Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդի մեջ վատ բան չկա

Օգոստոս 24,2001 00:00

Գովազդի մեջ վատ բան չկա Անցած չորեքշաբթի մեր թերթում տպագրվել էր մի ռեպլիկ, որում խոսվում էր «Երեւանի պատվավոր քաղաքացի» ինստիտուտի մասին եւ այդ համատեքստում որոշ չափով վերապահ գնահատական էր տրված իմ կողմից շատ հարգված դերասան Հրանտ Թոխատյանին: Ընդգծված ազատական թերթ լինելով, «Առավոտը» հրապարակել եւ հրապարակելու է, թե դրական եւ թե բացասական կարծիքներ մշակույթի, տնտեսության, պետական եւ քաղաքական գործիչների մասին: Չեմ կարծում, որ կարող եմ բռնանալ որեւէ մեկի գեղագիտական կամ քաղաքական ճաշակի վրա՝ իմ տեսակետը համարելով վերջին ատյանի ճշմարտություն: Բացի այդ, համաձայն եմ, որ մեզանում արժեզրկվել են բոլոր տեսակի շքանշաններն ու կոչումները, այդ թվում նաեւ՝ «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչումը: Բայց որպես շարքային հանդիսատես, չեմ կարող իմ խիստ դրական վերաբերմունքը չարտահայտել Հրանտ Թոխատյանի դերասանական տաղանդի մասին, որն արտահայտվում է թե բեմում, լուրջ դերերում եւ թե գովազդներում: Այո, ի տարբերություն շատ-շատերի, որեւէ վատ բան չեմ տեսնում գովազդի մեջ, եթե այն պատրաստվել է ճաշակով եւ որոշակի գեղագիտական նորմերին համապատասխան: Գովազդը տվյալ անձի, հիմնարկի կամ լրատվամիջոցի անկախության գրավականն է. որքան շատ եւ որքան թանկ է գովազդը, այդքան քիչ է անհրաժեշտությունը փող մուրալու անանուն «սպոնսորներից»: Կարծում եմ, որ պրն Թոխատյանը շատ «համով» է գովազդներում, եւ այդ տեսահոլովակները անձնապես իմ մեջ որեւէ տհաճ զգացողություն չեն առաջացնում, բացի «Գրանդ Քենդիի» սեռական ակնարկներ պարունակող քաղաքական մի գովազդից: Իհարկե, մենք կարող ենք բողոքել, թե ինչու Հայաստանում չկա ՄԽԱՏ կամ «Լենկոմ», որպեսզի մեր լավագույն դերասանները պարբերաբար ուրախացնեն մեզ «մեծ բեմում»: Բայց Հայաստանում չկա նաեւ «Իզվեստիայի» կամ «Կոմերսանտի» մակարդակի թերթ, չկա Մոսկվայի «Սպարտակի» նման ֆուտբոլային թիմ, չկա եւ չի լինելու «Ավտովազի» նման գործարան: Դա չի նշանակում, որ մենք չպիտի աշխատենք յուրաքանչյուրս մեր տեղում, եթե որոշել ենք ապրել Հայաստանում եւ ամեն օր պետք է գլխներիս մոխիր լցնենք այն պատճառով, որ փոքր երկրում ենք ապրում: Գավառամտությունը հենց այդ մոխիր լցնելն է: Հրանտ Թոխատյանը պատվով է կատարում իր գործը՝ դա արդեն մեծ բան է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել