Լրահոս
Օրվա լրահոսը

19 տարի չլուծված գույքային հարց

Հոկտեմբեր 05,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ո՞ւմ են պատկանում Հանրապետության նրբանցք 8ա հասցեի չգրանցված տարածքները

Ես՝ Վարյա Սաֆարյանս, ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել Երևանի Ֆիրդուսի 33 թաղամասի՝ Հանրապետության նրբանցք 8ա հասցեի հետ կապված մի խնդրի վրա, որը բարձրացնում եմ դեռևս 2007 թվականից, սակայն մինչ օրս այն վերջնական իրավական լուծում չի ստացել։ Խոսքը իմ հասցեի փաստացի սահմաններում գտնվող երկու չգրանցված տարածքների՝ 78.8 քմ և 244.44 քմ, նկատմամբ գույքային իրավունքների և դրանց պետական գրանցման հարցի մասին է։ Այս խնդիրը հատկապես կարևոր է այսօր, քանի որ նույն հասցեի նկատմամբ իրականացվում է հարկադիր օտարման գործընթաց։ Սակայն ինչպե՞ս կարելի է վերջնականապես որոշել օտարվող գույքը, եթե նախապես վերջնականապես պարզված չէ, թե այդ գույքի ամբողջական կազմն ինչից է բաղկացած։

78.8 քմ տարածք. տան պատմական ելումուտը դեպի փողոց

Ըստ հասցեի արխիվային փաստաթղթերի՝ 78.8 քմ ցանկապատված տարածքը դեռևս 1894 թվականից եղել է Հանրապետության նրբանցք 8ա հասցեի բաղկացուցիչ մասը։

Տունը գտնվել է փողոցից ներս, և երկար տարիներ հենց այդ տարածքով է իրականացվել տան միակ ելումուտը դեպի փողոց։ Շատ տարիներ անց հասցեի իրավանախորդի համաձայնությամբ 78.8 քմ տարածքից օգտվելու հնարավորություն է տրվել նաև փողոցին սահմանակից՝ նրա եղբոր տան կողմից։ Այդ տունը հետագայում բաժանվել է երկու մասի և վաճառվել։

78.8 քմ տարածքից օգտվելու հնարավորությունը իրավական հետեւանք չի առաջացրել

Հետագայում, երբ ձևավորվել է Ֆիրդուսի փողոցը, հասցեից առաջացել է նաև մեկ այլ ելումուտ։ Բայց հետագայում ստեղծված ելումուտը չի կարող ինքնին վերացնել 78.8 քմ տարածքի՝ հասցեի հետ ունեցած պատմական և գործառնական կապը։ Այս ամենի պայմաններում տարիներ շարունակ պետական մարմինների առջև բարձրացրել եմ այդ տարածքի նկատմամբ իմ գույքային իրավունքների և պետական գրանցման հարցը։ Ըստ իմ տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի՝ առանց իմ համաձայնության 78.8 քմ տարածքը Երևանի քաղաքապետի որոշմամբ հատկացվել է «Էլիտ Հոլդինգ»-ին, իսկ հետագայում այնտեղ իրականացվել են քանդման աշխատանքներ։

Ինչպե՞ս կարող էր պետությունը թույլ տալ այլ անձի տրամադրել եւ փաստացի փոփոխության ենթարկել մի տարածք, որի նկատմամբ սեփականատիրոջ բարձրացրած գույքային իրավունքի եւ պետական գրանցման հարցը պետությունն ինքը դեռ վերջնականապես չէր լուծել։

244.44 քմ. 1928 եւ 1934 թվականների փաստաթղթերը

Երկրորդ չլուծված խնդիրը վերաբերում է 244.44 քմ տարածքին։

Այս տարածքի նկատմամբ իմ պահանջը հիմնված չէ միայն երկարատև փաստացի օգտագործման վրա։ Ես պետական մարմիններին և դատարաններին ներկայացրել եմ հասցեի պատմական փաստաթղթեր, այդ թվում՝ 1928թ. գույքաթերթը և 1934թ. պետական նոտարի թիվ 409 գրանցումը։ Այդ փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն միասին և ստանան հստակ իրավական գնահատական՝ պարզելու համար Հանրապետության նրբանցք 8ա հասցեի պատմական սահմանները և 244.44 քմ տարածքի նկատմամբ գոյություն ունեցող գույքային իրավունքները։ Խնդիրը հնարավոր չէ լուծել պարզապես այն պատճառաբանությամբ, որ այսօր այդ տարածքը պետական գրանցման մեջ արտացոլված չէ։ Հենց վեճի առարկան է այն հարցը, թե ինչու այն չի գրանցվել և արդյոք պատմական իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա ենթակա էր գրանցման։

Սա միայն հողի մակերեսի հարց չէ

244.44 քմ տարածքը և շվաքարանով զբաղեցված հատվածը երկար տարիներ ունեցել են նաև գործառնական նշանակություն։ Դրանք կապված են եղել «Ֆիրդուսի տոնավաճառի» առևտրային միջավայրի հետ։ Այդտեղ իրականացված գործունեությունը ծառայել է Հանրապետության նրբանցք 8ա հասցեում բնակվող բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալուն և եղել է ընտանիքի ապրուստի միջոցներից մեկը։

Այս հանգամանքը ցույց տալու համար «Safaryan v. Armenia» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված իմ նյութերի թվում եղել են նաև համապատասխան լուսանկարներ։ Հասցեի փաստացի օգտագործման պատմության համար նշանակություն ունի նաև 28.07.2022թ. հատակագիծը, որտեղ արտացոլված են ընտանիքի կարիքների համար օգտագործվող շինությունները, այդ թվում՝ շվաքարանը։

2007 թվականից մինչեւ այսօր հարցը բարձրացվում է, բայց վերջնական պատասխան չկա

Չգրանցված տարածքների խնդիրը նոր չէ։ Դեռևս 2007 թվականից ես դիմել եմ պետական մարմինների և դատարանների՝ պահանջելով իրավական լուծում տալ այդ տարածքների հարցին։ Միաժամանակ 2007 թվականից Ֆիրդուսի տարածքում սկսվել է «գերակա հանրային շահի» հիմքով օտարման գործընթացը։ ՀՀ կառավարության 25.01.2007թ. N108-Ն որոշմամբ համապատասխան տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ։

Տարիներ անց՝ 22.03.2018թ. N332-Ն որոշմամբ, Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ կրկին ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, և այդ որոշման գույքերի ցանկում նշված է նաև «Հանրապետության նրբ., տուն 8ա» հասցեն։

Պետությունը ցանկանում է օտարել Հանրապետության նրբանցք 8ա հասցեի գույքը, մինչդեռ նույն պետությունը դեռ վերջնականապես չի լուծել այդ հասցեի 78.8 քմ եւ 244.44 քմ տարածքների նկատմամբ տարիներ շարունակ բարձրացված գույքային իրավունքների հարցը։

Նախ պետք է պարզել՝ ի՞նչն է օտարվում

Օտարման դեպքում պետք է հստակ լինի՝ ի՞նչ գույք է պատկանում սեփականատիրոջը և կոնկրետ ի՞նչ է վերցվում նրանից։

Եթե 78.8 քմ և 244.44 քմ տարածքների նկատմամբ գույքային պահանջները դեռ վերջնականապես լուծված չեն, ապա ինչպե՞ս կարելի է մինչ այդ ամբողջությամբ որոշել օտարվող գույքի կազմը և գնահատել սեփականատիրոջ նկատմամբ միջամտության իրական ծավալը։

Ես չեմ պահանջում, որ իմ սեփականության իրավունքը որոշվի թերթի էջերում։ Ես պահանջում եմ, որ իրավասու պետական մարմիններն ու դատարանները ըստ էության քննեն իմ ներկայացրած փաստաթղթերը և վերջնական, պատճառաբանված իրավական պատասխան տան։

  1. Ի՞նչ իրավական կարգավիճակ ունի 1894 թվականից հասցեի հետ կապված 78.8 քմ տարածքը։
  2. Ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքով է այդ տարածքը հետագայում տրամադրվել այլ անձի։
  3. Ի՞նչ իրավական նշանակություն ունեն 1928թ. գույքաթերթը և 1934թ. պետական նոտարի թիվ 409 գրանցումը 244.44 քմ տարածքի նկատմամբ։
  4. Ինչո՞ւ այդ հարցերը, չնայած տարիների ընթացքում ներկայացված դիմումներին և դատական գործընթացներին, մինչև այսօր վերջնական լուծում չեն ստացել։
  5. Ինչպե՞ս կարող է իրականացվել գույքի հարկադիր օտարում, քանի դեռ վերջնականապես պարզված չէ օտարվող գույքի ամբողջական կազմը։

Երբ պետությունը միջամտում է մարդու սեփականության իրավունքին, առավել ևս՝ հարկադիր օտարման միջոցով, սեփականատերը պետք է կարողանա ստանալ պարզ և պատճառաբանված պատասխան ամենահիմնական հարցին.

Նախքան իմ գույքը վերցնելը՝ պետությունը վերջնականապես պարզե՞լ է, թե իրականում ինչ գույք եւ ինչ իրավունքներ են ինձ պատկանում։

Ես այս հարցի պատասխանին սպասում եմ արդեն երկար տարիներ։

Վարյա Սաֆարյան

Հ.Գ. «Գերակա հանրային շահի» յոթամյա ժամկետի հարցը

Այս պատմության մեջ կա ևս մեկ սկզբունքային հարց, որը չի կարող անտեսվել։

Ֆիրդուսի 33-րդ թաղամասը ՀՀ կառավարության 25.01.2007թ. N108-Ն որոշմամբ ընդգրկվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների շրջանակում։ Այդ որոշումն ուժի մեջ է մտել 10.03.2007թ.։ Հետագա տարիներին ընդունվել են նաև այլ որոշումներ, իսկ ՀՀ կառավարության 22.03.2018թ. N332-Ն որոշմամբ Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ կրկին ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ։ 2018թ. N332-Ն որոշման օրինականության հարցը վիճարկվել է վարչական դատավարության կարգով՝ ՎԴ/5866/05/18 վարչական գործով։ Իմ տեղեկություններով՝ այդ գործով վերջնական վճիռ դեռևս չի կայացվել։ Այս պայմաններում սկզբունքային նշանակություն ունի նաև օրենքով նախատեսված յոթամյա ժամկետի հարցը։ ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/0518/05/19 («Հայ փոքրիկ երգիչներ») վարչական գործով 13.01.2023թ. որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ եթե օտարման միևնույն նպատակը կառավարության մեկից ավելի որոշումներով ճանաչվել է հանրության գերակա շահ, յոթամյա ժամկետի հաշվարկման համար էական է առաջին այն որոշումը, որով տվյալ օտարման նպատակը ճանաչվել է հանրության գերակա շահ։ Պետք է նաև պարզել՝ արդյոք այդ նպատակի իրագործումը սկսվել է յոթամյա ժամկետում։ Հետևաբար, Ֆիրդուսի 33-րդ թաղամասի դեպքում ևս անհրաժեշտ է հստակ պատասխանել. եթե 2007թ. N108-Ն և հետագա, այդ թվում՝ 2018թ. N332-Ն որոշումներով հետապնդվել է օտարման միևնույն նպատակը, ապա յոթամյա ժամկետը ո՞ր պահից է հաշվարկվում, և կա՞ն արդյոք ապացույցներ, որ այդ նպատակի իրագործումը սկսվել է օրենքով նախատեսված յոթ տարվա ընթացքում։ Եթե այդ ժամկետում օտարման համապատասխան նպատակի իրագործումը չի սկսվել, ապա Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո առաջանում է հիմնարար հարց՝ կարո՞ղ էր նույն նպատակի համար հետագայում ընդունված նոր որոշմամբ յոթամյա ժամկետը փաստացի սկսվել զրոյից։ Եվ այստեղ իմ՝ որպես սեփականատիրոջ հարցը շատ պարզ է. եթե 2007 թվականից հաշվվող յոթամյա ժամկետի պահպանման հարցն ինքնին պահանջում է իրավական գնահատում, իսկ 2018թ. N332-Ն որոշման օրինականությունը վիճարկվում է վարչական դատարանում, ապա ինչպե՞ս կարելի է այդ ընթացքում շարունակել իմ գույքի հարկադիր օտարման գործընթացը՝ չլուծելով նաեւ Հանրապետության նրբանցք 8ա հասցեի 78.8 քմ եւ 244.44 քմ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների հարցը։

«Առավոտ» օրաթերթ
03.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել