Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ

Օգոստոս 24,2001 00:00

հՁՀԿԼխԼ, հՁՀԿԼխԼ Լ ծԸԽԿծժՃ կԿհՁՀԿԼխԼ Մեկ ամսից կկայանա Երեւանի Մայր տաճարի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը։ Իր վեհաշուք տեսքով պատկառազդու տաճարի շինարարությունը գրեթե ավարտվել է, սակայն մեծածավալ աշխատանք կա անելու՝ շրջակայքը «խելքի բերելու» առումով։ Ու դժվար թե մեկ ամսվա ընթացքում այդ մասշտաբի աշխատանքները հիմնովին ավարտվեն։ Այսինքն, չի բացառվում, որ շատ այլ առիթների պես, այս անգամ էլ նոր շինության բացումը կկատարվի այն ավարտուն տեսքի հասցնելուց առաջ։ Եկեղեցու կառուցումը ժամանակին բազմաթիվ քննադատությունների, չարախոսությունների առիթ դարձավ։ Քննադատվում էին ոչ միայն եկեղեցու ճարտարապետական արժանիքները (օրինակ՝ «Բացառությամբ մի երկու դրվագից, հաստատված նախագծում հայեցի ոչինչ չկա եւ չի էլ կարող լինել տվյալ նախագծի որեւէ մշակումով։ Բացակայում է մեր տաճարներին հատուկ միասնականն ու մոնումենտալը թե տաճարի դրսում, թե ներսում»,- Տիգրան Մարության, ճարտարապետության դոկտոր), այլեւ Մայր տաճարի կառուցման նպատակահարմարությունը (քննադատության այս ուղին բռնածները հիշում էին տարիներ շարունակ չվերակառուցվող աղետի գոտին, սոցիալական ծանր դրությունը, թոշակների ու նպաստների ուշացումները, անգամ պնդում, թե Երեւանում եղած եկեղեցիները բավական են, նորի կարիքը չկա)։ Այսօր, երբ եկեղեցին արդեն կանգուն է, որպես մեր հավատքի 1700-ամյա ամրության խորհրդանիշ, այլեւս անիմաստ ենք համարում ցանկացած քննադատական խոսք, սակայն, ըստ «Գոյապահպանություն» միության, կա մի թերություն, որը երբեւէ ուշ չէ վերացնել եւ, որի մասին իրենք բազմիցս զգուշացրել են ե՛ւ եկեղեցու նախագծի հեղինակին՝ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանին, ե՛ւ շինարարության ղեկավարման գրասենյակի տնօրեն Էդուարդ Պալասանյանին, ե՛ւ «Երեւանշին» ԲԲԸ տնօրեն Վ. Պողոսյանին։ Խոսքը վերաբերում է եկեղեցու անձրեւաջրերի հեռացման խնդրին։ Ինչպես նշում է «Գոյապահպանություն» միության ղեկավար Ռ. Դաշտոյանը, «Այսօր արդեն հստակ երեւում է, որ եկեղեցու ապսիդների ճակատային հատվածի անձրեւաջրերի հեռացումը ստիպված են եղել ապահովել շատ պարզունակ, եկեղեցուն անհարիր միջոցով, որը հատուկ է միայն թիթեղյա ծածկ ունեցող հասարակական շենքերին։ Եկեղեցում կիրառված կոնստրուկցիայի հետեւանքով ձեւավորված բազմաթեք-կտրտված տանիքների անձրեւաջրերի հեռացման այդ եւ այլ միջոցները, ցավոք, ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց արդյունավետությունը։ Արդյունքում՝ անձրեւաջրերը որոշ հատվածներում կողողեն եւ կքայքայեն եկեղեցու բարձրադիր պատերը։ Ցավոք, այդ վտանգից զերծ չեն մնալու նաեւ տանիքների տուֆե սալերը, որոնք միմյանց հետ կողային ճակատներով «հերմետիկացվում» են ռետինե միջադիրներով»։ «Գոյապահպանությունն» այլ դիտողություններ էլ է ունեցել եկեղեցու նախագծի հետ կապված, որոնք ժամանակին (92-97թթ.) ներկայացրել է կառուցողներին։ Սակայն դրանց մենք նախընտրում ենք չանդրադառնալ, քանի որ անիմաստ ենք համարում արդեն կառուցված, ժողովրդինը դարձած եկեղեցու մասին քննադատական «ժամկետանց» խոսքեր տպագրելը։ Սակայն անձրեւաջրերի հեռացման տեխնիկական խնդիրը այսօր էլ, հետագայում էլ հնարավոր է լուծել, այդ պատճառով մի մեջբերում եւս ներկայացնենք «Գոյապահպանության» վերլուծությունից. «Տեխնիկապես բարձր մակարդակով է իրականացվել երկու զույգ խաչվող կամարների առանձին զույգերի ու թմբուկի միջեւ ձեւավորված երկթեք չորս տանիքների անձրեւաջրերի հեռացումը։ Այն կատարվել է շնորհիվ պատերի միջով իջնող մետաղյա ջրհորդանների։ Մտահոգում է եկեղեցու փոխուղղահայաց կամարների միջեւ ձեւավորված ապսիդների, նաեւ՝ երկու մատուռների ապսիդների տանիքների անձրեւաջրերի անհետեւանք հեռացման կազմակերպումը։ Ըստ նախագծի, անձրեւաջրերի հեռացումը պիտի ապահովվի բազմաստիճան կտրվածք ունեցող քիվերի միջոցով։ Եթե անձրեւաջրերի ուղղակի հեռացման այդ քիվերը նույնիսկ ծառայեն իրենց նպատակին՝ բարձրադիր պատերի հետագա կեղտոտումը ցեխահետքերով եւ մասնակի քայքայումը կանխելուն, ապա այդ քիվերի լայնաճակատ առաջին աստիճանը, ցավոք, պատվելու է ցեխահետքերով ու քայքայվելու։ Առանց այդ էլ ձեւավորվել են մակերեսներ, որոնք պաշտպանված չեն անձրեւաջրերից»։ «Գոյապահպանությունը» նաեւ առաջարկում է լուծումներ. «Կարծում ենք, շատ ուշ չէ, եթե եկեղեցու չորս ապսիդների անձրեւաջրերի հեռացումը նույնպես իրականացվի պատերի միջով իջնող մետաղյա ջրհորդանների միջոցով (ինչ խոսք, նման հանդուգն որոշում կայացնելն ավելի դժվար կլինի, քան լրացուցիչ ծախսեր փակելը)։ Եկեղեցու ապսիդների պատուհանների դեկորատիվ կամարաձեւ պատերը շարունակել մինչեւ քիվերը, եւ այն ավարտել քիվերի նոր շարվածքով։ Այդ քայլով կվերացվեն հոգս դարձած այդ թեք մակերեսները եւ դրանցով պայմանավորված պատերի ողողումը անձրեւաջրերով…»։ Զուտ մասնագիտական այս դիտողություն-առաջարկություններին «Առավոտն» անդրադառնում է միայն ու միայն ամենաբարի նկատառումներով։ Մայր տաճարի գոյության կարեւորությունն ու անհրաժեշտությունը չվիճարկելով, ճիշտ ենք գտնում ցանկացած միջամտություն, որը որեւէ ձեւով օգտակար կլինի եկեղեցու շինարարությանը։ Առավել եւս, որ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը ոչ միայն Ս. Քյուրքչյանինն է, Հայ առաքելական եկեղեցունը եւ կամ՝ Երեւանի այսօրվա բնակիչներինը, այլեւ՝ դարերինն ու պատմությանը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031