«… ասի՝ մանդատս առ» Մեկուկես տարի առաջ խորհրդարանը «կողմ» քվեարկեց Վանո Սիրադեղյանին կալանավորելու միջնորդությանը՝ հարկադրելով նրան հեռանալ հանրապետությունից եւ փաստորեն զրկելով իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը մասնակցելու հնարավորությունից։ Մամուլում հրապարակվել եւ, ի դեպ, չի հերքվել, որ կալանավորելու որոշումը դատարանին պարտադրել էր Ռոբերտ Քոչարյանը։ Երբ իրավապահ մարմինների ղեկավարներից մեկն առարկել էր, թե նման որոշում կայացնելն օրինական չէ՝ նախագահը հեգնել էր. «Իբր մինչեւ հիմա ամեն ինչ օրինակա՞ն ես արել»։ Բացահայտ ապօրինության հետեւանքն այսօր Վանո Սիրադեղյանի բացակայությունն է։ Ոմանք այդպես էլ չկարողացան ներել նրան, որ նա պատրաստ էր ապացուցել իր անմեղությունը։ Չկարողացան հանդուրժել, որ նա հնազանդորեն ընդառաջ չգնաց կալանավորմանը։ Եվ ծնվեց հերթական շինծու մեղադրանքը, թե իբր նրա կողմնակիցները սպառնում են տուժածներին։ Վանո Սիրադեղյանին կալանավորելու որոշումն ընդամենը մի օղակն էր նրա դեմ ծավալված հետապնդումների։ Սարքված քրեական գործը հարկավոր էր զերծ պահել տապալվելու սպառնալիքից, եւ գլխավոր դատախազությանն այլ բան չէր մնում, քան գործարք առաջարկել նույն գործով ամբաստանյալներին՝ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։ ՆԶ նախկին հրամանատար Վահան Հարությունյանի հետ գործարքի մեջ լինելու փաստը հրապարակավ հաստատեց Աղվան Հովսեփյանը, այլ ամբաստանյալների հետ գործարքի վերաբերյալ մամուլի հրապարակումը չհերքվեց։ Եղած ու չեղած մեղքերը Վանո Սիրադեղյանի վրա բարդելու ցանկությունն այնքան էր կուրացրել նրա հակառակորդներին, որ վերջիններս անցան ողջամտության բոլոր սահմանները։ Բանը հասել էր այնտեղ, որ տուժող Մայիս Ռաֆայելյանն անհուն գորովանք ու խանդաղատանք էր տածում իր որդուն սպանելու հրամանն արձակած Վահան Հարությունյանի հանդեպ, միայն թե վերջինս ցուցմունք տար Վանոյի դեմ։ Անիմաստ է թվարկել այս գործի սարսռազդու մանրամասները եւ բոլոր անհեթեթությունները, թե ինչպես Ջիլավյանը չսպանվեց Վանոյի «կամքից անկախ պատճառներով», ինչպես «փրկվեցին» Կիմ Բալայանն ու Գուրգեն Եղիազարյանը եւ այլն։ Փաստն այն է, որ իշխանություններին նյարդայնացնում է Վանո Սիրադեղյանի նույնիսկ բացակայությունը։ Ազգային ժողովն է զրկել նրան նաեւ խորհրդարանի աշխատանքներին ներկայանալու հնարավորությունից, ընդառաջ գնալով Վանո Սիրադեղյանի դեմ կազմակերպված քաղաքական հետապնդումներին։ Հերթն այսօր հասել է նրան պատգամավորական մանդատից զրկելուն։ Այդ մանդատն այսօր նրան գուցե եւ պետք չէ։ Ակնհայտ է, որ պետք չէ նաեւ խորհրդարանին։ Ո՞ւմ է, ուրեմն, պետք… Այս ամենից հետո խորհրդարանը բարոյակա՞ն է համարում ծառայել այդ մանդատի համար բոլոր կեղտոտ միջոցներով պայքարողների շահերին, թե՞ պատվախնդրություն կունենա չընդունել պարտադրվող որոշումը։ ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ


















































