Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական

Օգոստոս 25,2001 00:00

«ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ» Պաշտոնական դիրքի չարաշահման համար Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Օհանյան) չի քննարկել Արշակ Սադոյանի քաղհայցը՝ ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքի քվեարկության ապօրինության մասին։ Դատավորը պատճառաբանել էր, թե օրենքը չեղյալ հայտարարելու իրավասությունը ՍԴ-ինն է։ Արշակ Սադոյանը եւ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել։ Ստեփան Զաքարյանը նշեց, որ, եթե առաջ փորձում էին պատգամավորներին կաշառելով ու ճնշելով, համոզելով ու վախեցնելով այս կամ այն հարցի քվեարկության համար անհրաժեշտ ձայներ հավաքել, այժմ. «լկտիության բոլոր ձեւերը ի ցույց դրվեցին։ Երբ չհաջողվեց այդ ձայները հավաքել, կամ ալարեցին, ծուլացան այդ ձայները հավաքելու գործում, ապա այնքան վստահ էին, որ պիտի անցկացնեն, որ գնացին բացահայտ կեղծիքի, կանոնակարգի բազմաթիվ հոդվածների խախտմամբ»։ Ստեփան Զաքարյանի պնդմամբ՝ ԲԷՑ-երի մասնավորեցման օրենքի «անցկացումը» տեղի ունեցավ Արմեն Խաչատրյանի միջոցով լկտիության բոլոր սահմանները խախտելով. «Եվ դա կատարեց ԱԺ-ի նախագահը։ Եթե մենք ապրեինք իրավական երկրում, այդ մարդը պիտի դատվեր 182 եւ 183 հոդվածներով՝ պաշտոնական դիրքը ի չարը գործադրելու եւ նաեւ՝ գերազանցելու համար, որոնք, որքան գիտեմ, նախատեսում են 5-8 տարի ազատազրկում»։ Ստեփան Զաքարյանի համար ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Նրա ասելով՝ «պարզ է, որ ԱԺ-ում կա մեծամասնություն, որը, մեղմ ասած, Ռոբերտ Քոչարյանի գրպանում է, եւ ինչպես նա կարգադրում է, այդ մեծամասնությունն այդպես էլ վարվում է»։ ՀԺԿ քարտուղարի պնդմամբ, յուրաքանչյուրը փորձում է ճիգ անել այդ գրպանում ավելի խորը եւ ավելի հարմար տեղավորվելու համար։ Բայց, ցանկացած «գրպան, նույնիսկ՝ երկրի նախագահինը, անհատնում չէ, եւ հասկանալի է, որ բոլորի համար տեղ չի կարող լինել»։ Ստեփան Զաքարյանը եւ Արշակ Սադոյանը բողոք են հղել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին, խնդրելով, որ վերջինս զննելով եղած փաստերը եւ դրանց իսկության մեջ համոզվելու պարագայում քրգործ հարուցի ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը ի չարը գործադրելու (ՀՀ քրօր 182 հոդվածի) եւ իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու (ՀՀ քրօր 183 հոդվածով) հանցագործությունների կատարման փաստի առթիվ։ Արշակ Սադոյանը գտնում է, որ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ճանապարհներով պայքարել, որ «կեղծիքներով, անօրինական ընդունված ԲԷՑ-երի մասնավորեցման օրենքն ընդունված չհամարվի»։ Պրն Սադոյանը հաստատում է եւ մինչեւ վերջ պնդելու է, որ օրենքի ընդունումը չեղյալ համարվի։ Պետության համար կարեւոր, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մասնավորեցման գործընթացը պրն Սադոյանը գնահատում է որպես արհեստական մեխանիզմներով օտարներին տալու գործընթաց. «Նման հանցագործության, ազգային դավաճանության դեմ ես պայքարելու եմ, ինչպիսի մեկնաբանություններ էլ փորձեն տալ»։ Ըստ Արշակ Սադոյանի՝ ազգային դավաճանությունն իրականացնողները, լինի նախագահ թե վարչապետ, իրենց անձնական շահն ունեն, եւ միայն այս շահն է նրանց դրդում կատարել ազգային դավաճանություն։ Որքան էլ երկրի նախագահը փորձում է ապացուցել, թե «ԱրմենՏելի» գործերում ինչ-որ առաջընթաց կա, Արշակ Սադոյանը մերկ փաստերն է ներկայացնում. 1) գյուղերը զրկված են հեռախոսակապից, 2) 21-րդ դար ենք մտնում առանց լուրջ թվայնացման, 3) մալուխային կապերը Հայաստանի տարածքում չեն գործում, եւ վերջապես՝ բոլոր տեսակետներից տապալվել են ներդրումային ծրագրերը, ՀՀ-ին արդեն ավելի քան 100 միլիոն դոլարի ուղղակի վնաս է պատճառվել, այս իրավիճակում «միայն բանից անտեղյակ պետության ղեկավարը կարող է հայտարարել, որ դա հաջող գործարք էր։ Դա ամենաանհաջող գործարքն էր»։ Իսկ ԲԷՑ-երի եւ էներգետիկ համակարգի մասնավորեցման գործընթացը տեղի է ունենում ուղղակի օրենքի ոտնահարմամբ։ Արշակ Սադոյանը գտնում է, որ մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին. «Եթե գողը տնից է, ապա Սեւան-Հրազդան կասկադն էլ կնվիրեն օտարին, միայն թե ձախ եկամուտ ունենան եւ գրպանեն։ Եվ, քանի որ մենք այս տնից ենք, մենք պետք է պայքարենք այդ գողերի դեմ, թույլ չտանք, որ նրանք մեր ընդհանուր ունեցվածքը օտարեն»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել