Լրահոս
Օրվա լրահոսը

Աստիճանաբար մոտ 2-2,5 անգամ կրճատելով ԳԱԱ-ի եւ բուհերի ասպիրանտուրաներին հատկացվող տեղերի քանակը՝ ՀՀ

Սեպտեմբեր 06,2001 00:00

Դասախոսները ծերանում են, իսկ փոխարինողներ չկան Աստիճանաբար մոտ 2-2,5 անգամ կրճատելով ԳԱԱ-ի եւ բուհերի ասպիրանտուրաներին հատկացվող տեղերի քանակը՝ ՀՀ կառավարությունը մի «հիանալի» արդյունքի է հասել։ Թե՛ ԳԱԱ համակարգում, թե՛ բուհերում կադրերի ծերացումը լուրջ պրոբլեմ է դարձել, ինչը կարծես թե բոլորովին չի մտահոգում մեր պետությանը, քանի որ հակառակ արդեն մի քանի տարի հնչող ահազանգերին, ոչ մի ծրագիր այս ուղղությամբ չի մշակվում։ Ավելին, իր անհեռատես քաղաքականությամբ պետությունը նպաստում է պրոբլեմի խորացմանը։ Հանրապետության ինը բուհերում գործում է ասպիրանտուրա, որտեղ այսօր սովորում է անվճար համակարգում 882, իսկ վճարովիում՝ 159 ասպիրանտ։ Բուհերի դասախոսների միջին տարիքը 55-60 է, եւ, ինչպես պաշտոնական աղբյուրներն են հաստատում, «մանկավարժական կազմի տարիքը կայուն աճի միտում ունի»։ Դա նույնիսկ «Կրթության զարգացման պետական ծրագրում» է արձանագրված, սակայն դրանում եւս հարցի լուծում չի առաջարկվում։ Ծրագիրը նաեւ արձանագրում է, որ «տարիներ շարունակ հիմնարար, նորագույն հեռանկարային գիտական ուղղությունների եւ հասարակագիտական մասնագիտությունների անտեսումը չի ապահովում կրթություն-գիտություն կապը, իսկ բարձրագույն որակավորմամբ կադրերի պատրաստումը տեղական գիտական դպրոցների շրջանակներում սահմանափակելը՝ գիտամանկավարժական կադրերի պատրաստության պատշաճ մակարդակ»։ ԵՊՀ պրոռեկտոր Էդուարդ Չուբարյանի կարծիքով՝ «Սա պրոբլեմ է, որը պետք է հրատապ լուծել։ Ամեն տարի ուշացնելը մի 5-6 տարի հետո մեզ անդունդի առաջ է կանգնեցնելու, որովհետեւ մենք դասախո՛ս չենք ունենալու։ Մարդիկ ծերացել են»։ Է. Չուբարյանի պնդմամբ, Մայր բուհի ներուժը այնքան մեծ է, որ կարող են շատ ավելի մեծ թվով ասպիրանտներ պատրաստել, քան թույլ է տալիս ՀՀ կառավարության հաստատած տեղերի թիվը։ ԵՊՀ-ն 40-50-ի փոխարեն 200 ասպիրանտ կարող է տարեկան պատրաստել։ Պրոռեկտորի հավաստմամբ, իրենք ունեն ամբիոն, որտեղ 7-8 հանրաճանաչ պրոֆեսոր է աշխատում, բայց նրանց տալիս են մի ասպիրանտ ընդամենը, որը «անթույլատրելի է»։ Էդուարդ Չուբարյանի պնդմամբ, «ԵՊՀ-ի քիմիայի, կենսաբանության եւ երկրաբանության ֆակուլտետներն արդեն ծերացած ֆակուլտետներ են»։ Նա «ակնհայտ շատ ցածր» է համարում այն տեղերի թիվը, որ հատկացվում է ասպիրանտուրային։ ԵՊՀ-ին այս տարի տրվել է ընդամենը 47 տեղ՝ ասպիրանտուրայի ստացիոնար բաժնի համար, մինչդեռ համալսարանը մոտ հարյուր ամբիոն ունի, այսինքն՝ մեկ ամբիոնին գոնե մեկ ասպիրանտ բաժին չի հասնում։ Իհարկե, պարոն Չուբարյանը ընդունում է, որ ասպիրանտը միշտ չէ, որ ապագայում դասախոս, գիտնական է դառնում. «Տասը ասպիրանտներից մեկն է հետագայում դառնում լավ մասնագետ»։ Ասպիրանտական տեղերի հարցը բուհերը արծարծում են ոչ առաջին տարին, սակայն մինչեւ այսօր այդ հարցը լուծում չի ստացել։ Խիստ սահմանափակելով բուհերի ասպիրանտուրաների ստացիոնար տեղերի քանակը, պետությունը նաեւ ոչ ստացիոնար տեղերի քանակն է սահմանափակում՝ թեեւ դա որոշելը տրամաբանորեն բուհի իրավունքը պետք է լիներ։ Այստեղ հիմնականը, թերեւս, զորակոչի խնդիրն է։ «Տղաներին տանում են, թող տանեն, դա էլ է կարեւոր հարց, որովհետեւ իրո՛ք բոլոր տղաները պետք է ծառայեն։ Մյուս կողմից, երբ նրանք կտրվում են ուսուցման պրոցեսից, դժվար է դա վերականգնել»,- ասաց պարոն Չուբարյանը։ Հարցի լուծումը, որ գտել են Ռուսաստանում, ԵՊՀ պրոռեկտորի կարծիքով, շատ արդյունավետ է։ Ռուսաստանի ակադեմիային տրված է 500 տեղ, «500 ցանկացած մասնագիտությամբ տղա նրանք բուհից վերցնում են եւ անմիջապես ընդունում ասպիրանտուրա»։ Պարոն Չուբարյանը ներկայացնելով, թե քանի անգամ են դիմել ՀՀ կառավարությանն այս հարցով, նկատեց, որ գուցե իրենք են մեղավոր, որ ավելի համառ չեն եղել։ Թեեւ դժվար է հավատալ, որ բուհերի համառության դեպքում ՀՀ կառավարությունը ընթացք կտա այս հարցի լուծմանը, քանի որ ո՛չ բուհերի, ո՛չ էլ ասպիրանտուրայի տեղերի քանակը չի որոշվում ըստ հստակ պահանջարկի, պետության զարգացման գերակա ուղղություններին համապատասխան, այլ ֆինանսական անհրաժեշտ ծախսերից խուսափելու եւ այլ, հաճախ ոչ էական, գործոններից ելնելով։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել