Ադրբեջանցու կողմից ՀՀ տարածք ներթափանցումն ու Շաքիի բնակիչ կնոջը կրակելու դեպքը պետք է արձանագրվի որպես պետական համակարգի կողմից հնարավոր հանցավոր անգործության լուրջ դրսևորում։ Այս դեպքի համար պատասխանատու պաշտոնատար անձինք պետք է ենթարկվեն համապատասխան պատասխանատվության։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Մենք հարկեր ենք վճարում պետությանը, որպեսզի պետությունը ապահովի մեր անվտանգությունը։ Բայց այսօր ստացվում է, որ Սուրեն Պապիկյանը և Անդրանիկ Սիմոնյանն իրենց շքախմբերով անվտանգ շրջում են, մինչդեռ սահմանամերձ համայնքի բնակիչը, կինը ստիպված է անձամբ պաշտպանել իր երեք երեխաներին։
Սա արդեն պարզապես առանձին միջադեպ չէ։ Սա պետական համակարգի ամենակարևոր գործառույթի՝ քաղաքացիների անվտանգության ապահովման ձախողումն է»,- ասաց Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականին ևս, երբ երկու ադրբեջանցի ներխուժել էին ՀՀ տարածք, նրանց հայտնաբերելու և բռնելու գործում առանցքային դեր էին ունեցել հենց Կապանի սովորական քաղաքացիները. «Այսինքն՝ ստացվում է, որ պետությունն իր հիմնական գործառույթը՝ սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելը պատվիրակում է հենց քաղաքացիներին։ Բա դուք ինչի՞ համար եք։
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյան, դու ռիլեր նկարելո՞ւ համար ես, թե՞ ՀՀ քաղաքացիների փաստացի անվտանգությունն ապահովելու։
Անդրանիկ Սիմոնյան, դու ինչո՞վ ես զբաղված, որ մարդը կարողացել է անցնել սահմանը։ Ինչպե՞ս է նա անցել։ Առաջնագիծը համապատասխան կահավորում և տեխնիկական միջոցներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, վստահաբար՝ ոչ»։
Գրիգորյանի խոսքով, հատկանշական է, որ ադրբեջանական կողմի համապատասխան ծառայություններն են տեղեկացրել ՀՀ իշխանություններին ներխուժման մասին, իսկ դրանից հետո ՀՀ իրավապահները երկու օր շարունակ մարդուն չեն կարողացել հայտնաբերել: Ըստ Գրիգորյանի, որովհետև որոնման և հայտնաբերման համար չի օգտագործվել պետական ամբողջ անհրաժեշտ ներուժը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































