Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի

Հոկտեմբեր 05,2001 00:00

ՔՈՂԱՐԿՎԱԾ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԵՄ «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի սեպտեմբերի 19-ի որոշումը։ Հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հակամարտությունում» թեմայով երեկ քննարկում էր ծավալվել Հայաստանի ժուռնալիստների միությունում։ Բանախոսը ռազմավարական եւ միջազգային-իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Զալինյանն էր։ Վերջինիս կողմից լրատվամիջոցներին բաժանվեց ծանոթագիր խնդրո առարկային առնչվող։ Պրն Զալինյանի կարծիքով, հայկական կողմը ղարաբաղյան բանակցություններում ունի ուժեղ միջազգային-իրավական դիրքեր, որն ապահովում են միջազգային իրավունքում առկա մեխանիզմները։ Ինչպիսի մեխանիզմներն են ապահովում «պետության տարածքային ամբողջականությունը խախտող, որպես ինքնորոշման իրավունքի իրականացում ներկայացվող գործողությունների իրավաչափությունը»։ Ըստ բանախոսի, ինքնորոշման եւ պետության տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության հարցը պետք է դիտարկվի իբրեւ որոշակի դեպք, որի դեպքում չի բացառվում միջազգային պատժամիջոցների կիրառումն այն պետության հանդեպ «որը կամովին չի ճանաչում ժողովրդի՝ ինքնորոշմանն ուղղված գործողությունների իրավաչափությունը եւ բռնության գործադրումը խրախուսում է»։ Խոսելով ինքնորոշման իրականացման, դրանցից բխող գործողությունների մասին, պրն Զալինյանը նկատեց, որ «երբ ինքնորոշումը կատարվում է չարդարացված անջատողական ձգտումների ազդեցության ներքո, պետության տարածքային ամբողջականության խախտումը՝ քողարկված ինքնորոշման իրավունքով, չի լինի իրավաչափ»։ Միջազգայնագետ-իրավաբանի մոտեցմամբ, ժամանակն է գիտակցել, որ «արդար եւ ընդունելի» տարբերակների հիմքում պետք է դրվի հստակեցումը. ի վերջո, ղարաբաղյան լուծման քաղաքակա՞ն, թե՞ իրավական տարբերակն է ընդունելի։ Ավելին, «խնդրին պետք է մոտենալ ոչ թե հռետորական հարցադրումներով, այլ՝ իրավական»,- պնդում էր պրն Զալինյանը։ «Այսօր ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր կողմ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի սեպտեմբերին ընդունած որոշումը գնահատում է որպես ընդունելի, բարենպաստ իր համար։ Եվ որոշման կարեւորությունն այն է, որ լուծման հիմքում դրվում է ոչ թե իրավական փաստարկներից զուրկ, պարզապես քաղաքական նպատակահարմարությունը, այլ միջազգային իրավունքի սկզբունքները»։ Հռետորն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի «ռազմատենչ հայտարարություններին», որոնք ուժի սպառնալիքի դիրքերից դիտարկելու դեպքում կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավախախտում է։ Ըստ էության խոսվեց միջազգային իրավական պատասխանատվության մասին, նաեւ ակնարկվեց, որ գոյություն ունի միջազգային քրեական դատարան, որին անհրաժեշտության դեպքում կարող էր դիմել տուժող պետությունը (տվյալ դեպքում՝ ԼՂՀ-ն)։ Խնդիրը ժամանակի մեջ է. նպատակահարմա՞ր է այս պահին դիմել, թե՞ ոչ, մանավանդ՝ «մենք ունենք ծանր խնդիրներ, կապված ցեղասպանությունների հետ»։ «Խոսել իրավահավասարության պահպանման, խտրականության տարբերակման եւ 1970թ. հռչակագրից բխող, թե ժողովրդի ինքնորոշման եւ իրավահավասարության պահպանման հետեւանքով կառավարություններ ունենալու («որոնք ներկայացնում են այդ տարածքին պատկանող ողջ ժողովուրդը») ապահովման մասին, Ադրբեջանում անհնար է»,- ավարտելով իր խոսքն ասաց Ա. Զալինյանը, որովհետեւ հակառակ օրինակներն ավելի շատ են. ահաբեկության, տարիներ շարունակ գործած բռնությունների, տեղահանության եւ ցեղասպանության։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել