Լրահոս
Օրվա լրահոսը

Անբարետես «միսս»-երի պատմությունից

Հոկտեմբեր 27,2001 00:00

Անբարետես «միսս»-երի պատմությունից Հայաստանում ինչպես ցանկացած երկու միություն, այնպես էլ Պարարվեստի պրոֆեսիոնալ գործիչների եւ Պարարվեստի գործիչների միությունները հակառակորդներ են եւ, եթե որեւէ ասպարեզում հայտնվում է նրանցից մեկը, ապա մյուսը անմիջապես հասկանում է, որ այդտեղ գործ չունի։ Ինչպես տեղեկացանք Պարարվեստի պրոֆեսիոնալ գործիչների միության եւ ԱՕԿՍ-ի Իրաք-Հայաստան ընկերության փոխնախագահ Լեւոն Աբրահամյանից, Իրաքի Բաբելոնյան փառատոնին մասնակցել են իրենց միությանն անդամակցող 3 պարային խմբեր՝ «Սարդարապատը», «Սարգան» եւ «Ջի-Էմ-Մաքսը»։ Իրաքի սահմաններից սկսած՝ նրանց բոլոր ծախսերը հոգացել է Իրաքի կառավարությունը։ Եվ երեւի դա էր նաեւ պատճառը, որ, ի տարբերություն այլ երկրների 20-25 հոգանոց պատվիրակությունների, հայկական պատվիրակությունը ներկայացել է մեծ կազմով՝ շուրջ 100 հոգով, ուր նրան ընդունել են ըստ արժանվույն՝ արեւելյան ընդունելությանը բնորոշ ողջ ծիսակարգով։ Եվ եթե «Սարդարապատ» եւ «Սարգա» խմբերը ներկայացրել են ազգագրական եւ ժողովրդական պարարվեստը, ապա «Ջի-Էմ-Մաքսի» ներկայացրածը «ազգայինի վրա մոդեռն ոճով էր սինթեզված»։ Չար լեզուները, սակայն, ասում են, որ իրաքահայ համայնքում նրանց նույնիսկ թույլ չեն տվել ելույթներ ունենալ՝ մերժելով վերջիններիս համարձակ հագուկապն ու ոչ հայեցի պարը։ Փոխարենը ջերմ ընդունելության է արժանացել «Սարգան»։ Իսկ «Սարդարապատը», որ պիտի ներկայացներ ժողովրդական ու ռազմական պարերի յուրօրինակ սինթեզ, մեկնել էր ոչ լրիվ կազմով՝ առանց տղաների։ Լ. Աբրահամյանը պատմեց, որ իրենց պատվիրակության հետ Իրաք էր մեկնել նաեւ 2 զույգ՝ Հայաստանի այս տարվա «Միսս եւ Միստր դպրոցականները», որոնք բեմ են բարձրացել հայկական եռագույնով ու շքեղ հագուստներով։ Իսկ մեր ունեցած տեղեկություններով, «Միսս դպրոցականներն» այնքան անբարետես են եղել, որ վերջիններիս չեն էլ ներկայացրել Իրաքում մեր երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ամոթով չմնալու համար։ Լ. Աբրահամյանը նաեւ նշեց, որ իրենց ուղեւորությունը քանիցս փորձել է խանգարել Պարարվեստի գործիչների միության նախագահ Կարեն Գեւորգյանը, «ում թվում է, որ իրավասու է ինչ-ինչ հարցեր կարգավորելու, եւ առանց իր թույլտվության որեւէ մեկը իրավունք չունի այլ երկիր մեկնելու»։ Մինչդեռ, ի հեճուկս բոլոր խոչընդոտողների, իրենք Իրաքում մեծ հաջողություն են ունեցել եւ հուշամեդալներ ու պատվոգրեր ստացել անձամբ մշակույթի նախարար Համիդ Յուսուֆ Համադիից։ Լ. Աբրահամյանը նաեւ գտնում է, որ իրենց միությունը շա՜տ է տարբերվում Պարարվեստի գործիչների միությունից, քանի որ նրա կազմում են Մաքսիմ Մարտիրոսյանը, Թերեզա Գրիգորյանը, Սուրեն Չանչուրյանը եւ Վանուշ Խանամիրյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել