Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն

Սեպտեմբեր 12,2001 00:00

Ռեժիսորը նիրհից դուրս է եկել Ամեն մի ճշմարիտ արվեստագետ ինքնին մի բարդ երեւույթ է, եւ, թափանցել այդ երեւույթի խորքը, նույնն է թե՝ անզեն աչքերով փորձել հետազոտել անպարագիծ տիեզերքը։ Սակայն ամեն մի արվեստագետ -անհատ ունի իր սկիզբը՝ դեպի արվեստ ձգվող ճանապարհի սկիզբը։ Ռեժիսոր Զավեն Հարությունյանի համար սկիզբը սկսվեց Ֆրանսիայում՝ 1986 թվականին։ Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի, Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտ, գիտությունների թեկնածու Զ. Հարությունյանը որպես ֆրանսերենի մասնագետ վերապատրաստման էր մեկնել Սորբոնի, Նոմպելեի, Գրենոբլի համալսարաններում։ Վերջինում կայացավ ճակատագրական հանդիպումը ֆրանսիացի թատերագետ, հոգեբան, Ֆրանսիայի մի քանի թատրոնների կոնսուլտանտ Ֆրանսուազ Սյուզինիի հետ եւ միանգամից հրավեր՝ ուսանելու էստրադային ռեժիսուրայի կուրսերում։ Այստեղ տնօրենը ընտրում էր մասնագետներ ոչ թատերական կրթությամբ, պատճառաբանելով, որ նրանք արդեն «փչացված» են, որ ունեն շաբլոն մտածողություն։ Իսկ դասընթացները Ֆ. Սյուզինին անցկացնում էր Ալպյան լեռներում գտնվող իրեն պատկանող միջնադարյան դղյակում։ Ավարտելուց հետո Զ. Հարությունյանը գալիս է Մոսկվա, ստեղծագործական կապեր հաստատում Ալլա Պուգաչովայի հետ։ Այս ժամանակ էր, որ երկուսի մեջ առաջանում է երգի թատրոն ստեղծելու գաղափարը, բայց… Չցանկանալով խոսել վերջինիս մասին, ռեժիսորը սահուն անցում կատարեց ու սկսեց պատմել իր բեմադրած ներկայացումներից։ Կարծում ենք, հայ հանդիսականը կհիշի «Փարիզյան էսքիզները», Սիմոն Տերյանի «Վերջին սկիզբ» բենեֆիսը, Էլվինա Մակարյանի «Պատնեշ» համերգ-ներկայացումը, կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային երեկոն… Նա կազմակերպիչներից մեկն էր «Բոհեմ» ժամանակակից երգի մրցույթի, որտեղ առաջին անգամ լուրջ հայտ ներկայացրին այսօրվա էստրադայի հայ աստղերից շատերը։ Եվ այս ամենը, այս աշխատանքը 90-ական թվականների սկզբին էր՝ անլույս, մռայլ, ինչու չէ՝ անհույս տարիներին։ Ասենք նաեւ, որ այդ տարիներին Զ. Հարությունյանը Մարզահամերգային համալիրի գլխավոր ռեժիսորն էր։ Այսօր ռեժիսորը շատ է մտահոգված. «Դժգոհությունս տեղին է։ Մեզ մոտ շոու-բիզնես պարզապես չկա։ Տեսեք, դրսից հրավիրվում է ով պատահի, իսկ մեր երգիչները չեն երեւում, չեն ֆինանսավորվում, հիանալի ուժեր ունենք։ Մի խոսքով՝ շոու-բիզնեսը զուտ կոմերցիայի է վերածվել»։ Ռեժիսորի լռությունը տեւեց մի քանի տարի, թեեւ նա Երեւանի պետական համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ է, բայց հասկանալի է իր՝ որպես ռեժիսորի ներքին խռովությունը եւ, ինչպես ինքն է ասում, «ինձ արդեն թվում էր, որ ոչ ոք ինձ չի հիշում, իմ կարիքը՝ որպես ռեժիսորի, չկա… բայց հանկարծ եղավ Սոֆի Դեւոյանի առաջարկը՝ գրել սցենար ու բեմադրել «Ազնավուրյան ակնթարթներ» իր թատրոնի համար։ Հիմա գնում են փորձերը։ Ներկայացումը նշանակված է սեպտեմբերի 24-ին, ու ամենայն հավանականությամբ ներկա կգտնվի ինքը՝ Շառլ Ազնավուրը։ Անկեղծ ասած, համոզված եմ, դե, բնական է՝ ռեժիսորը 4-5 տարի ոչինչ չի անում, եւ հանկարծ՝ այս պատասխանատու ներկայացումը, որն, իհարկե, նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակին։ Փաստորեն՝ Սոֆին ինձ հանեց նիրհից։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ մշտապես ինձ հիշեցնում էին, օրինակ, Պուգաչովայի հետ հարցազրույցը կամ հայկական հեռուստատեսությամբ իմ սցենարով բեմադրած «Էրիվան-Երեւան» նոր տարվա հանդեսը, էլի մի քանի բեմադրություններ, բայց… Իսկ իմ վերջին աշխատանքը Թումանյանի հեքիաթների մոտիվներով «Գանձերի առեղծվածը» պիեսն էր 1997-ին, որ բեմադրել էի մեր համալսարանի ուսանողների մասնակցությամբ ու տարել ոչ ավելի, ոչ պակաս՝ Ֆրանսիա։ Չէ, կարծես ամեն ինչ իր տեղն ընկավ, ես նիրհից արթնացա, ու ականջիս, սա էլ ասեմ, ամբողջ ժամանակ հնչում է մեծ թատերագետ Ֆ. Սյուզինիի խոսքը. «Եկեք ինձ մոտ, դուք ի ծնե ռեժիսոր եք»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել