Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի

Օգոստոս 25,2001 00:00

Մրցավարությունից լուրջ բողոքներ առայժմ չկան Քանի որ «Երկրորդ համահայկական խաղերն» իր հիմքում նախ եւ առաջ մարզական միջոցառում է, ուստի դրա վերջնական հաջողությունն, ըստ էության, մեծապես, եթե չասենք՝ նախ եւ առաջ, կախված է մրցավարության մակարդակից։ Մեր աշխատակից Աշոտ Հակոբյանի զրույցը Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանի հետ հենց այս մասին է։ «Համեմատելով 1-ինի հետ, մրցավարության տեսանկյունից 2-րդ խաղերի սպասարկումն անհամեմատ ավելի բարդ է ու աշխատատար,- ասաց Ա. Գրիգորյանը։- Եթե նախորդ խաղերում մասնակից թիմերի քանակն էր քիչ եւ պայքարն էլ այնքան լարված չէր, Խաղերը սպասարկող մրցավարների գործը համեմատաբար հեշտ էր։ Այս անգամ պատկերը միանգամայն այլ է։ Նկատելի է, որ մասնակիցներն ավելի լուրջ են նախապատրաստվել ու ծրագրում ընդգրկված բոլոր մարզաձեւերում թեժ ու անզիջում պայքար է ընթանում, մանավանդ, սկսած քառորդ եզրափակիչներից։ Այնպես որ, յուրաքանչյուր մրցավար իր ամեն մի վճռի համար մեծ պատասխանատվություն է զգում»։ – Առաջին խաղերում մրցումները սպասարկում էին միայն Հայաստանի մրցավարները։ Հայտնի է, որ այս անգամ ծանր բեռը կիսում են նաեւ արտերկրից ժամանած մեր հայրենակիցները։ Ասել է թե, կարեւորվում է նաեւ խաղերի այս ոլորտը։ – Այո, այդպես է, ու դա մեզ շատ է ոգեւորում։ Այս հարցը իմ առաջարկով քննարկվել է կառավարական կազմկոմիտեի եւ համաշխարհային կոմիտեի համատեղ նիստերում ու տրվել է դրական պատասխան։ Առաջին խաղերի փորձը ցույց է տվել, որ մանավանդ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումները անպայման պետք է վարեն չեզոք մրցավարներ։ Եվ քանի որ առանձնակի հետաքրքրություն կա հատկապես բասկետբոլի եւ ֆուտբոլի նկատմամբ, հենց այս երկու ձեւերում էլ այս օրերին աշխատում են դրսից եկած մրցավարները՝ Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից՝ 5-6 հոգի։ – Նույնիսկ ամենաբարձր մակարդակի մրցումներում հնարավոր չէ ապահովել անթերի մրցավարություն։ Այս օրերին տասնյակ հանդիպումներ են կայացել։ Թիմերից բողոքներ, դժգոհություններ չե՞ն ստացվել։ – Ամեն երեկո մրցումների ավարտից հետո գլխավոր մրցավարական հանձնաժողովը հավաքվում է ու քննարկում, ամփոփում օրվա արդյունքները։ Ըստ մարզաձեւերի՝ գլխավոր մրցավարները թիմերի ներկայացուցիչներից ստացված որեւէ բողոք չեն ներկայացրել։ – Ինքս քանիցս տեսել եմ, թե ինչպես հատկապես բասկետբոլի եւ ֆուտբոլի հանդիպումներում մարզիկները կամ մարզիչները հաճախ անթաքույց ցույց են տալիս իրենց անհամաձայնությունը մրցավարի վճռի հետ։ – Սխալվելը, վրիպելը տրված է նույնիսկ մրցավարին։ Նա էլ մարդ է։ Այլ բան է, որ դա միտումնավոր անելն անթույլատրելի է։ Անթերի մրցավարություն գրեթե բացառվում է։ Նույնիսկ օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում, երբ մրցավարի մեկ սուլիչը ճակատագրական նշանակություն ունի, նման բաներ լինում են։ Ինչ վերաբերում է ձեր բերած փաստերին, ուրեմն տվյալ մրցավարի սխալմունքը չի ազդել վերջնական արդյունքի վրա, այլապես, անպատճառ պաշտոնական բողոք կստանայինք ու խստագույնս կպատժեինք մեղավորին։ – Պաշտոնապես հայտարարվել է, որ Համահայկական խաղերում արգելվում է պրոֆեսիոնալ մարզիկների, թիմերի մասնակցությունը։ Բայց այնպիսի մարզաձեւերում, ինչպիսիք են, ասենք, բասկետբոլը, թենիսը, սեղանի թենիսը, որոշ վերապահումներով՝ նաեւ ֆուտբոլը, բավականին բարձր մակարդակ կա։ – Դեռ Առաջին խաղերի ժամանակ ու հիմա էլ բոլորը տեղեկացվել են, որ մասնակցել կարող են միայն սիրողական թիմերն ու անհատները։ Ու հայտերն այդպես էլ ներկայացված են։ Եվ մինչ այսօր ոչ մեկը ոչ մի բողոքարկում չի ներկայացրել։ – Օրվա մարզական ամփոփագրերը նայելիս հաճախ ենք տեսնում (մանավանդ առաջին օրերին), որ նշանակված հանդիպումը կողմերից մեկի չներկայանալու պատճառով չի կայացել։ Ի՞նչ է արվում նման դեպքերում։ – Մեծ մրցումներում հայտավորվելուց հետո մրցավայր չժամանելու դեպքում տվյալ երկրի մարզական համապատասխան ֆեդերացիան դրամական խոշոր տույժի է ենթարկվում։ Բնականաբար, մենք այդպես չենք վարվում, Խաղերի կանոնադրության մեջ էլ այդպիսի կետ չկա։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ թիմը Երեւանում է ու չի ներկայացել խաղին, գործում է ամբողջ աշխարհում ընդունված կարգը՝ գրանցվում է տեխնիկական պարտություն. ֆուտբոլում՝ 0։3, բասկետբոլում՝ 0։20 հաշվով։ Ասեմ նաեւ, որ մեր հայրենակիցները որոշ դեպքերում փոքրիկ խորամանկությունների են դիմում, միեւնույն թիմը հայտավորում են, ասենք, եւ մինի ֆուտբոլում եւ ֆուտբոլում, կան նաեւ անհատ մարզիկների հետ կապված դեպքեր, որի հետեւանքով նշանակված հանդիպումներից մեկը, բնականաբար, ձախողվում է։ Պատահում է նաեւ, որ պարզապես չեն ներկայանում ուժեղ մրցակցի հետ հանդիպմանը՝ տարբեր պատճառաբանություններով։ Նման դեպքերում առայժմ կտրուկ մոտեցումներ չենք ցուցաբերում։ Բայց օգոստոսի 22-ին ես հրավիրեցի մասնակից բոլոր քաղաքների ներկայացուցիչներին ու հորդորեցի, որ այսուհետ ավելի կարեւորեն Համահայկական խաղերի մարզական նշանակությունը։ Այ, այն ժամանակ, երբ Խաղերը կվերածվեն «Համահայկական օլիմպիական խաղերի», իսկ դրանում ոչ ոք չի կասկածում, կգործեն նաեւ սպորտում ընդունված բոլոր օրենքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել