Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Լվո

Սեպտեմբեր 08,2001 00:00

Նահանջ՝ վերջին հորիզոնական Ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Լվովում 0։3 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին։ Ավելորդ է ասել, որ այդ հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ երկու հավաքականների համար էլ։ Եթե նույնիսկ մի պահ անտեսենք 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, որն ուկրաինացիներին պարզապես պարտադրում էր անպայման հաղթել, միեւնույն է, անզիջում պայքար էր ծավալվելու, քանի որ երկու թիմերն էլ հնուց եկող «պարտքեր» ունեին միմյանց հետ մարելու։ Հիշում ենք, որ մեր հավաքականը երկու անգամ անդառնալիորեն խառնել է Ուկրաինայի բոլոր խաղաքարտերը։ Առաջին անգամ դա եղել է «Աշխարհի առաջնություն-98»-ի ընտրական մրցաշարում՝ Կիեւում ոչ-ոքի (1։1) խաղալով, երկրորդը՝ 2000թ. Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում, երբ Երեւանում գրանցվեց 0։0 հաշիվ։ Ընդ որում, երկու դեպքում էլ ուկրաինացիներին ընդամենը 1 միավոր չբավականացրեց խմբում հաղթող ճանաչվելու համար։ Ուկրաինացիներն էլ իրենց հերթին այս մրցաշարում 3։2 հաշվով ցավալի պարտության մատնեցին մեր թիմին Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում։ Հանդիպումից առաջ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ուկրաինայի լրատվամիջոցներին հայտարարել էր, թե իր թիմը լուրջ մտադրություններով է ժամանել Լվով ու մրցակցից հաջողության հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր է պահանջվելու։ Իսկ մեկ տարվա ընդմիջումից հետո «արդարացված» դարպասապահ Ռոման Բերեզովսկին (ի դեպ, նա թիմից բացակայում էր հենց Ուկրաինայի հետ խաղում երեք գոլ բաց թողնելու պատճառով) ավելացրել էր, թե հայ ֆուտբոլիստները մտադիր են վրեժխնդիր լինել այն չարաբաստիկ պարտության դիմաց։ Ովքեր «CNN»-ով կամ «HTB»-ով դիտել են Ուկրաինա-Հայաստան խաղը, իրենք կարող են տալ դրա գնահատականը։ Սակայն, երբ զրուցում էինք այդ հանդիպմանը ներկա գտնված մեր պատվիրակության անդամների հետ, բոլորն էլ պնդում էին, թե 3։0 հաշիվն ամենեւին էլ չի համապատասխանում խաղի բովանդակությանը։ Նրանց հավաստմամբ, մեր տղաները վստահ ու համարձակ էին դաշտում։ Ավելին, խաղի որոշ հատվածներում հայ ֆուտբոլիստները նույնիսկ տիրում էին նախաձեռնությանը, ահեղ մրցակցին պարտադրում սեփական խաղը։ Եվ եթե հանդիպման սկզբնամասում Անդրեյ Շեւչենկոյի՝ տուգանայինից խփած գոլի դեմ որեւէ առարկություն չկար, ապա հաջորդ երկուսը ինչ-որ տեղ պատահականությունների շարքը կարելի է դասել։ Մանավանդ երրորդը, երբ գնդակը դարպասաձողից անդրադառնալով դիպավ Բերեզովսկու մեջքին ու հատեց դարպասի գիծը։ Ականատեսները հավաստում են, որ մեր թիմը հիմնականում ցույց տվեց հուսալի խաղ։ Ճիշտ է, թերեւս համեմատաբար պասիվ էր հարձակման գիծը։ Եվ հանդիպման իրական հաշիվը 1։0-ն պետք է լիներ։ Ինչեւէ, մեր թիմը կրեց հերթական պարտությունը եւ մրցաշարային աղյուսակում նահանջեց վերջին հորիզոնական։ 5-րդ եվրոպական խմբի մրցաշարային աղյուսակ Լեհաստան 9 6 2 1 20-10 20 Ուկրաինա 9 4 4 1 12-7 16 Բելառուս 9 4 3 2 12-10 15 Նորվեգիա 9 1 4 4 8-13 7 Ուելս 9 0 6 3 9-12 6 Հայաստան 9 0 5 4 6-15 5 Բելառուս-Լեհաստան՝ 4։1, Նորվեգիա-Ուելս՝ 3։2։ Ա. Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել