Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Փետրվար 15,2002 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով հունվարի 26-ին ձերբակալված Մուրադ Բոջոլյանն իր մեղքը ընդունել է այնքանով, որ առանց հայաստանյան համապատասխան մարմիններին տեղյակ պահելու համագործակցել է թուրքական «TV 6» հեռուստաալիքի հետ: Հայաստանում գործող օրենքներով, նա պետք է հավատարմագրվեր ԱԳՆ-ում եւ ստանար համապատասխան համաձայնություն: Ինչը Բոջոլյանը չի արել, եւ թուրքական հեռուստաընկերության հետ համագործակցությունը, փաստորեն, գաղտնի է եղել: Մուրադ Բոջոլյանի պաշտպանը «Ազատություն» ռ/կ-ին ասաց, թե ինքը չի հավատում, որ իր պաշտպանյալը «Հայաստանի դեմ որեւէ բան արած լինի»: Բալաբանյանի խոսքերով, Բոջոլյանը «հայրենասեր, իր ազգին նվիրված քաղաքացի է»: «Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ասել, թե իրականում ինչն է պատճառ եղել եւ ինչու է նա կալանավորվել, եւ իրականում որոնք են եղել մարմինների՝ նրա նկատմամբ ունեցած տվյալները, եւ ինչն է պատճառ եղել նրան իրենց ուշադրության կենտրոնում պահելու առումով»,- ասաց Բալաբանյանը: Ըստ փաստաբանի, առայժմ Բոջոլյանին առաջադրված մեղադրանքի ծավալի փոփոխություն չի եղել, եթե անգամ լինի, ապա՝ «դեպի մեղմացում կարող է լինել, ոչ թե ծանրացում»: Փաստաբան Բալաբանյանը ծանոթացել է իր պաշտպանյալի հետ կատարված բոլոր քննչական գործողությունների արձանագրություններին: Նրա կարծիքով, ձեռք բերած տեղեկությունները ուսումնասիրելու, փաստերը համադրելու եւ վերլուծելու համար շատ ժամանակ չի պահանջվի: «Քննությունը երեւի կավարտվի օրենքով նախատեսված երկամսյա ժամկետում՝ եթե ուրիշ լրացուցիչ հարցեր չառաջանան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բալաբանյանը: Այդ ժամկետը լրանում է մարտի 27-ին: «Նա անմեղ է, լրտես չի: Շատերից առավել հավատարիմ է հայրենիքին».- «Ազատություն» ռ/կ-ին հղած նամակում գրել է Բոջոլյանի քույրը՝ Լուսյա Բոջոլյանը, որը բնակվում է Միացյալ Նահանգներում: «Հայաստանում տնտեսական եւ քաղաքական գաղտնիքներ չկան, իսկ եթե կան, ապա ինչպե՞ս կարողացան զինված մտնել Ազգային ժողով եւ սպանել հարգված պաշտոնյաների, այն դեպքում, երբ խորհրդարանի շենքն ավելի լավ պետք է պահպանվեր»: Բոջոլյանի քույրը գրում է նաեւ, որ իր եղբայրը բազում հնարավորություններ է ունեցել հեռանալ Հայաստանից ու «նոր կյանք սկսել», սակայն մնացել է Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել