Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՏԵԿՏԻՎ՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԹԵՄԱՆԵՐՈՎ

Փետրվար 22,2002 00:00

ԴԵՏԵԿՏԻՎ՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԹԵՄԱՆԵՐՈՎ «Լրիվ տարբեր բաների մասին է խոսքը։ Չի կարելի երկու տարբեր փաստեր կապել իրար եւ դրանցից եզրակացություն անել։ Դետեկտիվ գրքեր հեչ չեք կարդո՞ւմ»,- այսպես արձագանքեց կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանն «Առավոտի» այն հարցին, թե արդյոք այն հանգամանքը, որ «ԱրմենՏելի» սարքավորումների հիմնական մատակարար «Ինտրակոմ» ընկերության սեփականատիրոջը Հունաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մասնավորապես փող լվանալու եւ խարդախության համար, ապացույցը չէ՞, որ իրավացի էր տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, երբ պնդում էր, որ «ԱրմենՏելը» Հայաստանում «փող է լվանում»։ Արդյո՞ք այս երկու մեղադրանքներն իրար հետ կապ չունեն։ Եզրակացության համար հիմք կարող են ծառայել հետեւյալ փաստերը. «Associated Press»-ի հաղորդագրության համաձայն, Հունաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Սոկրատես Կոկկալիսին առաջադրված խարդախության մեղադրանքն առնչվում է նրա «Ինտրակոմ» ընկերության գործունեությանը։ Երկրորդ փաստն այն է, որ «Ինտրակոմի» հետ «OTE»-ի եւ «ԱրմենՏելի» գործարքները, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, կենտրոնական տեղ են զբաղեցնում Հայաստանի կառավարության՝ «ԱրմենՏելին» ներկայացված մեղադրանքներում։ Մասնավորապես այդ ընկերությանն է 1999-ին անցկացված փակ մրցույթում չհիմնավորված կերպով նախապատվություն տրվել։ «Ինտրակոմից» արհեստականորեն թանկ սարքավորումներ են ձեռք բերվել եւ դրա հետեւանքով՝ շուրջ 19 մլն դոլարով ավելի ներդրում է հաշվարկվել։ Ընդհանուր առմամբ՝ անցած 4 տարիներին «Ինտրակոմը» ավելի քան 38 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր է շահել Հայաստանում։ Այնպես որ, «ԱրմենՏելի» հաշվետվությունները եւ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի զեկույցը ցանկացած դետեկտիվի չեն զիջում։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել