Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԸՆԴԱՌԱՋԵԻՆ, ՊԻՏԻ ԿԵՂԾԵԻՆ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ԵԹԵ ԸՆԴԱՌԱՋԵԻՆ, ՊԻՏԻ ԿԵՂԾԵԻՆ «Առավոտը» անդրադարձել էր (05.09.2001) Ռուզաննա Համբարձումյանի բողոքին, թե իր տղային թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը հեռացրել է դպրոցից ոչ թե վատ սովորելու, այլ անձնական խնդիրներ ունենալու պատճառով։ Հրապարակումից առաջ լսել էինք նաեւ դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի պարզաբանումները, սակայն հրապարակումից հետո պարզվեց, որ տիկին Հովհաննիսյանը դեռ ասելիք ունի։ Չհերքելով հոդվածում տպագրվածը՝ տիկին Հովհաննիսյանը շեշտեց միայն, որ իրենք ոչ մի օրինախախտում թույլ չեն տվել։ «Ծնողը խնդրում էր ընդառաջել իր տղային, սակայն, եթե մենք դա անեինք, պետք է դիմեինք կեղծիքի, այսինքն՝ մտացածին գնահատականներ դնեինք»։ Ուստարվա ընթացքում 160 ժամից ավելի բացակայություն ունեցող աշակերտները պետք է քննություն հանձնեն ուսումնական պլանով նախատեսված առարկաներից։ Տիկին Ռուզաննայի որդին այդ քննություններից ստացել է չորս անբավարար եւ մանկխորհրդի որոշմամբ պետք է մնար նույն դասարանում։ Տիկին Ռուզաննայի ներկայացրած փոխադրման տեղեկագրի մեջ նշված էր, որ նրա որդին ունեցել է երեք քառորդային «2» գնահատական, իսկ տարեկան առաջադիմության թերթիկի մեջ, որը աշակերտին տրվում է դպրոցն ավարտելու կամ տեղափոխվելու դեպքում, ավելացել է եւս մի «2» գնահատական՝ աշխարհագրություն առարկայից, ինչը տիկին Հովհաննիսյանի հավաստմամբ, «ընդամենը վրիպակ է»։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը կասկած հայտնեց, որ տնօրենների «նման վրիպակները» իրոք վրիպակներ են։ Ինչ վերաբերում է աշխարհագրության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի դրամահավաքին, տիկին Հովհաննիսյանը հաստատեց, որ իրոք, «ուսուցչուհին որոշակի սիմվոլիկ գումար է հավաքել որպես պատժամիջոց, սակայն պայմանով, որ վերջում այդ գումարով աշակերտներին էքսկուրսիա տանի։ Նման աշխատաոճը վերացնելու համար ուսուցչուհին համապատասխան նախազգուշացում է ստացել»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել