Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ

Սեպտեմբեր 18,2001 00:00

Վարձերը հավաքելու ժամանակը Թեեւ սեպտեմբերի 15-ին պետք է ավարտվեր բուհեր ընդունվածների ուսման վարձերի հավաքման ժամկետը, երեկ դեռ ԿԳՆ-ից չէին պահանջել վճարածների ցուցակները։ Բուհերն էլ առիթից օգտվելով, շարունակում են հավաքել վարձերը, մանավանդ որ, բուհերի վճարովի համակարգ ընդունվածների 15%-ը դեռ չի վճարել վարձերը։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանից տեղեկացանք, որ բուհի վճարովի համակարգ ընդունված 700 ուսանողից ինը հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ 34-ը երեկվա դրությամբ դեռ չէր վճարել։ Պրն Կիրակոսյանի տեղեկությամբ՝ մինչեւ ամսի 20-ը ուսանողները դեռ կարող են վճարել վարձերը։ Ամեն դեպքում, այս բուհի վճարովի համակարգում թափուր տեղեր չեն մնա, քանի որ արդեն 110 դիմում կա մրցույթից դուրս մնացած այն դիմորդներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել վճարել եւ զբաղեցնել չվճարածների տեղը։ Երբ ԿԳՆ-ն պաշտոնապես պահանջի վճարածների ցուցակներն ու ամփոփի արդյունքները, ըստ միավորների գումարի կորոշվեն նաեւ առաջացած թափուր տեղերը լրացնողները։ ՀՊՃՀ պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 85%-ն էր վճարել ուսման վարձերը եւ, ըստ պրոռեկտորի, դա վատ ցուցանիշ է, քանի որ հույս չկա, թե մնացած 15%-ը այս մեկ-երկու օրը կվճարեն։ Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը գրեթե 100%-անոց արդյունք էր ապահովել. միայն երեք դիմորդ հետ է վերցրել փաստաթղթերը եւ մի չորսն էլ չի վճարել, բայց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանը մտածում էր, որ այդ չորսն էլ կվճարեն վարձերը։ Պրն Առաքելյանը նաեւ մտահոգված էր, որ վճարովի համակարգ են ընդունվել շատ լավ մարզիկներ, որոնք վճարունակ չլինելու պատճառով կարող է բուհից դուրս մնան։ Ռեկտորն անհանգիստ էր՝ «Մի բան պիտի անեմ, ինչ-որ հովանավորներ գտնեմ, չեմ կարող թողնել, որ նման մարզիկները դուրս մնան բուհից»։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի գլխավոր հաշվապահ Գայանե Հունանյանը տեղեկացրեց, որ վճարովի համակարգ ընդունված 280 ուսանողներից 42-ն ընդհանրապես չի ներկայացել պայմանագիր կնքելու համար։ Իսկ պայմանագիր կնքած 238 ընդունվածներից միայն 12-ը, երեկվա դրությամբ, ուսման վարձը չէր վճարել։ Երեւանի բժշկական համալսարանում, հավանաբար ուսման բարձր վարձերի պատճառով, չվճարածների տոկոսն ավելի բարձր է՝ մոտ 30%։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Տիգրան Այվազյանից տեղեկացանք, որ 85%-ն է վճարել ուսման վարձը։ ԵՊՀ-ում եւս 15%-ը չի վճարել ուսման վարձը, սակայն բուհի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով՝ Մայր բուհում թափուր տեղեր չեն մնա։ Իսկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի վճարովի համակարգ ընդունված 294 դիմորդից 52-ը չի վճարել ուսման վարձը, եւ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի վկայությամբ՝ չվճարումների նման բարձր ցուցանիշ վերջին տարիներին չի գրանցվել։ Այդ թիվը սովորաբար երկու անգամ ավելի քիչ է լինում։ Չի բացառվում, որ ֆրանսերեն կամ գերմաներեն բաժնում թափուր տեղեր մնան։ ԿԳՆ-ից երեկ տեղեկացանք, որ հավանաբար այսօր բուհերից կպահանջեն ցուցակները եւ արդյունքներն ամփոփելուց հետո նոր կորոշեն՝ երկարաձգե՞ն ժամկետը, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, այն չի երկարաձգվի, մանավանդ որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով է ամրագրված, որ քննությունների ավարտից հետո 20-օրյա ժամկետում (այն, ի դեպ, արդեն լրացել է) ուսանողների հրամանագրումը պետք է ավարտված լինի։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել