Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առեք նաեւ ուղեւորին

Սեպտեմբեր 06,2001 00:00

Հաշվի առեք նաեւ ուղեւորին Մի քանի տեղ նոր կարկատած շալվարով մեկը գյուղամեջ է գնում։ Հավաքվածներն ասում են՝ շալվարդ տեղ-տեղ շնորհավոր։ Նա էլ պատասխանում է՝ օրումեջ ապրեք։ Այսպես, համարյա թե օրումեջ իրար շնորհավորում են այն ուղեւորները, ովքեր օգտվում են թիվ 78 երթուղային միկրոավտոբուսից, որի երթուղին սկսվում է Դավիթաշեն թաղամասից, իջնում հանրապետական հիվանդանոց, անցնում Հալաբյան փողոցով, մտնում Կիեւյան կամուրջ, ապա մետրո, Կոմիտաս եւ հասնում Նոր Նորքի շուկա։ Այս դեպքում շնորհավորանքն անպակաս է։ Բայց վերջերս երթուղին թեքվեց Դավիթաշենի կամրջով, փոխվեց ուղեվարձը, հետո նորից վերոնշյալ երթուղով աշխատեց՝ ուղեվարձը 100 դրամ։ Եվ էլի մի քանի անգամ։ Կամրջով անցնելիս դժվարանում էր նրանց վիճակը, ովքեր Կոմիտաս պետք է հասնեին, որովհետեւ մյուս միկրոավտոբուսներից եւ ոչ մեկն այդ ուղղությամբ չէր գնում։ Հենց դրա համար էլ դժգոհեց բնակիչներից մեկը՝ Հովհաննես Ղարիբյանը, որն ամեն օր պետք է լիներ Կոմիտասի շուկայում, սակայն նույն երթուղով գնացող թիվ 25 երթուղու ավտոբուսին երկար է սպասում։ Թիվ 65 ՏԼ 828 միկրոավտոբուսի վարորդը դժգոհեց, որ այդ հաճախակի փոփոխությունների պատճառով իրենք ուղեւորներ են կորցնում։ Իհարկե, ճանապարհին քիչ չեն բարձրացող-իջնողները։ Թե ովքեր են այդ հարցերը «կարգավորում», դժվար է ասել։ Վարորդներից մեկն էլ դժգոհեց, որ հենց դեպուտատական գիծը խփեց իրենց գործին։ Պարզվում է, որ այդպիսի գծեր կան նաեւ մայրաքաղաքի այլ վայրերում։ Իսկ այ, վարչապետական, նախարարական կամ նախագահական գծեր կան, թե ոչ՝ այդ չգիտեր։ Տեսնես դրանց երթուղիներն ու ուղեվարձերը կայո՞ւն են, թե՞ էլի փոփոխական։ Կարծես թե վերոնշյալ երթուղին կայունացել է։ Բայց դե հնարամիտ վարորդներ կան, ովքեր ուզում են ճանապարհը կարճել նոր կամրջով Դավիթաշեն մտնելու համար, որպեսզի ավելացնեն իրենց երթերի թիվը։ Հենց վերջերս նրանցից մեկը Րաֆֆու դպրոցի մոտ դիմեց ուղեւորներին՝ թե ուշանում է, ուզում է նոր կամրջով գնալ։ Թե ինչից էր ուշանում՝ չասաց։ Համակիրներ ունեցավ, բայց մի մասն էլ, որ Կիեւյանում, Հալաբյանում, ֆիզինստիտուտում էր իջնելու կամ էլ թե Դավիթաշեն գյուղում՝ դժգոհեց։ Կատակասեր մի տիկին առաջարկեց դնել համաժողովրդական հանրաքվեի։ Պարզվում է, այս երկրում դեռ կան մարդիկ, որոնք հավատում են հանրաքվեին կամ ընտրություններին։ Մյուսն էլ առարկեց, թե մեր երկիրը ծանր վիճակում է գտնվում, ավելորդ ծախսեր պետք չեն, ճեղքվածքն էլ հակառակի նման չի փակվում։ Այդ է, ուզում էինք հարցը լուծել բաց քվեարկությամբ, մեքենան Շիրվանզադեի դպրոցի մոտով չթեքվեց եւ երթուղին մնաց անփոփոխ։ Կարճ ճանապարհի կողմնակիցները քթները կախեցին։ Իսկ մյուսներս ուրախ էինք։ Մեր շահերը չոտնահարվեցին։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել