«Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը։ Նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր է կացել՝ նրան հարվածելու համար։ Խստորեն դատապարտում եմ նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսվել ծեծկռտուքը։ Ամբողջովին աջակցում եմ ՔՊ-ին՝ այն ամենի համար, ինչ արել է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ- ում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղքը բարդելով ընդդիմության վրա։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե այսօրվա ծեծկռտուքը նախապես պլանավորված էր իշխանության կողմից՝ Ռուբինյանն ասաց. «Եթե նախապես պլանավորված էր, ապա դա նշանակում է, որ դա պլանավորել ենք ես ու Նարեկ Կարապետյանը։ Դա նշանակում է, որ մենք պետք է Նարեկ Կարապետյանին հրահանգած լինեինք՝ պարոն Կարապետյան, երբ պատգամավորը ելույթ կունենա, տեղից ձեռքդ այդպես կանես, այսպես կանես, կբարձրանաս տեղից, կգանք նրա մոտ, որ հարվածենք… Աբսուրդ է հնչում։ Մեղադրում են մեզ մի բան կազմակերպելու մեջ, որը սկսել են իրենք։
Կարդացեք նաև
Տարօրինակ է՝ մի կողմից սկսել ծեծկռտուք, մյուս կողմից ԱԺ նախագահին ասել՝ ինչու ավելի արագ անվտանգության աշխատակիցներին չհրավիրեց։ Մի բան էլ պետք է շնորհակալ լինեն ինձ, որ պաշտպանել եմ իրենց վերահաս վտանգից, կանխել եմ ավելի վատ զարգացումները։ Մի քանի պատգամավոր, ոնց որ թե, մի փոքր, չեմ ասի՝ տուժել, վնասվել էին, բայց ոչ մի կրիտիկական բան չկա։ Ամենակարևորը, որ Էդգար Ղազարյանը լիովին անվնաս է դուրս եկել այս իրավիճակից»։
Ռուբինյանը վստահեցրեց, որ ծեծկռտուքի սկսվելու պահից ընդմիջում է հայտարարել և հրավիրել անվտանգության աշխատակիցներին։
«Է՛, այ ձեր ցավը տանեմ, չսկսեիք ծեծկռտուք, չվիրավորեիք, չհարվածեիք պատգամավորին, ես ի՞նչ մեղք ունեմ։ Դուք չեք հասկանում՝ ի՞նչ եմ կանխել»,- ասաց ԱԺ նախագահը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































