Լրահոս
Օրվա լրահոսը

Ջութակի հնչյունների ներքո

Փետրվար 06,2002 00:00

Ջութակի հնչյունների ներքո Առաջին անգամ մեծ բեմում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջութակահար Շահեն Շահինյանին հանդիպեցինք անցյալ տարի։ Բախի d moll կոնցերտը՝ գրված երկու ջութակի եւ նվագախմբի համար, նա կատարեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, ջութակահար Ինո Միրկովիչի ընկերակցությամբ, իր վրա հրավիրելով արվեստագետների եւ արվեստասերների ուշադրությունը։ Առաջին եւ լուրջ հաջողությունից հետո ջութակահարին չհանդիպեցինք երեւանյան որեւէ բեմում եւ ահա օրերս Պորտուգալիա կատարած համերգային շրջագայությունից երաժիշտը վերադարձել է Երեւան։ Մադեյրայի Ֆունշալ քաղաքի հայտնի Municipal Theatre Wednesday-ում եւ Լիսաբոնում հանդես է եկել տրիոյի կազմում՝ դաշնակահարուհի Մարինե Դելալյանի եւ թավջութակահարուհի Մարինե Գյումիշյանի հետ, կատարելով Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Սմբատյանի, Հ. Դելալյանի, Ռախմանինովի, Տարտինիի, Սմետանայի ստեղծագործությունները։ Տրիոյի երկու հայ երաժիշտներն ավելի քան տասը տարի ապրում եւ համերգային գործունեություն են ծավալում Պորտուգալիայում։ Պարզվեց, որ այս եռյակի ծանոթությունը սկսվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից, շարունակվել կոնսերվատորիայում։ Մի խոսքով՝ սովորել են միասին, միասին բեմ բարձրացել եւ, որ ամենակարեւորն է՝ չեն մոռացել իրենց մանկությունը։ Այսօր արդեն ջութակահար Շ. Շահինյանը հիշում է. «Դեռ դպրոցում երազում էինք միասին բեմ բարձրանալ, շրջագայել…»։ Պորտուգալիայում հեղինակություն վայելող երկու թերթեր՝ «Diario de Noticias» եւ «Jօrnal da Madeira»-ն անդրադառնալով տրիոյի մենահամերգներին, շռայլել են գովեստի խոսքեր։ Նշենք, որ համերգներից մեկին ներկա է գտնվել Պորտուգալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Էդուարդ Խոջոյանը։ Այսօր, Երեւանում էլ ջութակահարը երազների մեջ է, այս անգամ՝ ոչ մանկական. «Ամենակարճ փորձային ժամանակամիջոցում ստեղծեցինք անսամբլային հավասարակշռություն եւ ստացանք, փաստորեն, արտահայտչության ակնկալվող զորություն։ Ասեմ, որ պորտուգալացի ունկնդիրը անչափ ջերմ է, ինչը շատ կարեւոր է։ Այդ ջերմությունը փոխանցվում էր մեզ եւ եթե համերգի սկզբում մենք անջատ-անջատ միավոր էինք, ապա առաջին իսկ հնչյուններից սկսվում էր միաձուլվելու, ներդաշնակվելու անբացատրելի մի պրոցես։ Իսկ համերգի ավարտին… կներեք, բառերով չեմ կարող փոխանցել այդ հիացական րոպեները։ Ես ու գործընկերներս ավելի քան գոհ էինք»։ Երիտասարդ ջութակահարն ու մեր կոնսերվատորիայի երիտասարդ դասախոսը այս տարի տալիս է իր առաջին շրջանավարտը, իսկ մի ուսանողի պատրաստում է աշնանը մասնակցելու Իտալիայում կայանալիք ջութակահարների միջազգային մրցույթին։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728