Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում

Սեպտեմբեր 29,2001 00:00

Պարտադիր դրամահավաքը անօրինական է Դպրոցներում դասերին զուգընթաց՝ սկսվում են նաեւ ծնողների բողոքները դրամահավաքների առնչությամբ։ Քաղաքապետարանի կրթության վարչությունում հաստատեցին, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, սակայն վարչության պետի օգնական Անուշ Մայիլյանը հավաստիացրեց, որ այդ բողոքների մեջ առայժմ չկան դրամահավաքին առնչվողներ։ Հիմնականում ծնողները դժգոհում են դասագրքերի բաշխումից. ինչ-որ մեկին դասագիրք չի հասել, մյուսից հաստատված գնից ավելի են պահանջել։ Ա. Մայիլյանը նաեւ տեղեկացրեց, որ ընթացք են տալիս միայն այն ահազանգերին, որոնց հեղինակները ներկայանում են։ Իսկ անանուն զանգերը ճշտելն անհնար է, քանի որ տնօրենները հակառակն են ասում եւ ապացուցելը դժվար է։ Մեր հարցին՝ անօրինական չե՞ն նման դրամահավաքները, Անուշ Մայիլյանն ի պատասխան տեղեկացրեց, որ օրինական են միայն դպրոցական ֆոնդի համար հավաքվող գումարները։ Յուրաքանչյուր ամիս 100 դրամ հավաքում են այդ ֆոնդի համար՝ ծնողկոմիտեի որոշմամբ։ Ըստ Ա. Մայիլյանի՝ այդ գումարները հիմնականում հավաքում են անվճարունակ ընտանիքների երեխաներին անվճար դասագիրք հատկացնելու նպատակով։ Սակայն այլ նպատակներով եւս կարող են գումարն օգտագործել։ Կրթության եւ գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը մեր հարցին՝ դպրոցներում դրամահավաքը որքանո՞վ է օրինական, պատասխանեց, որ եթե կամավորության սկզբունքը գործում է, թույլատրելի է։ Ծնողկոմիտեները կարող են դպրոցի կարիքների համար որոշակի գումար հավաքել, սակայն պարտադրելու իրավունք ոչ ոք չունի։ Մի կողմից՝ դպրոցները ծնողական համայնքի աջակցության կարիքն այսօր շատ ունեն եւ եթե ծնողն ուզում է օգնել դպրոցին, նրան այդ հնարավորությունը պետք է տալ, մյուս կողմից էլ կան շատ անվճարունակ ծնողներ, որոնցից անթույլատրելի է գումար պահանջել։ Անուշ Մայիլյանը նաեւ տեղեկացրեց, որ կրթության վարչություն ահազանգող ծնողները հիմնականում դժգոհում են, որ դասագրքերը հայտարարված գնից ավելի թանկ գնով են տալիս վարձակալման։ Ըստ նրա՝ եթե խոսքը 10% հավելավճարի մասին է, այսինքն՝ դասագիրքն արժե 330 դրամ, բայց տրվում է 363 (գումարած 33) դրամով, ապա դա օրինական է, այլ դեպքերում՝ ոչ։ Դպրոցների տնօրեններին արգելվում է աշակերտներից գումար հավաքել՝ դասագրքերը դպրոց հասցնելու պատճառաբանությամբ։ Ըստ Ա. Մայիլյանի՝ այդ ծախսը պետք է հոգան տնօրենները, սակայն մեր հարցին՝ իսկ ի՞նչ միջոցների հաշվին, նա դժվարացավ պատասխանել։ Մինչդեռ դպրոցներում դրամահավաքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նման ծախսերը կթողնվեն տնօրենների վրա, իսկ պետությունից չֆինանսավորվող դպրոցներն էլ ստիպված այդ հոգսը ծնողների ուսերին կտեղափոխեն։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել