Այսօր ԱԺ-ում, երբ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը լրագրողների հետ զրույցում փորձում էր արդարացնել իր գործընկերների պահվածքը այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առումով և մեղքի սլաքն ուղղել ընդդիմադիր պատգամավորների կողմը, նրան միացավ նաև խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Ընդհատելով Մանավազյանին՝ Հակոբյանը սկսեց ինքը պատասխանել լրագրողների հարցերին։
«Կրքերը մի պահ արդեն հանդարտվել էին, կարծիք կար, որ ամեն ինչ կհանդարտվի, այդ իսկ պատճառով Ռուբինյանը չընդհատեց նիստը, և անվտանգության աշխատակիցները չհրավիրվեցին։ Հետո նորից ընդդիմությունը շարունակեց»,- ասաց նա։
Երբ լրագրողը հակադարձեց, թե ընդդիմությունը չէր շարունակում միջադեպը, ՔՊ խմբակցության քարտուղարը բորբոքվեց։
Կարդացեք նաև
«Դուք դատավոր, դատախազնե՞ր եք, ասում եք՝ ոչ»,- արձագանքեց Հակոբյանը։
Հարցին, թե արդյոք նորմալ է համարում, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ է նետել պատգամավորների ուղղությամբ, ՔՊ խմբակցության քարտուղարը, հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, հակադարձ հարց ուղղեց լրագրողին։
«Իսկ դուք նորմա՞լ եք համարում, երբ Նարեկ Կարապետյանը հարձակվում է ամբիոնում ելույթ ունեցող պատգամավորի վրա, հարվածում նրան։ Այնուհետև, երբ մեզ հարվածում են, հետո ծեծ են ուտելու, այո՛, իհարկե։ Այսինքն՝ իրենք պետք է մեզ հարվածե՞ն, մենք ոչինչ չանե՞նք։ Մեզ ծեծե՞ն, մենք բարեվարք կանգնե՞նք, նայե՞նք։ Անտրամաբանական հարցեր եք տալիս։ Եթե պոկում են ԱԺ-ի գույքը և մեզ փայտով փորձում ծեծել, աթոռով ու շշով էլ ծեծ են ուտելու»,- հայտարարեց Վոլոդյա Հակոբյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































