Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՑՈՒԼ ՉԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ

Սեպտեմբեր 04,2001 00:00

ՈՉ ՄԻ ՑՈՒԼ ՉԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ Սեպտեմբերի 7, 8, 9-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք ցլամարտի շուրջ մեծ «իրարանցում» է սկսվել։ Արտահայտվում են իրարամերժ տեսակետներ։ Մի մասը դեմ է Երեւանում կորիդայի անցկացմանը, պատճառաբանելով, թե դա անհարիր է քրիստոնյա ազգին, չի համապատասխանում մեր ժողովրդի հոգեբանությանը։ Մյուս մասը պնդում է հակառակը, նշելով, որ ցլամարտի ժամանակ տեղի ունեցող իրադարձություններում անմարդկային ոչինչ չկա։ Ի վերջո, ի՞նչ է մեզ մատուցվելու առաջիկա երեք օրերին հանրապետական մարզադաշտում։ Այս խնդրի շուրջ իրենց մեկնաբանություններն են տալիս կազմակերպիչները՝ «X Group»-ի ներկայացուցիչները։ Նրանց հավաստմամբ, մեզ մոտ ոչ մի ցուլ չի սպանվելու։ Երեւանում ցուցադրվելու է ցլամարտի իսպանական մեղմ տարբերակը։ Դա այն ոճն է, որի ժամանակ մատադորից (ցլամարտիկից) պահանջվում է ցուցադրել կատաղի կենդանու հետ մարտավարելու եւ նրան սանձելու արվեստը, որի ընթացքում բացառվում է դաժանությունը եւ արյունահեղությունը։ Ըստ էության ներկայացվելիք կորիդան իսպանական մշակույթի մի դրվագն է, որը բավականաչափ սիրված է ու հետաքրքրում է քրիստոնյա բազմաթիվ ազգերին։ Այնպես որ, մտավախությունները, թե հանդիսականի աչքի առջեւ սպանդ է լինելու, մեղմ ասած, անհիմն են։ Կազմակերպիչները տեղեկացրին նաեւ, որ երեւանյան ցլամարտում չեն լինելու նժույգներով պիկադորներ, որոնց գործունեությունը ավարտվում է կենդանիների մահով։ Եվ վերջապես, կազմակերպված է նաեւ հանդիսականի անվտանգությունը՝ տրիբունաների առջեւ որոշակի հեռավորության վրա տեղադրվելու են մետաղյա ճաղեր։ Կազմակերպիչները հավաստիացրին, որ կորիդայից ստացված շահույթի մի մասը «X Group»-ը տրամադրելու է կենդանաբանական այգուն։ «X Group»-ի ներկայացուցիչները շեշտեցին, որ այս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի քրիստոնեության 1700-ամյակի հետ։ Եթե խոչընդոտող խնդիրներ չլինեին, կորիդան կանցկացվեր դեռեւս անցյալ տարի։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930