունենա իր ուրույն դեմքը»։ ՀՀՇ-ի հետ հնարավոր համագործակցության մասին լուրերը հերքելով, Դեմիրճյանն ասաց, որ այդպիսի լուրեր տարածողները «կրկնում են նույն բաները, ինչ-որ ասվում էր 98-ին, երբ Կ. Դեմիրճյանն առաջադրվեց նախագահի թեկնածու։ Նույն տեխնոլոգիաներն են, ոչ մի նոր բան չկա։ Գոնե մի քանի նոր բան մտածեն»։ Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ՝ «Ի՞նչ դիմության մասին կարելի է խոսել, երբ իշխանություններն ակնհայտորեն հովանավորում են ահաբեկիչներին։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր խոսում են դիմության մասին՝ նկատի ունենալով այսպիսի դիմությունը, նրանց գործն է»։ Ստեփան Դեմիրճյանը վրդովմունք հայտնեց, որ «տեղի-անտեղի, ով ասես խոսում է Դեմիրճյանի ծրագրերի մասին։ Դեմիրճյանը գործի մարդ էր։ Ավելի լավ է՝ անունը քիչ տալ եւ գործով հարգել նրա հիշատակը։ Մեր կուսակցությունը պետք է դա անի»։ Իսկ ՀԺԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության քարտուղար Արտակ Սարգսյանն առաջարկեց, որ Ստ. Դեմիրճյանն արգելի կուսակցության դավաճաններին՝ արտասանել կուսակցության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի անունը։ Դահլիճը համաձայն էր։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031